Առանց իրական ընդդիմության

23/11/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այսօր առավոտյան ժամը 11:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Հայաստանում գործող կուսակցությունների ղեկավարների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած խորհրդակցությունը:

Ըստ Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանի` հանդիպմանը հրավիրվել են 65 կուսակցությունների նախագահներ: Սակայն նա չասաց, թե խորհրդակցությունն ինչ ձեւաչափով է լինելու: Կուսակցությունների ղեկավարները հարցե՞ր են տալու, եւ Ս. Սարգսյանը պատասխանելու է, թե՞ լինելու են առաջարկություններ, քննարկումներ: Կամ գուցե ՀՀ նախագահը ներկայացնելու է ԼՂՀ խնդրի կարգավորման ներկայիս վիճակը, քանի որ, ինչպես երեկ Շուշիի առանձնակի գումարտակի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն էր ենթադրել, «հայկական կողմը խնդրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խնդրի էության փակագծերը չբացել` խոստանալով, որ առաջիկա օրերին իրենք կբացեն»:

Նշենք, որ հանդիպմանը հրավիրվել են նաեւ արմատական ընդդիմության ներկայացուցիչները: Իսկ Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նախօրեին հայտարարել էր, թե Կոնգրեսին մաս կազմող կուսակցություններն ազատ են իրենց քայլերի մեջ եւ մասնակցելու հարցը իրենք պետք է որոշեն: Բայց արդեն հայտնի է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների ղեկավարները հրաժարվել են մասնակցել այդ խորհրդակցությանը: Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արարատ Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ մյուս կուսակցական ղեկավարներն արդեն հայտարարել են, որ չեն ընդունում հրավերը: Միայն մարքսիստ Դավիթ Հակոբյանն է մասնակցելու խորհրդակցությանը: «Մենք ասելիք ունենք: Սա այն պահը չէ, որ ընդդիմություն եւ դիմություն խաղանք: Այսօր, եթե ազգի գլխին դիվանագիտական արհավիրք է կանգնած` միասնականությունը պարտադիր է: Ռուսները վերջին 200 տարվա պատմության մեջ երրորդ անգամ են Հայաստանը ողջակիզում իրենց դիվանագիտական հաղթանակների զոհասեղանին: Այստեղ հարկավոր է ռուսներին հասկացնել, որ կովկասյան տարածաշրջանում կորցնում են իրենց ամենագլխավոր ռազմավարական զինակցին: Եվ Պուտինին ու Մեդվեդեւին հարկավոր է հասկացնել, որ Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի իսկական շահերը դա հայ ժողովրդի ու Հայաստանի շահերն են»,- ասաց Դ.Հակոբյանը:

Ս.Սարգսյանի հրավերն ընդունել է նաեւ խորհրդարանական միակ ընդդիմադիր կուսակցության` «Ժառանգության» վարչության նախագահ Անահիտ Բախշյանը: ԼՂՀ խնդրի հետ կապված ի՞նչ հարցեր են հետաքրքրում տիկին Բախշյանին: «Շատ հարցեր կան, բայց թե կոնկրետ որը հարմար կհամարեմ` այս պահին դժվար է ասել: Կնայեմ` կկողմնորոշվեմ»,- ասաց Ա. Բախշյանը:

Մենք փորձեցինք նաեւ արտախորհրդարանական մյուս ուժերից տեղեկանալ, թե կմասնակցե՞ն ԼՂՀ խնդրի հետ կապված խորհրդակցությանը, եւ պարզեցինք, որ ՀԱԿ-ի անդամ կուսակցությունից բացի, մյուս բոլոր քիչ թե շատ հայտնի կուսակցությունների ղեկավարներն ընդունել են հրավերը: Եվ այսօր Ս. Սարգսյանի հետ խորհրդակցությանը կմասնակցեն մոտ 50 կուսակցությունների ղեկավարներ: Փաստորեն` առանց իրական ընդդիմության:

Բոլոր մասնակիցներն էլ հույս ունեն, որ այսօր Ս. Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կարեւոր հայտարարություն կանի: Խորհրդակցությանը մասնակցելու է նաեւ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը, բայց նա էլ դեռ չի կողմնորոշվել, թե ինչ հարցեր է հնչեցնելու:

Միջկուսակցական խորհրդակցությունների մասնակից վեց` ՍԻՄ, ԱԻՄ, Յուրի Մանուկյանի Միավորված կոմունիստական, Երիտասարդական, Քրիստոնեա-դեմոկրատական եւ Դեմոկրատական կուսակցությունները եւս մասնակցելու են եւ երեկ քննարկել են, թե ի՞նչ միասնական մոտեցումներ պետք է ներկայացնեն: «Բոլորն էլ համակարծիք էին, որ Արցախը դառնա բանակցային կողմ, եւ Հայաստանը պիտի այլ կերպ նպաստի Արցախի ինքնորոշման կայացմանը»,- ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Խորհրդակցությանը մասնակցելու են նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու իր համախոհները` Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանը, «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը: Վերջինս ասաց, որ այսօրվա հանդիպման համար տեսակետ եւ պատրաստված ծրագրեր ունի, բայց դեռ չգիտի` դրանց մասին խոսելո՞ւ է, որովհետեւ չգիտի, թե «միջավայրն ինչպիսին կլինի»: «Վերջին հաշվով ես այնտեղ բազմաթիվ մարդիկ եմ կորցրել, ընկերներ եմ կորցրել այդ պայքարում: Հանուն Արցախի ազատագրման, նաեւ անկախ Հայաստանի հիմնադրման՝ ես հրաժարվեցի ամեն ինչից: Եվ բնական է, որ այս հարցերի շրջանակում պիտի լինի իմ խոսակցությունը»,- ասաց Ս.Շահինյանը:

Խորհրդակցությանը մասնակցելու է նաեւ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, ով երեկ ներկայացրեց ԼՂՀ հարցի կարգավորման իր տեսակետը: Նա նաեւ ասաց, որ եթե հնարավորություն ստեղծվի, այսօր էլ իր տեսակետը կներկայացնի Ս. Սարգսյանին: «Մենք գտնում ենք, որ ի սկզբանե պետք չէր խաղալ 2 միջազգային նորմերի` ազգերի ինքնորոշման ու սահմանների անձեռնմխելիության հակադրության վրա: Մենք գտնում էինք, որ 88-94թթ. Ադրբեջանում ապրող հայազգի իրենց քաղաքացիների հանդեպ ադրբեջանական կառավարություններն իրականացրել են ցեղասպանություն, տիպիկ ցեղասպանություն: Մեր առաջարկն է, որ ստեղծվի Սփյուռք-Հայաստան միասնական իրավագետների, պատմագետների, միջազգային իրավունքի մասնագետների մի խումբ, որը հայցը ներկայացնի Հաագա, ինչպես Կոսովոյի, ինչպես մյուս հարցերը լուծվեցին ու անկախություն ստացան: Կոսովոյի տարբերակը շատ փայլուն տարբերակ է: Ինչ-որ մի Մինսկի խմբի տրվեց իրավունքներ, որը վերջնական խորհրդակցական մարմին է, ոչ մի որոշում չի կայացնում: Իսկ հարցը պարզապես պետք է բարձրացնել որպես ցեղասպանություն, որովհետեւ պատերազմ չէր, իրականում մի կողմը խաղաղ բնակչություն էր, մի կողմը` կազմակերպված բանակն էր,

ԿԳԲ-ն, Ոստիկանությունը: Եվ ցեղասպանության ալիքը սկսվեց Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, իսկ Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ չենթարկվել եւ վերջում դարձավ ագրեսոր: Ճիշտ է, հիմա զարգացումները մի փոքր այլ ուղղությամբ են գնացել, բայց էլի գտնում եմ, որ ուշ չէ, որ մենք միշտ պատրաստ լինենք, կամ ԼՂՀ-ն ինքը հարցը ներկայացնի Հաագայի միջազգային դատարան: Մենք կարող ենք ապացուցել, որ ցեղասպանություն է իրականացվել, եւ հաջորդ քայլը տեսնում ենք, որ ազատագրված տարածքները փոխհատուցում կլինեն սրի ու թալանի ենթարկված մոտ 400 հազար ժողովրդի համար»,- ասաց Հ.Առաքելյանը:

«Այն մարդիկ, ովքեր բանակցություններին չեն մասնակցում, ամենաքիչն են տեղեկացված: Համոզված եմ, որ նախագահը կներկայացնի որքան հնարավոր է տեղեկատվություն, եւ ինձ թվում է, որ նաեւ հարցերին կպատասխանի, քննարկում կլինի,- ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն ու անմիջապես իր պարտքը համարեց ավելացնել,- Ինձ համար տարօրինակ է, որ ընդդիմությունը չի մասնակցում այդ խորհրդակցությանը: Դա նաեւ իրենց հարցն է: Հանրահավաքները դադարեցրեցին Ղարաբաղի հարցի կարեւորության պատճառով, առավելեւս հիմա պիտի գան ու մասնակցեն»:

Ավելի ուշ պարզվեց, որ հանդիպման հրավերը չի ընդունել նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Կուսակցության վարչությունը երեկ նիստ է հրավիրել ու որոշել է չմասնակցել խորհրդակցությանը: