Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա արտահերթ նիստում վերջնական լիցենզիա է տրամադրել «Ֆրանս Տելեկոմ» ընկերությանը: Լիցենզիայի համաձայն, այդ ընկերությունը իրավունք է ստանում 15 տարով բջջային ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում: Ըստ այդմ, «Ֆրանս Տելեկոմը» ստացել է նաեւ էլեկտրոնային հեռահաղորդակցման ցանցի շահագործման, ինչպես նաեւ ռադիոհաճախականություններ օգտագործելու իրավունք: Եթե 4 շաբաթների ընթացքում նախնական լիցենզավորումից հետո մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չբողոքարկի մրցույթի արդյունքները, ապա դրանից հետո 2 շաբաթվա ընթացքում հանձնաժողովը հաղթողին կտա վերջնական լիցենզիա եւ թույլտվություն: Լիցենզիայի համաձայն, երկու տարվա ընթացքում ընկերությունը պարտավորվում է Հայաստանի 42 քաղաքում 1-ական գրասենյակ բացել, ստեղծել ենթակառուցվածքներ, ապահովել բացօթյա GSM-ծածկույթով: Բացի այդ, «Ֆրանս Տելեկոմը» պարտավորվել է երեք տարվա ընթացքում Հայաստանի 200 գյուղեր, ինչպես նաեւ միջքաղաքային, մասնավորապես, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհները ապահովել բացօթյա GSM-ծածկույթով: Երկու տարվա ընթացքում ընկերությունը պարտավորվում է ապահովել 3G ծառայությունների տրամադրում Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում:
Ընկերությունը կատարելու է նաեւ 200 մլն եվրոյի չափ ներդրում: Քննարկումների արդյունքում ընկերությունը հայտնել է, որ այդքան գումարով չի սահմանափակվի եւ կներդնի ավելին, քանզի պատրաստ է նաեւ դուրս գալ ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ կապի շուկա: Հիշեցնենք, որ մրցույթում հաղթած «Օրանժ» ընկերությունը լիցենզիա ստանալու համար առաջարկել էր վճարել 51,5 միլիոն եվրո: Ընկերությանը կտրամադրվի 055 եւ 095 կոդերը ներառող ռադիոհաճախությունները: