Երեկ մի խումբ գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում են, որ միանալու են այսօր քաղբանտարկյալների կազմակերպած մեկօրյա հացադուլին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ութ ամսից ավելի բանտերում որպես պատանդ պահվող մեր քաղբանտարկյալ եղբայրները ս.թ. նոյեմբերի 20-ին մեկօրյա հացադուլ են հայտարարել` որպես «ԵԽ երկդիմության ու անհետեւողականության դեմ բողոքի նշան»: Ի համերաշխություն մեր ընկերների, ովքեր նույնիսկ բանտում ոչ մի վայրկյան չեն դադարում իրենց հերոսական պայքարը հանուն ազատ եւ ժողովրդավար Հայաստանի, մենք` ներքոստորագրյալ ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամներս, նույնպես ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը 00:00-ից հայտարարում ենք 24-ժամյա հացադուլ»: Հայտարարության տակ ստորագրել են Վարդան Հարությունյանը, Գայանե Մարտիրոսյանը, Տիգրան Խզմալյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Կարապետ Ռուբինյանը, Նորայր Նորիկյանը, Արշավիր Բոզինյանը: