Բարեգործական համերգ

23/11/2008

Երեւանի երեք երաժշտական կրթօջախների (Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի, Կ.Սարաջյանի անվան երաժշտական եւ Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցների) սաները նոյեմբերի 24-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգան «Քեզ համար, Հայաստան» խորագրով բարեգործական համերգով, որի հասույթը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008-ին»: Այս նախաձեռնությունը կլինի պատանի երաժիշտների ներդրումը հիմնադրամի որդեգրած գյուղական զարգացման ծրագրին: Համերգում ներառված կլինեն հայկական, արեւմտաեվրոպական դասական ստեղծագործություններ, որոնց կատարմամբ հանդես կգան դպրոցների լավագույն սաները, այդ թվում` միջազգային մրցույթների դափնեկիրներ: Կհնչեն նաեւ երգչախմբային կատարումներ: «Հիմնադրամին նվիրված բարեգործական համերգներով մեր դպրոցների սաները նախկինում էլ են հանդես եկել: Կարծում եմ, ազգային տուրքին մասնակցելը յուրաքանչյուրիս պարտքն է, եւ հայրենիքի նկատմամբ նվիրումի գաղափարը հենց նման միջոցառումներով է ներմուծվում»,- ասել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: «Էականն այն գումարները չեն, որ հավաքվում են մեր երիտասարդ նվիրատուների ջանքերով, այլ այն դաստիարակությունը, որ նրանք ստանում են այս նախաձեռնության շնորհիվ, եւ այն գիտակցությունը, որ կրթությունը մի հզոր ուժ է, որն օգնում է ճանաչել ու սիրել հայրենիքը եւ օգնության ձեռք մեկնել, երբ դրա կարիքը կա»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: