Դորիան Գրեյի հայկական ֆենոմենը

23/11/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Նախորդ հինգշաբթի մեր նկարագրած նորօրյա հայ հերոսների շարքն, ինչպես նշել էինք, այդքանով չէր ավարտվում: Նրանց շարքին կարելի է ավելացնել «Անգլուխ ձիավորներին», որոնք մեր օրերում ավելի շատ «Անգլուխ ջիփավոր» են դարձել:

Եվ Մարգարիտաներին, որոնք հանուն իրենց «Վարպետների»՝ պատրաստ են անգամ սատանայի հետ գործարք կնքել: Ավելացնենք` «15-ամյա «ջահել» նավապետներին», վաղուց կորած «Ռոբինզոններին», որոնց վերջին շրջանում, չգիտես ինչու, ավելի հաճախ կարելի է գտնել Հնչակյան կուսակցությունում: Երեւի իրենց «Ուրբաթն» էլ սոցիալ-դեմոկրատներն են: Սակայն, եթե այդպես է, ապա մեր «Ռոբինզոնները ոչ թե Կրուզո են», այլ «Սինյոր Ռոբինզոն»: Որովհետեւ միայն սինյոր Ռոբինզոնի «Ուրբաթն» էր կին: Դե, իսկ Մոսիների քանակը Հայաստանում «զաշկալիտ» է անում: Բայց, այնուամենայնիվ, հայաստանյան քաղաքական դաշտում` ինչպես իշխանական եւ ընդդիմադիր, այնպես էլ օրիենտացիան կորցրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների մոտ, ամենաշատը հանդիպում են Դորիան Գրեյները: Եվ հենց այս Դորիան Գրեյների առատությունն այսօր կնկատվի Երեւանի մարզահամերգային համալիրում, որտեղ հայաստանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարները ՀՀ նախագահի հետ պետք է քննարկեն Ղարաբաղի հիմնահարցը:

Շատերին է պարզ, որ Մարզահամերգային համալիրում մեր Դորիան Գրեյները գնում են ավելի շատ «սեբյա պոկազատ, նա դրուգիխ պոսմոտրետ», քան Ղարաբաղի հարցը քննարկելու: Իհարկե, այդ քննարկումից հետո նրանցից շատերը, «R» տառի ներքո, մամուլին կհանձնեն իրենց դարակազմիկ մտքերը, որպեսզի հասարակությունը հերթական անգամ տեսնի, թե որքան «երիտասարդ եւ գեղեցիկ են իրենք», թեեւ «Նիկոլի թվից» բրոունյան` քաոտիկ շարժումների մեջ են: Բայց նրանք մոռանում են, որ այդ նույն հասարակությունը դեռ այս տարեսկզբին է տեսել իրենց «պորտրետները», որոնք իրենք երկար տարիներ մեծ հաջողությամբ թաքցնում էին ժողովրդից: Իսկ այդ «պորտրետներում» նրանք ոչ միայն ծեր էին ու անճոռնի, այլեւ բավական ծիծաղելի էին: Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյից» հայկական «Դորիանները» մի բանով են տարբերվում` մերոնք նկարի գաղտնիքը բացահայտվելուց հետո վերջնականապես չեն «մեռնում»: Եվ ժամանակ առ ժամանակ կենդանության նշաններ են ցույց տալիս: Եվ այսօր նրանք պետք է քննարկեն Ղարաբաղի հարցը: Բայց չէ՞ որ Ղարաբաղի քարտեզը նրանց համար ընդամենը այն «պորտրետն է, որը կարող է փոխվել, կնճռոտվել եւ ծերանալ»: Նրանց համար դա կարեւոր չէ: Միայն թե մնա այն խնդիրը, որը նրանց այդքան «երիտասարդ է» պահում արդեն քսան տարի: Եվ այդ դեպքում, անգամ հիսուն տարի հետո, միեւնույն է, իրենց կրկին կհրավիրեն Ղարաբաղի հարցը քննարկելու: Սա է մեր «Դորիան Գրեյների» կյանքի բարձրագույն նպատակը:

Իսկ ահա «անգլուխ ձիավորների» համար ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման 14-ամյա գործընթացը շատ լավ դաս էր: Աշխարհագրության դաս: Որովհետեւ, օրինակ, նրանցից շատերն իմացան, որ բացի «նաբերեժնու քյաբաբնոցից», աշխարհում կա նաեւ Մադրիդ անունով քաղաք (մադրիդյան սկզբունքների մասին վերջին օրերին շատ է խոսվում): Իհարկե, այդ նույն սկզբունքով նրանք համոզված են նաեւ, որ նախագահ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպել է ինչ-որ «Մայնդորֆ» քաղաքում: Չնայած իրենց ասվել է, որ նախագահը մեկնում է Մոսկվա: Նրանցից շատերին ոչինչ չի ասում նաեւ հռչակագրի դիվանագիտական լեզվով շարադրված տեքստը: Նրանք եռակողմ այդ հանդիպման մասին իրենց դատողություններն անում էին հեռուստաեթերից` հետեւելով կադրում ՀՀ նախագահի դեմքի արտահայտությունից` ինքնավստա՞հ էր, թե՞ «սիրտը նեղված», ժպտո՞ւմ էր, թե՞ ոչ, եւ այլն: Եվ որեւէ մեկը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւից, այդ հռչակագրի մասին տեսակետ չհայտնեց… մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որից հետո բոլորը կողմնորոշվեցին, թե գետի որ կողմում պետք է իրենք լինեն: Այսքանից հետո պարզ է, որ նման քաղաքական գործիչների միջեւ ԼՂՀ հիմնահարցի շուրջ քննարկում չի կարող ծավալվել: Ակամայից հիշեցի Պարույր Սեւակի մի ստեղծագործություն, որը կոչվում է՝ «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին եւ ճշգրիտ սարքերին»: Կարծում եմ, որ այսօր այդ ստեղծագործությունը կարող էր եւ այսպես հնչել.

Քննարկում եք, քննարկում…
Քննարկեք հապա, թե մեր քաղաքում
Քանի՞ «հաստավիզ» է քայլում անպատիժ,
Եվ թիվն ասացեք այն մանուկների,
Որ կարող էինք ունենալ այստեղ…
Բայց հիմա նրանք Լոսում են քայլում:
Քննարկեք հապա,
թե լիսկաներին պաշտպանելով
քանի՞ երեխա դեռ կարող է ծեծվել:
Եվ քանի քրիստոնյա հայ կդառնա «վկա»,
Եթե Վարդանիկն է համարվում քրիստոնյա:
Քննարկեք նաեւ, թե ինչպե՞ս է լինում,
Որ հայ ծերունին աղբ է քչփորում,
Քննարկեք նաեւ ձեր շրջապատում,
Թե ո՞ւմ է այսօր ազգն այդքան ատում,
Եվ պատգամավորները մեր անգրագետ
Քանի լրագրող են ծեծել ձեռի հետ:
Թե չէ` քննարկում եք, քննարկում եք, քննարկում…

Հ.Գ
. Վերջում, այնուամենայնիվ, մի օգտակար խորհուրդ` հայրենի կուսակցությունների ղեկավարներին: Բոլոր դեպքերում այսօր քննարկման գնալիս տաք հագնվեք` ձեզ հետ վերցրեք առնվազն մեկ զույգ բրդյա գուլպա եւ «կալսոն», քանի որ մտավախություն կա, որ Մարզահամերգային համալիրը դարձյալ չի ջեռուցվելու: