Հայաստանի Վերահսկիչ պալատի (ՎՊ) կողմից իրականացված վերջին աղմկահարույց բացահայտումներից հետո համապատասխան գերատեսչություններում սկսեցին խոսակցություններ շրջանառվել, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին «քցում» են իր աշխատակազմ ներթափանցած ոչ պրոֆեսիոնալ մասնագետները:
Ըստ այդ խոսակցությունների, հենց այդ ոչ պրոֆեսիոնալներն են պատճառը, որ Ի. Զաքարյանի յուրաքանչյուր ասուլիսից հետո շատերը հայտարարում են, թե ՎՊ կատարած ուսումնասիրությունները` կապված տարբեր գերատեսչություններում առկա չարաշահումների հետ, իրականությանը չեն համապատասխանում: Թե որքանով են իրավացի նման պնդումների հեղինակները, համաձայն որոնց` չարաշահումների վերաբերյալ ՎՊ հրապարակած փաստերն իրենց մեջ ճշմարտություն չեն պարունակում, այլ հարց է, եւ ՎՊ նախագահը հերթական ուսումնասիրությունների հետ իր փաստերն ու հիմնավորումներն է ներկայացնում, սակայն ակնհայտ է, որ ՎՊ աշխատակազմում բազմաթիվ են նաեւ այս կամ այն պաշտոնյաների ազգականները:
Ըստ լավատեղյակ աղբյուրների, Վերահսկիչ պալատում աշխատանքի ընդունվելու համար այսօր շատերն են «երանի տալիս», բայց քանի որ այնտեղ ընդունվելը, մեղմ ասած` այդքան էլ հեշտ չէ, ուստի այնտեղ մուտք ունեն միայն պաշտոնյաների հարազատները, կանայք, երեխաներն ու ազգականները: Բանն այն է, որ Վերահսկիչ պալատի նույնիսկ հավաքարարն անհամեմատ ավելի մեծ աշխատավարձ է ստանում, քան, ասենք, Ազգային ժողովի: Կամ, ասենք, որեւէ նախարարությունում աշխատող մասնագետի աշխատավարձը կրկնակի ցածր է, քան ՎՊ-ում աշխատող եւ ինչ-որ անհայտ ուղղությամբ մասնագետ ձեւակերպված աշխատակցի աշխատավարձը: Օրինակ, ՎՊ-ում աշխատող մասնագետի աշխատավարձը շուրջ 270.000 դրամ է, այն դեպքում, երբ մյուս պետական հաստատություններում մասնագետների աշխատավարձը լավագույն դեպքում 100.000 դրամ է: Բացի ֆինանսական այս «առավելությունից», որի կարիքը, բնականաբար, չունի որեւէ պաշտոնյայի երեխա, կին կամ եղբայր, ասում են՝ ՎՊ-ում աշխատելը նաեւ «պրեստիժնի» է, քանի որ տվյալ պաշտոնյան այստեղ-այնտեղ հպարտանում է, որ իր երեխան այնքան «խելոք» է, որ 20-21 տարեկանում աշխատում է Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատում: Իսկ սա մեր պաշտոնյաների համար, հավատացեք, գլուխ գովալու լուրջ թեմա է: Օրինակ, մեր տեղեկություններով, ՎՊ-ում են աշխատում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի քրոջ ամուսինը, Իշխան Զաքարյանի որոշ բարեկամներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի եւ նրա տեղակալ Թաթուլ Սողոմոնյանի դուստրերը, Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանի որդին (Ա. Գալոյանը նախկինում ՀԺԿ-ական էր, ով 2000թ. սահուն կերպով ՀԺԿ-ականից դարձավ իշխանամետ անկուսակցական ու աշխատանքի անցավ նախ՝ ԱԳՆ-ում, հետո` նշանակվեց դեսպան), «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահի տեղակալ Ալեքսան Կարապետյանի որդին, ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի («շշերի Մելո») ինչ-որ բարեկամ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կինը, ԱԺ նախկին նախագահ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի որդին, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի քույրը եւ այլ պատգամավորների փեսաներն ու երեխաները:
Պատկերը նույնն է նաեւ Վերահսկիչ պալատի վերին օղակների պաշտոնյաների դեպքում, որոնց Ի. Զաքարյանը ստիպված է եղել աշխատանքի ընդունել, քանի որ նրանց հիմնական մասը ՎՊ են գործուղվել ՀՀ նախագահական նստավայրից` դեռեւս Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Այսինքն` նրանց հիմնական մասը Ռ. Քոչարյանի «կադրերն» են: Օրինակ, ՎՊ խորհրդի կազմում որպես այդպիսին կարելի է համարել ՀԺԱՄ նախագահ, 2003-2007թթ. ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահին կից ՏԻՄ հանձնաժողովի նախագահ Սեյրան Ավագյանին, եւ երկար տարիներ ՀՀ նախագահականում (տարբեր վարչություններում) աշխատած Լիլիթ Գեւորգյանին, ով այժմ ՎՊ-ում համակարգում է ՀՀ Մշակույթի նախարարության, ԿԳ, Սպորտի եւ երիտասարդության նախարարությունների, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, ինչպես նաեւ՝ ՀՀ նախագահի, ԱԺ-ի, Կառավարության աշխատակազմերի, ՍԴ-ի, ԱԳՆ-ի, ՀՀ Դատախազության եւ Դատական դեպարտամենտի վերահսկողությունը: Իհարկե, նրանց գրեթե բոլորի կենսագրությունները հարուստ են այս կամ այն նախարարությունում ինչ-որ «կարեւոր» պաշտոններ զբաղեցնելու առումով, սակայն, երբ ծանոթանում ենք նրանց նախասիրություններին, հասկանում ենք, որ նրանց գերակշիռ մասը, մեղմ ասած` իր տեղում չէ: Օրինակ, ուշագրավ, միեւնույն ժամանակ՝ դժվար ըմբռնելի է, թե ինչպես է ստացվել, որ ՎՊ աշխատակազմի աշխատակիցները` գրեթե բոլորը, որպես նախասիրություն (ՎՊ-ի կայքում)՝ նշել են` «սպորտ, ճամփորդություն», կամ նախ` «ճամփորդություն», հետո՝ «սպորտ»: Գուցե մտածել են, որ հերթականությունը փոխելու դեպքում այն այլ կերպ կընկալվի…: Իհարկե, ՎՊ-ում կան նաեւ այլ հետաքրքիր նախասիրություն ունեցողներ: Օրինակ` ՎՊ խորհրդի անդամ Լեւոն Յոլյանը որպես նախասիրություն՝ նշել է` «Հայաստանում շախմատի զարգացումը»: Նա, թերեւս, նկատի ունի` շախմատը, այլապես դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է «Հայաստանում շախմատի զարգացումը» համարել որպես նախասիրություն:
Իսկ, օրինակ, վարչության 10 պետերից 4-ը միաժամանակ նախընտրում է եւ՛ սպորտը, եւ՛ ճամփորդությունը, 1-ը` միայն սպորտը, 1-ը` բիլյարդը, մյուսը սպորտի հետ նշել է նաեւ ընթերցանությունը կամ ձկնորսությունը, լեռնային տուրիզմը, իսկ մեկ այլ աշխատակից էլ խիստ «եզակի» երեւալու համար նշել է, որ սիրում է ճամփորդել թանգարաններով եւ հոգեւոր մշակութային կենտրոններով: Ինչեւէ, նրանց գոնե մի հատվածի նախասիրություններին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ նրանք ամենաքիչը իրենց ճիշտ տեղում չեն, որովհետեւ դժվար է պատկերացնել եւ լուրջ ընդունել բիլյարդի սիրահար վարչության պետի կատարած ուսումնասիրություններն ու հայտնաբերած չարաշահումները ՀՀ նախագահի, ԱԺ-ի, Կառավարության, ՍԴ-ի, Դատախազության աշխատակազմերում: Բայց, ամեն դեպքում, հանուն ճշմարտության չենք կարող չասել, որ նրանք, ի տարբերություն շատերի` անկեղծ են եւ գրել են այն, ինչ իրականում սիրում են: Ուղղակի չենք կարող նաեւ չնկատել, որ նրանցից շատերը, իրենց նախասիրությունների համաձայն` պետք է այսօր ոչ թե ՎՊ վարչության պետեր լինեին, այլ` տուրիստական գործակալության աշխատակիցներ կամ բորտ-ուղեկցորդներ: