Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը եւ՛ հայաստանցիների, եւ՛ օտարերկրացիների մոտ ֆենոմենալ հաջողություն ունի։ Եվ երբ մտածում ես՝ ի՞նչը կարելի է որպես Հայաստանի արվեստի սիմվոլ ներկայացնել օտարերկրացի հյուրերին, առաջին հերթին հենց այդ գեղեցիկ ու գունեղ թանգարանն ես մտաբերում՝ հասկանալով, որ Փարաջանովի տաղանդն այն այցեքարտն է, որը ցուցադրելով միայն, արդեն իսկ շատ բան կարելի է ասել մեր գեներում կուտակված երեւակայության մասին։ Տարբեր երկրներում ապրող մարդիկ դժվարությամբ են մտաբերում, թե որտե՞ղ է գտնվում Հայաստանը, սակայն գրեթե բոլորը լսել են Փարաջանովի անունը, տեսել են նրա ֆիլմերն ու կոլաժները։ Եվ հենց Փարաջանովի շնորհիվ էլ նրանք իրենց համար բացահայտում են Հայաստանը։
Թեեւ այդ թանգարանը ամենաշատ այցելուներ ունեցող երեւանյան թանգարանն է, սակայն թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, միեւնույն է, մտահոգվում է, երբ տեսնում է, որ թանգարան այցելելու ավանդույթը մեզ մոտ չի զարգանում։ «Մարդը պիտի շաբաթը մեկ թանգարան այցելելու ներքին պահանջ ունենա։ Եվ եթե նա դա անում է, ապա անկասկած ինքն էլ է փոխվում, դառնում է ավելի բարի, գեղեցիկ, մաքրասեր»,- համոզված ասում է նա։ Զարմանալի իրադրություն է ստեղծվել. երբ խոսում ենք արվեստի ներգործության մասին, շատ սահուն կերպով անցնում ենք կենցաղային մաքրության խնդիրներին։ Լուսանկարիչ Զավեն Սարգսյանի համար այդ երկու երեւույթներն անանջատ են։ Նա ստորացուցիչ չի համարում կռանալն ու այցելուների թափած թղթի կտորը հատակից բարձրացնելը։ Մեծ հաճույքով գեղեցիկ մարդկանց լուսանկարելուց բացի՝ Զավեն Սարգսյանը նախընտրում է նաեւ գեղեցիկ միջավայր ստեղծել իր ղեկավարության տակ գտնվող թանգարանում։
Շատերն այստեղ են գալիս՝ ոչ միայն սրահներում շրջելու, այլեւ՝ իրար հետ զրուցելու կամ թանգարանի փոքր պարտեզում խորհելու համար։ Թանգարանի մթնոլորտն է այդպես տրամադրում։
– Փարաջանովի թանգարանը տարբերվում է երեւանյան այլ թանգարաններից հենց իր հանգիստ ու լուսավոր մթնոլորտով։ Ինչո՞ւմ է դրա գաղտնիքը։
– Իհարկե, մեծ դեր է խաղում Փարաջանովի կերպարը։ Նա մագնիսական ուժ ունի, մարդկանց իր մոտ է ձգում։ Շատ անգամ նկատել եմ, որ մարդիկ գալիս են թանգարան ու չեն կարողանում հեռանալ, ժամերով շրջում են դահլիճներով, նստում են այգում, հետո նորից են թանգարան մտնում։ Մի քանի օր առաջ մի ճապոնացի տղա էր եկել, նա առավոտյան եկավ ու երեկոյան գնաց, անընդհատ պտտվում են Փարաջանովի գործերի մոտ։ Փարաջանովն այնքան հարուստ աշխարհ է ստեղծել, որ մտնելով այդ աշխարհի մեջ՝ մարդիկ կտրվում են առօրյայից։ Նրա ստեղծած աշխարհն այնքան գեղեցիկ է, որ ճաշակ է թելադրում։ Իսկ դա շատ կարեւոր է, քանի որ մեր չորս կողմն անճաշակություն է՝ ճարտարապետությունից սկսած, մարդկանց տգեղ վարվելակերպով վերջացրած։
– Ո՞րն եք համարում ամենացայտուն անճաշակությունը։
– Մարդիկ հանդուրժում են իրենց կողքի աղբը, կեղտը, տգեղ երեւույթները։ Սարսափելի է, երբ մարդիկ սովորում են այդպես ապրել ու այլեւս ռեակցիա էլ չեն տալիս։ Փարաջանովն, օրինակ, ասում էր, որ արվեստը պարզապես գեղեցկություն է։ Երբ կողքդ գեղեցիկ ու մաքուր է, դու էլ ես փոխվում։ Նա ոչնչից, ուղղակի աղբից ու թափոններից էր գեղեցկություն ստեղծում ու միշտ կրկնում էր, որ ուզում է մարդիկ հասկանան, որ կյանքի իմաստը հենց գեղեցկություն ստեղծելու մեջ է։ Նա կողքին այնպիսի մթնոլորտ էր ձեւավորվում, որ մարդիկ ուզում էին ավելի տաղանդավոր, ավելի գեղեցիկ, ավելի բարի երեւալ, եթե նույնիսկ իրականում այդպիսին չէին։ Իսկ դա նույնպես մեծ շնորհք է։ Եվ ես իրականում տեսնում եմ, որ մարդիկ, նաեւ՝ պաշտոնյաներն ու տարբեր երկրների նախագահներն այս թանգարան այցելելով՝ դա զգում են։
Թանգարաններն առաջին հերթին մարդուն լիցք ու էներգիա են տալիս։ Հիշում եմ, որ մութ ու ցուրտ տարիներին մեզ մոտ էին գալիս նկարիչներն ու մի քանի թանգարաններում գտնվելուց հետո ասում էին՝ էներգիա ստացանք, հիմա գնում ենք աշխատելու։ Շատ մարդիկ կան, որոնք ասում են, թե թանգարաններ չեն սիրում։ Եվ դա ասում են՝ նկատի ունենալով մեր այսօրվա թանգարանների քարացած ֆորման։ Չի կարելի մեկ օրվա ընթացքում թանգարան, նույնիսկ շատ լավ թանգարան սարքել ու հետո այլեւս ոչինչ չանել. թանգարանում ամեն օր է պետք գործ անել։ Հիմա, երբ ես արդեն 60 տարեկան եմ, լուրջ մտահոգվում եմ՝ թե ո՞վ պետք է ինձանից հետո թանգարանը ղեկավարի։ Այնպիսի մարդ է հարկավոր, ում հոգին ցավում է, ով ամեն օր գալիս է, շրջում է թանգարանում, փնտրում ու վերափոխում է։
– Պե՞տք է արդյոք այցելուների քանակի մասին մտածել ու գովազդել թանգարանները, թե՞ եկողը, միեւնույն է, գալու է։
– Հիմա մեր թանգարաններում կարելի է հիմնականում նույն մարդկանց տեսնել։ Թանգարաններ այցելելու ավանդույթ չկա։ Բայց ամեն դեպքում այցելուների ետեւից ընկնել պետք չէ, թանգարան այցելելը պետք է ներքին պահանջ լինի։ Երբ ես երիտասարդ էի ու դեռ թանգարանում չէի աշխատում, սովորություն ունեի աշխատանքի ընդմիջման ժամերին թանգարան գնալ։ Հավատացնում եմ ձեզ, որ նույնիսկ այդ մեկ ժամը, որը ես տարբեր թանգարաններում էի անցկացնում, լրիվ փոխում ու հանգստացնում էր ինձ։ Ես սկսում էի ամեն դժվարություն ավելի հանգիստ ընդունել, ավելի սթափ լինել։ Հավերժականի հետ շփվելով՝ հասկանում ես, որ այս վայրկյանին ծագած քո հուզմունքը շատ մանր ու անցողիկ բան է, որին ուշադրություն դարձնելն անգամ անիմաստ է։ Ծեծված բառեր եմ ասելու, բայց իրականում արվեստը մարդուն «բարձրացնում» է։ Իմ սիրած բանաստեղծ Կորժավինն այսպիսի տողեր ունի, նա ասում է, որ մեր կյանքի սպանդանոցում մեզ կարող են փրկել միայն մշակույթի բարակ պատերը։ Եվ հենց այդ բարակ պատերն են մարդուն ոչ թե կենդանի, այլ՝ մարդ դարձնում։ Միայն մշակույթն է հանում մեզ անասնային վիճակից։
– Փարաջանովի թանգարան հաճախ գալիս են նաեւ պաշտոնյաները։ Հավերժականի հետ շփումը փոխո՞ւմ է նրանց։
– Պաշտոնյան մինչեւ գալիս-հասնում է իր պաշտոնին, այնքան բաների միջով է անցնում, այնքան է հաստացնում իր «կաշին», որ դժվարությամբ կարող է արվեստը ընկալել։
– Չե՞ք կարծում, որ եթե սովորական մարդիկ տեսնեն, որ պաշտոնյաները, նախագահներն ու օլիգարխները հաճախ են գալիս թանգարան, նրանք էլ ակամայից կուզեն նմանվել նրանց, ու այդպիսով թանգարաններ, նաեւ՝ թատրոններ այցելելու յուրատեսակ մոդա կձեւավորվի։
– Շատ լավ բան են ասում անգլիացիները, երբ իմանում են, որ որեւէ մեկն ուզում է իր «գազոնը» մեծացնել, ասում են՝ գիտեք, հարկավոր է, որ սկզբում ծեր պապը խոտ տնկի, հետո՝ ձեր հայրը խնամի այն, եւ դրանից հետո միայն դուք կկարողանաք լավ «գազոն» ունենալ։ Մեզ ժամանակ է պետք, շատ բան անել հիմա չենք կարող։ Բայց եկեք չմոռանանք, որ մարդիկ կան, որոնք գյուղերում են ապրում, երբեւիցե իրենց կյանքում թանգարան չեն գնացել, բայց երբ մտնում են թանգարան՝ բերանները բաց է մնում, քանի որ ի ծնե նրանց մեջ նրբություն կա։ Բայց մարդիկ էլ կան, որոնք կարծես իրենց համար ամեն ինչ արդեն որոշել են ու մտածում են, որ կարող են առանց արվեստի լիցքերի ապրել։ Այ, այդ մարդիկ կյանքի վերջում կհասկանան, որ իրենց կյանքը լրիվ իզուր է անցել։ Եթե մարդու համար կյանքի իմաստը լավ մեքենա ունենալն է, այդ մեքենան ամեն օր տանել-լվանալն է, մեքենայի մեջ բարձր երաժշտություն միացնելն է, ապա պարզ է, որ այդ մարդը թանգարան չի գա։ Նրան անիմաստ է ստիպել թանգարան գալ։ Ես իրականում չգիտեմ, թե որքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ մարդը սկսի գեղեցիկը հասկանալ։
– Դուք հաճախ եք ասում, որ արվեստն ու շրջապատի մաքրությունը փոխկապակցված են։ Կարծում եք` թանգարան գնացող մարդն աղբը փողոցում չի՞ թափի։
– Այո։ Մեր օլիգարխներից մեկն, օրինակ, վերջերս եղել է աֆրիկյան երկրներից մեկում ու գետնին է գցել սիգարետը: Ապա տեսել է, որ իր գցած սիգարետը մի սեւամորթ անցորդ բարձրացրել ու աղբամանն է գցել։ Հետո մեր օլիգարխը թուղթ է գցել, սեւամորթը նորից այն բարձրացրել ու աղբամանն է գցել։ Այդ օլիգարխն ասաց՝ ես հասկացա, որ այդ երկրում մարդիկ աղբը գետնին չեն գցում։
– Հետաքրքիր է, որ մենք շատ ենք խոսում մեր դարավոր մշակույթի մասին, բայց ապրում ենք աղբի մեջ կորած բակերում ու փողոցներում։
– Այն մարդիկ, որոնք խոսում են դարավոր մշակույթի մասին ու ասում են, որ երբ մենք մշակույթ ունեինք` մյուս ազգերը ծառերի վրա էին ապրում, լավ կլինի հասկանան, որ դարավոր մշակույթը նրանց բոլորովին չի վերաբերում։ Մի պաշտոնյա վերջերս շատ հեգնանքով խոսեց քրդերի մասին՝ չիմանալով, որ այսօր քրդերը որպես անհատներ հազար անգամ մեզանից ավելի մաքրասեր են։ Իսկ այդ պաշտոնյան բոլորովին չի զարմանում, որ Հայաստանը աղբանոցի է վերածվել։ Ուզում եմ մի շատ հասարակ դեպք պատմել. երբ Վան քաղաքում էի, տեսա, որ մի բեռնատար մեքենայից մի կտոր փայտ ընկավ։ Փայտի վրա ցցված մեխեր կային, եւ անմիջապես բեռնատարի հետեւից ընթացող մեքենայի վարորդը արագ կանգնեց, վերցրեց այդ փայտն ու մի կողմ գցեց, որպեսզի հետեւից եկեղ մեքենաները հանկարծ չվնասվեն։ Հավատացնում եմ, որ եթե Հայաստանում փողոցի մեջտեղում մի մեծ քար ընկած լինի, ոչ ոք չի կանգնի ու այն չի վերցնի, որովհետեւ թքած ունի, թե ի՞նչ կլինի իրենից հետո։ Մեկ ուրիշ ճանապարհ էլ կա. Սինգապուրում, օրինակ, աղբի հարցը շատ արագ լուծեցին՝ տուգանքների չափը մի քանի հարյուր դոլարի հասցնելով։ Եվ մի քանի օրում լուծվեց փողոցների մաքրության հարցը։
– Փարաջանովի թանգարանում մարդիկ սովորաբար մեծ հաճույքով են լուսանկարվում։ Տիկնիկները, կոլաժները, հին կահույքն ու անցյալի մթնոլորտը շատ գրավիչ են։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այլ թանգարաններն արգելում լուսանկարելը։
– Եղեռնի թանգարանի տնօրենին՝ իմ կողմից շատ հարգված ու սիրված մարդուն, ես հազար անգամ հարցրել եմ, թե ինչո՞ւ այնտեղ չի թույլատրվում լուսանկարներ անել, ինչո՞ւ է թանգարանի մուտքի մոտ գրված, որ նկարելն արգելված է։ Ախր մենք ուզում ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Եղեռն է եղել, բայց միեւնույն ժամանակ` թույլ չենք տալիս, որ որեւէ մեկը լուսանկարի թանգարանը, տանի իր երկիրն ու ասի՝ սա Երեւանի Եղեռնի թանգարանն է։ Ես չեմ կարող հասկանալ, թե ինչո՞ւ, օրինակ, չի կարելի լուսանկարել Պատմության թանգարանում։ Կարծում եմ, որ դա անհեթեթ վիճակ է։ Փարաջանովի թանգարանում ով ուզում է՝ կարող է նկարել։ Շատ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե քարտեզի ո՞ր հատվածում է մեր երկիրը գտնվում։ Բայց չէ՞ որ այն մարդը, որը լուսանկարներ է արել, վերադառնալու է իր հայրենիք, հավաքելու է իր ընկերներին, ցույց է տալու նրանց իր լուսանկարներն ու ասելու է՝ ահա, տեսեք, ես Երեւանում եմ եղել։ Իսկ արգելելով լուսանկարելը, մենք միայն մեզ ենք վատություն անում ու ոչինչ չենք շահում։