Նպատակը վախեցնելն է

23/11/2008

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոս Հարաշտին իր մտահոգությունն է հայտնել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանի դեմ նոյեմբերի 17-ի հարձակման առիթով: «Լրագրողի դեմ բռնությունը «սովորական» հանցագործություն չէ, որովհետեւ այն հարվածում է ժողովրդավարության հիմնարար ինստիտուտին` խոսքի ազատությանը»,- գրված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված Հարաշտիի նամակում: Հարաշտին իր նամակում նաեւ անդրադարձել է Հայաստանում լրագրողների դեմ նախորդ բռնություններին, ինչպես, օրինակ, «Հայկական Ժամանակ» թերթի եւ «Ազատություն» ռ/կ լրագրողների դեմ հարձակումներին, որոնք դեռ բացահայտված չեն: «Նման հանցագործությունների նպատակը երկրի լրատվամիջոցների աշխատողներին վախեցնելն է եւ հետաքննական լրագրությանը խանգարելը»,- ասել է նա` շեշտելով` եթե չլինի առաջընթաց դրանց բացահայտման ուղղությամբ, ապա դրանք կհանգեցնեն լրագրողների դեմ նոր բռնությունների: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հետաքննել լրագրողների դեմ բոլոր հարձակումները եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել: