«Կուլտուրա» հեռուստաընկերությունը հաղորդում էր պատրաստել խորհրդային տարիների քաղբյուրոյի ամենահայտնի դեմքերից մեկի` ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի մասին: Պատմում են, որ նա փայլուն կրթություն ուներ եւ չտեսնված էր տիրապետում անգլերենին, սակայն բանակցությունների ժամանակ բացառապես խոսում էր ռուսերեն եւ ինքն էլ օգտվում էր զրուցակցի թարգմանիչների ծառայությունից, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանար ճիշտ կողմնորոշվելու համար ժամանակ շահել կամ որոշ դեպքերում էլ մանեւրել՝ մատնանշելով, թե թարգմանիչն այնպես չի թարգմանել: Այս հին, սակայն օգտակար ավանդույթը հասել է նաեւ մեր օրեր, եւ դիվանագիտության ու քաղաքականության մեջ հաջողությամբ աշխատում է: Այսինքն՝ բացարձակ բարդ չէ ասել կամ անել քայլ, որը կարելի է մեկնաբանել` ըստ ցանկության: Եվ ոչ մի կոնկրետություն:
Նման իրարամերժ մեկնաբանությունների հիմք է նաեւ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը՝ Մարզահամերգային համալիրի դահլիճներից մեկում հավաքել հայաստանյան կուսակցությունների ղեկավարներին եւ կոնսպիրացիայի քողի տակ քննարկումներ անել Ղարաբաղի խնդրի կարգավորման թեմայով: Նրանք, ովքեր որեւէ հույս չեն կապում նման քննարկումից, կարող են մխիթարվել գոնե այն փաստով, որ քաղաքական գործիչները՝ Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, հուսով ենք՝ Արամ Գասպարի Սարգսյանը, ՀՅԴ ներկայացուցիչը, էլի ուրիշներ, ստիպված են եղել հինգ ժամից ավելի հանդուրժել միմյանց ներկայությունը մոտ տարածությունից, չասել, սակայն միմյանց մասին մտածել այն, ինչ հրապարակայնորեն եւ բարձրաձայն չես ասի եւ ոչ մի պարագայում:
ԱԺ-ից ժողովրդին ուղղված ուղերձում տված խոստումը՝ տարբեր թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ կազմակերպել կուսակցությունների հետ, ազնիվ քայլ է: Սակայն դատելով այն դերից, որ այսօր ունեն այդ կուսակցությունները մեր հասարակությունում եւ քաղաքական կյանքում՝ առհասարակ, դատելով հենց Սերժ Սարգսյանի վերաբերմունքից այդ կուսակցությունների հանդեպ, որն ակնհայտ էր հատկապես նախագահական ընտրություններից առաջ, ակներեւ է, որ սա ավելի շուտ ցուցադրական ելույթ էր՝ միտված մակերեսային տպավորություն թողնելուն: Ղարաբաղի թեմայով նման կազմով քննարկումներն արդյունավետ լինել չեն կարող անգամ մեծագույն ցանկության դեպքում: Նախ՝ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի բանակցությունների մանրամասները գաղտնի են, խիստ գաղտնի եւ հրապարակման ոչ ենթակա: Տեղեկատվության այն պաշարը, որ ունեն մեր քաղաքական կուսակցությունների ղեկավարները, այնքան է, որքան ունի յուրաքանչյուր թերթի ընթերցող: Այլ բան է, որ երկրի ղեկավարն իր համար ոչ բարենպաստ լուծումների դեպքում բանակցող կամ միջնորդ կողմին մերժելու ավելի մեծ ռեսուրս կարող է ունենալ՝ հիմնավորելով, թե դրան դեմ են քաղաքական կուսակցությունները:
Քաղաքական կուսակցությունների բոլոր ղեկավարներն անխտիր, վստահ ենք, գնահատել են Սերժ Սարգսյանի՝ իրենց հրապարակայնորեն կարեւորելու փաստը եւ շոյված դրանից՝ վստահեցնում են, որ քննարկումներն արդյունավետ էին եւ ընթացել են փոխադարձ հարգանքի մի ջերմ մթնոլորտում:
Իսկ Սերժ Սարգսյանը, կարող է վստահ լինել յուրաքանչյուրը, հրավիրված կուսակցությունների ղեկավարներին չի վստահում ավելի, քան ՀՀ ցանկացած անծանոթ քաղաքացու, հետեւաբար նրանց ներկայությամբ նա դժվար թե ասեր ավելին, ինչ կարելի է իմանալ, կրկնենք, ցանկացած լրագրից: Այնպես որ, արդեն ավտոմատ անարժեք են դառնում նաեւ կուսակցությունների ղեկավարների դիտարկումները կամ կարծիքները այդ խորհրդակցությունից:
Գլխավոր փաստարկը, որ այս հանդիպումը գոնե Սերժ Սարգսյանի համար կարեւորություն կամ լրջություն չի ներկայացնում, այն է, որ նա չափից լավ է ճանաչում բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այդ փակ-գաղտնի քննարկմանը: Նրանցից գրեթե յուրաքանչյուրի հետ նման հանդիպումներ, հասկանալի է, ավելի նեղ շրջանակով եւ ամենեւին ոչ Մարզահամերգային համալիրում, նա գոնե նախագահական ընտրություններից առաջ ունեցել է: Այսինքն՝ բոլոր մասնակիցները միմյանց մասին գիտեն ամենեւին ոչ հաճելի կամ պատվաբեր ինֆորմացիան:
Պարզապես այս ձեւաչափով քննարկումները լիցքաթափում են ենթադրում այնտեղ, որտեղ որեւէ լիցք կուտակված չէ, ուր կա համերաշխություն բոլոր հարցերում:
Ինչ վերաբերում է ընդդիմության մերժմանը՝ մասնակցել այս խորհրդակցությանը, ապա նախ՝ ընդդիմության առաջնորդի դիրքորոշումը հայտնի է բոլորին, եւ նա դժվար թե որեւէ նոր ասելիք ունենար կամ այն ներկայացնելու համար օգտագործեր այդ ամբիոնը, առավել եւս, որ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրավեր չէր ստացել: Իսկ քաղբանտարկյալների հարցը բարձրացնելը՝ որպես հանդիպման հրավերը մերժելու հիմք, խիստ հասկանալի է: Եթե քննարկման մասնակից կուսակցականները հանգիստ բանավիճում են Ղարաբաղի հարցի հնարավոր կարգավորման տարբերակներից, ապա խոհեմ կլիներ հաշվի առնել այն, որ այսօր անազատության մեջ են նաեւ մարդիկ, ում պայքարի շնորհիվ է, որ կուսակցական այս գործիչները քննարկելու կամ Հայաստանի համար շահեկան փոխզիջումների մասին հինգ ժամ խոսելու նյութ ունեն: