Գիտակցում են «խառնաժողովի» նպատակը

23/11/2008

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀԺԿ ակտիվի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են հասարակությանը հուզող տարբեր խնդիրներ՝ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլը եւ լուծման հնարավոր հետեւանքները, միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա եւ Հայ Ազգային կոնգրեսի հետագա անելիքները: Հանդիպման ընթացքում հայտնի է դարձել նաեւ, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպելու է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ: Ըստ «Ա1+»-ի, Լ. Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաեւ այսօր քաղաքական ուժերի ղեկավարների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը: Նա ասել է, որ այդ հանդիպման ընթացքում քննարկելու հարց չկա. «Եթե մինչ օրս պաշտոնապես չեն հրապարակվել Մադրիդյան սկզբունքները, ի՞նչ պետք է քննարկեն»,- հայտարարել է նա` այդ հանդիպումը որակելով՝ որպես «խառնաժողով»: Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, այդ հանդիպման հիմնական նպատակն է Արեւմուտքին ապացուցել, որ քաղաքական դաշտում լիակատար փոխըմբռնում կա: Նա հիշեցրել է, որ արդեն Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ողջունել է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման փաստահավաք խմբի ստեղծումը եւ նրանում ընդդիմության ներկայացուցիչների ներգրավվածությունը: Այսօր կայանալիք հանդիպումով էլ, Լ. Տեր-Պետրոսյանի գնահատմամբ, «Սերժ Սարգսյանը ԵԽ ԽՎ բանաձեւում խստությունները կանխելու նպատակ է հետապնդում»: «Մենք ամեն ինչ գիտակցում ենք, եւ վստահ եմ, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունները շատ ճիշտ կգնահատեն իրավիճակը եւ որոշում կկայացնեն»,- ՀԺԿ-ականների հետ հանդիպման ժամանակ ասել է Լ. Տեր-Պետրոսյանը: