Անցնում են շարքային քաղաքացիներին

23/11/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

2009-ից իրենց գույքն ու եկամուտները կհայտարարագրեն ոչ միայն պաշտոնյաները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք, այլ այն քաղաքացիները, որոնց կատարած գործարքների գումարները տարվա ընթացքում կգերազանցեն օրենքով սահմանված չափը:

Նման կարգ, ինչպես ասում է Պետական եկամուտների կոմիտեի Սպասարկման վարչության հաշվետվությունների բաժնի պետ Հովհաննես Ժամկոչյանը, այսօր գործում է բոլոր զարգացած երկրներում: «Միայն ԱՄՆ-ում տարեկան շուրջ 175 միլիոն հայտարարագիր է ստացվում ֆիզիկական անձանցից, եւ դրա հիման վրա գանձվում է շուրջ 880 միլիարդ դոլարի հարկ, որը կազմում է նրանց բյուջեի հարկային եկամուտների մոտ 44%-ը»,- նշում է Հ. Ժամկոչյանը: Հիշեցնենք, որ Հայաստանում պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց համար եկամուտների հայտարարագրումը պարտադիր է 2001-ից: 2002թ. հայտարարագիր լրացրել է շուրջ 6 հազար բարձրաստիճան պաշտոնյա, իսկ 2003-2007թթ.` իշխանության միջին եւ բարձր օղակների շուրջ 55 հազար պաշտոնյա: Ընտրական օրենսգրքի պահանջով գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնում են նաեւ թեկնածուները բոլոր տեսակի ընտրությունների ժամանակ: Սրա շնորհիվ մամուլում պարբերաբար հրապարակվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մոտ ազգականների եկամուտները, ինչպես նաեւ՝ նրանց պատկանող բնակարանների, մեքենաների քանակը, արժեքները: Ա. Ժամկոչյանը նշեց, թե ովքեր կարող են հանդիսանալ փոխկապակցված անձ: Այդպիսի անձ կարող է հանդիսանալ պաշտոնատար անձի ամուսինը, համատեղ ապրող ծնողը եւ համատեղ ապրող չափահաս չամուսնացած զավակը, պաշտոնատար անձի չամուսնացած լինելու դեպքում` համատեղ ապրող ծնողը եւ համատեղ ապրող չափահաս, չամուսնացած քույրը կամ եղբայրը: Ինչ վերաբերում է քաղաքացիներին, նշենք, որ նրանք «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքի» համաձայն՝ հայտարարագիրը լրացնելու են նախորդ տարվա եկամուտների մասով: Մասնավորապես, ըստ Հ. Ժամկոչյանի, մինչեւ 2009թ. ապրիլի 15-ը հայտարարագիր է տրվելու 2008-ի հունվարի մեկից դեկտեմբերի 31-ը ստացված եկամուտների համար: Այնուամենայնիվ, գույքն ու եկամուտները հայտարարագրելու են ոչ բոլոր քաղաքացիները: Ֆիզիկական անձինք կհայտարարագրեն իրենց անշարժ գույքը, եթե տարվա ընթացքում ձեռքբերումների կամ օտարումների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 միլիոն դրամը: Ինչ վերաբերում է եկամուտներին, շարժական գույքին, արժեթղթերին ու փոխառություններին, ապա հայտարարագրումը պարտադիր կլինի, եթե տարվա ընթացքում դրանց ձեռքբերումների կամ օտարումների ընդհանուր գինը գերազանցի 8 միլիոն դրամը: Հայտարարագիրը կարելի է ներկայացնել անձամբ, փոստի միջոցով, օրենսդրությամբ էլեկտրոնային ստորագրության սահմանման դեպքում` էլեկտրոնային փոստով կամ լիազորագիր ունեցող անձի միջոցով: Ֆիզիկական անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման հիմնական նպատակը պետական եւ համայնքային բյուջեների նկատմամբ անձանց ունեցած պարտավորությունների կատարման վերահսկողության իրականացումն է: Սա նաեւ հնարավորություն կտա առավել արդյունավետ ճանապարհով ստուգելու այն կազմակերպությունների վճարած հարկերը, որոնք քաղաքացիներին եկամուտներ վճարելիս պահում են եկամտահարկ: Բնականաբար, նախատեսված են նաեւ պատասխանատվության միջոցներ հայտարարագիրը չներկայացնելու կամ ներկայացրած հայտարարագրում եկամուտները սխալ արտացոլելու համար: «Եթե տարբեր մարմիններից, ասենք՝ Կադաստրի պետական կոմիտեից, մենք ստանում ենք տվյալ քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ, որոնք չեն համապատասխանի նրա ներկայացրած հայտարարագրին, կարող է իրականացվել հսկողություն եւ եկամուտների հայտնաբերման պարագայում կկիրառվի 10% տուգանք»,- նշեց Հ. Ժամկոչյանը: