Դավիթաշենում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Նորքում հաղթեցին գործող
թաղապետերը, Հրազդանում եւ Սպիտակում՝ գործող քաղաքապետերը։ Մի խոսքով,
տպավորությունն այնպիսին է, թե հանրապետականները հաղթեցին եւ ապացուցեցին,
որ լուրջ ադմինիստրատիվ ռեսուրս ունեն։
Իրականում այս ընտրությունները մի քանի առումներով զգալիորեն տարբերվում
էին նախորդ ընտրություններից, ինչն ապացուցում է, որ Հայաստանում այսօր
միանգամայն այլ իրավիճակ է։ Որո՞նք էին այդ տարբերությունները։
1. Թեկնածուներն իրենց քարոզարշավներում գրեթե չէին խոսում այն մասին, թե
ընտրվելու դեպքում ինչպես են պատրաստվում ապագայում ղեկավարել համայնքը։
Ավելի շատ վիճում էին անցյալի վերաբերյալ՝ ով է ավելի շատ բան արել «խեղճ
ժողովրդի» համար, ով է ավելի քաջաբար կռվել Ղարաբաղում, եւ այլն։ Այսինքն,
բանավեճն այն մասին էր, թե մարդկայնորեն ով է ավելի արժանի համայնքապետի
պաշտոնին, ով պիտի ստանա այդ մրցանակը։ Սա խոսում է այն մասին, որ
թաղապետարանները վերջնականապես վերածվել են ավտոտնակի տարածք վաճառող
կոմերցիոն հիմնարկների։
2. Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների ձայները զգալիորեն
արժեզրկվել էին։ Խոսքն ընտրակաշառքների չափի մասին չէ։ Խոսքն այն մասին է,
որ այս անգամ թեկնածուները նույնիսկ մի կարգին ասֆալտ չարեցին։ Ըստ
երեւույթին, նրանք հասկացել էին, որ կարելի է այդ գումարներն ավելի
արդյունավետ օգտագործել՝ բաժանել հանձնաժողովների անդամներին եւ թաղային
հեղինակություններին (որպեսզի թաղային հեղինակությունները քվեաթերթիկներ
լցնեն, իսկ հանձնաժողովների անդամները չնկատեն)։
3. Ընդդիմությունն այս ընտրություններին մասնակցեց խիստ յուրօրինակ ձեւով.
ընդդիմադիր կուսակցությունները պարզապես հանձնաժողովներում ունեցած իրենց
տեղերը վաճառեցին թեկնածուներին՝ առաջնորդվելով «Եթե չես կարող դիմադրել,
թուլացիր եւ հաճույք ստացիր» կարգախոսով։ Հուսով ենք, խիստ սկզբունքային
այս գործելաոճից հետո ընդդիմությունը գոյացած ողջ հասույթը կօգտագործի
«Ազատ եւ արդար ընտրությունները Հայաստանի ապագայի գրավական» թեմայով
սեմինար կազմակերպելու համար։
4. Ընտրությունների ընթացքում եւ հետո լուրջ բախումներ տեղի չունեցան։
Պատճառն, իհարկե, ոչ թե այն էր, որ նախորդ ընտրություններից հետո
թեկնածուներն ազնիվ վարվեցողության դասընթացներ էին հաճախել, այլ այն, որ
վերեւից հրահանգ էր իջել՝ «խելոք մնալ»։ Այլ կերպ ասած, այս անգամ
թաղապետերը պարզապես նշանակովի էին։ Ընդ որում, թեկնածուներն իրենք շատ
լավ հասկանում էին դա, այդ իսկ պատճառով նախընտրած քարոզարշավի հիմնական
թեզերից մեկն այն էր, թե ով է ավելի հավատարիմ նախագահին։
Իսկ սա նշանակում է, որ իշխանությունները փաստորեն ընտրությունների
պատճառով խայտառակվելուց խուսափելու նոր մեխանիզմ են հայտնաբերել։
Ընդդիմությանը լռեցնում են՝ թույլ տալով մի քիչ փող աշխատել,
թեկնածուներին հրահանգում են համը չհանել եւ իրար վրա չբողոքել, եւ վերջ,
հարցը լուծված է։ Բողոքողներ չկան, ուրեմն ամեն ինչ նորմալ է։
Եվ այսպես, մեխանիզմը հայտնագործված եւ փորձարկված է։ Բայց արդյո՞ք
նախագահի համար վտանգավոր չէ, որ ամբողջ այս մեխանիզմը գտնվում է
հանրապետականների տրամադրության տակ, ավելի կոնկրետ՝ վարչապետի
վերահսկողության ներքո։ Իրականում սա վտանգավոր է միայն առաջին հայացքից։
Չէ՞ որ այդ մեխանիզմով ընտրություններ են իրականացվում, բայց նա, ում
ձեռքին գտնվում է այդ մեխանիզմը, ինքը նշանակովի պաշտոնյա է։ Այսինքն՝
ցանկացած պահի կարող է պաշտոնանկ արվել։ Ընդ որում, մեխանիզմը դրանից
ամենեւին չի տուժի։ Այն ամբողջովին կանցնի մեկ այլ նշանակովի պաշտոնյայի
հսկողության տակ եւ կշարունակի գործել նույնպիսի հաջողությամբ։
Մի խոսքով, այնքան էլ միանշանակ չէ, որ այս ընտրություններում
հանրապետականները հաղթեցին։ Նրանք ընդամենը պահպանեցին իրենց դիրքերը, եւ
այն էլ՝ միայն այն պատճառով, որ նախագահը թույլ տվեց։ Իսկ նախագահի համար
մեկ էր, թե ով կընտրվի թաղապետ։ Կարեւորը՝ բախումներ չլինեն։ Նա փաստորեն
հասավ իր նպատակին եւ հասավ հանձնաժողովներում ընդդիմադիր
կուսակցությունների ներկայացուցիչների շնորհիվ։ Սրանցից ոչ մեկն այդպես էլ
ոչ մի տեղամասում ոչ մի խախտում չարձանագրեց։
Ա՛յ, հենց սա էլ կոչվում է կազմակերպված պետություն։