Կիրակի, ինչպես միշտ, գնումներ կատարելու համար մտա տանս կողքի սուպերմարկետը: Այս անգամ այնտեղ «Բջնի» արդեն չկար: Իհարկե, «Բջնիի» փոխարեն կարելի է այլ հանքային ջուր խմել, եւ ընդհանրապես` քո ընտրածի փոխարեն քեզ պարտադրվածը օգտագործել: Բայց՝ եթե հասկանալի է այդպիսի փոխարինման գաղափարը, նպատակը, արդյունքները: «Բջնիի» փակման նպատակն ինձ հասկանալի չէ, իսկ արդյունքները շատ տեսանելի են: Աշխատանք կորցրեցին 400-ից ավելի մեր երկրի քաղաքացիներ, դադարեց բյուջեն սնուցել Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը, ոչնչացվում է առանց այն էլ սակավաթիվ արտահանող խոշոր ձեռնարկություններից մեկը, նորանկախ Հայաստանի ամենաճանաչելի բրենդը: Սա շատ յուրահատուկ պատասխան է համաշխարհային ճգնաժամի մարտահրավերներին: Ես, ինչպես նաեւ բոլոր հայ գործարարները, կողմ եմ հայրենի իշխանությունների բարի մտադրություններին ցանկացած հայկական ապրանքատեսակ համաշխարհային բրենդի վերածելու` այծի պանրից մինչեւ Գավառի գաթա: Բայց ոչ միայն խոսքով: Իսկ իրականությունն այնպիսին է, որ նորը մեզ մոտ ստեղծվում է միայն ցանկությունների տեսքով, իսկ ստեղծվածը շատ եռանդուն քանդվում է: Եթե ցանկանում ենք Հայաստանը ոտքի կանգնեցնել, բարեկեցիկ կյանք պարգեւել մեր քաղաքացիներին, ապա տնտեսությունը պետք չէ զոհաբերել ինչ-ինչ քաղաքական նպատակների: Հակառակ դեպքում, ոչ տնտեսություն կունենանք, ոչ պետությանը հավատարիմ գործարարներ, ոչ բարեխիղճ հարկատուներ: Փոխեք խաղի կանոնները, իշխանության հարգելի ներկայացուցիչներ:
Սերգեյ ՊՈՂՈՍՅԱՆ
գործարար