«Միացումը» բացահայտում է

23/11/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ մի շարք ուշագրավ բացահայտումներ են արել «Միացում» ազգային նախաձեռնության ղեկավարները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին՝ Վաղարշապատ եւ 18-ին՝ Արմավիր քաղաքների մշակույթի մայր օջախներում նրանք նախատեսել էին անցկացնել բաց սեմինար, որի ընթացքում պետք է ցուցադրվեր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արաքսից Կուր, Արցախից Ջավախք» վավերագրական կինոնկարը: Նախատեսված էր նաեւ բանախոսություն ՝ «Հայաստանի ազատագրված տարածքները եւ Հայոց պետականության ապագան» անվամբ: Վաղարշապատի եւ Արմավիրի քաղաքային իշխանությունները, ինչպես երեկվա ասուլիսում նշեց նախաձեռնության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սկզբում համաձայնել են միջոցառման անցկացմանը, սակայն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ խոսակցությունից հետո հրաժարվել են դահլիճ տրամադրել: Եվ արդեն միջոցառումներին նախորդող օրերին այդ մասին «Միացումը» տեղեկացած է եղել: «Ես դիմեցի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, քանի որ մինչ իր ընտրվելը նա խոսք էր տվել, որ այլեւս խոչընդոտներ չեն լինելու, պատգամավորները եւ ընդհանրապես ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունենալու իրենց սահմանադրական իրավունքները իրացնել: ԱԺ նախագահն ինձ ընդունեց, ես ասացի, որ

ԱԱԾ-ն խոչընդոտում է միջոցառմանը: Պարոն Աբրահամյանը ասեց, որ շուտով ինքը հանդիպելու է Սերժ Սարգսյանին եւ այս հարցերը նույնպես կքննարկի, կդիմի ԱԱԾ-ի պետին եւ ինձ պատասխան կտա: Մոտ մեկ ժամ հետո զանգահարեց Հ. Աբրահամյանը եւ ասեց, որ նախագահը շուտով ձեզ կհրավիրի, ձեր մտահոգությունները իրեն կհայտնեք: Պարոն Աբրահամյանն ասաց, որ պետք չի նման միջոցառումներ անցկացնել, դա Լեւոն Տեր-Պետրոսյանի պրոյեկտն է, որի մասին ես էլ տեղյակ չեմ»,- պատմեց Զ. Փոստանջյանը ասուլիսի ժամանակ: Իսկ «Միացում»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Քանանյանը հետաքրքիր տեղեկություններ հայտնեց Սերժ Սարգսյանի` անցած շաբաթ Ղարաբաղ կատարած այցի մասին: «Մեր ունեցած բավական հավաստի տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը գաղտնի հանդիպում է ունեցել Արցախի ղեկավարության եւ կարեւորագույն ուժային կառույցների ներկայացուցիչների հետ: Այնտեղ նրանց ասվել է, որ ինքը (Սերժ Սարգսյանը) վճռել է խնդիրը կարգավորել: Այսինքն՝ Հայաստանը իր զինված ուժերը հետ է քաշելու 5 շրջաններից, հետո 2 տարվա ընթացքում տեղի է ունենում հանրաքվե (սա նոր եւ ենթադրվող տեսակետ է), որից հետո Ադրբեջանին հանձնվում է նաեւ Քելբաջարի տարածքը: Մենք տվյալներ ունենք, որ ոստիկանապետերի, գյուղապետերի միջոցով այդ կարծիքը սկսում են պարտադրել բնակչությանը: Այսինքն՝ մարդկանց պարզունակ կերպով ասվում է, որ եթե դուք չեք ենթարկվի տարածքները հանձնելու մեր որոշմանը, ապա ձեր գլխին կրկին կպայթեն ռումբեր, պատերազմ կլինի»,- նշեց Ա. Քանանյանը: Սակայն նա վստահ է, որ Արցախի բնակչությունը դրանից չի ահաբեկվում, եւ որ պատերազմի սպառնալիքը ավելի իրական կլինի, եթե հանձնվեն ազատագրված տարածքները: Ա. Քանանյանի ասելով՝ այդ խուճապային տրամադրություններն արդեն իսկ վերափոխվում են Արցախի բնակչության միահամուռ զայրույթի: «Այդ զայրույթից իրոք վախենալով՝ Սերժ Սարգսյանը, այցելելով Ստեփանակերտ, ձեռնարկել էր պաշտպանական արտառոց միջոցառումներ: Բերվել էին տասնյակ հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչներ, նշանառուները տեղադրվել էին տանիքներում, այդ պատճառով Արցախի բնակչությանը պատճառվել է մեծ անհարմարություններ, եւ սա հարուցել է նրանց զարմանքը»,- ասաց նա: Բանախոսները նշեցին, որ որոշ տեղեկություններով՝ նույն կարգի հանդիպումներ տեղի են ունեցել նաեւ Հայաստանի ինչ-ինչ «հայտնի» վերլուծաբանների հետ: Ուշագրավ էին նաեւ Ժիրայր Սէֆիլյանի ենթադրությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կուսակցությունների ղեկավարների այսօր կայանալիք հանդիպման վերաբերյալ: «Եթե հետեւեիք Մինսկի խմբի համանախագահների վերջին ասուլիսին, կնկատեիք, որ նրանք բավականին զուսպ էին: Ես ենթադրում եմ, որ հայկական կողմը խնդրել է համանախագահներին փակագծերը չբացել՝ խոստանալով, որ առաջիկա օրերին իրենք դա կանեն: Վաղվա հանդիպումը հենց այդ գործունեության սկիզբն է լինելու: Ես կարծում եմ, որ նա կասի, որ առնվազն 5 շրջաններից պետք է դուրս բերվեն զորքերը, որ դրանց փոխարինելու են ռուսական զորքերը»,- հայտարարեց Ժ. Սէֆիլյանը:

Այսպիսով՝ «Միացում» նախաձեռնության ներկայացուցիչները դեմ էին ազատագրված տարածքներից անգամ մեկ սանտիմետր հող զիջելուն: Սակայն լրագրողները մասնավորապես Զ. Փոստանջյանին հիշեցրին, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը հայտարարել է, թե իրենք դեմ են «ոչ մի թիզ հող» սկզբունքին, եւ, որ դա տանում է փակուղի: Ա. Բախշյանը նշել է, թե ԼՂ հարցը պետք է լուծվի փոխզիջման հիման վրա, եւ առաջարկել, օրինակ, Աղդամը փոխանակել Շահումյանի հետ: «Մեր կուսակցության քաղաքականությունը բացարձակ համընկնում է «Միացում» շարժման դիրքորոշման հետ, եւ այստեղ որեւէ տարակարծություն չկա: Այն սահմանները, որ գոյություն ունեն այս պահին, դրա խախտումը անընդունելի է մեր կուսակցության կողմից: Այն, ինչ որ նշվել է ասուլիսի ժամանակ, լրագրողների կողմից ճիշտ չի ընկալվել»,- ի պատասխան` ասաց Զ. Փոստանջյանը: Նշենք նաեւ, որ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում վերահաստատել է, որ ԼՂ հարցի կարգավորման իրենց եւ ընդհանրապես՝ ողջ ընդդիմության դիրքորոշումը խիստ տարբերվում է իշխանության դիրքորոշումից: «Մենք փոխզիջում հասկանում ենք` տարածք տարածքի դիմաց, փախստականների վերադարձ բոլոր ուղղություններով, հաղորդակցության ուղիների բացում բոլոր ուղղություններով, եւ ԼՂՀ-ի անկախությունը չի կարող կասկածի տակ դրվել եւ փոխզիջման առարկա հանդիսանալ, իսկ իշխանությունները հասկանում են` տարածք` ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի իրացման դիմաց»,- նշել է նա: