Ոստիկանական վիճակագրություն

23/11/2008

Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է ընդհանուր թվով 3 հազար 897 հանցագործություն, որը 462-ով կամ 13,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հանցավորության մակարդակը, միջինը 10 հազար բնակչության մակարդակով, կազմել է 30,81 տոկոս` նախկին 34,97 տոկոսի դիմաց: Հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է շուրջ 14 տոկոսով: Ծանր հանցադեպերի քանակն աճել է 262 դեպքով, իսկ առանձնապես ծանր դեպքերինը` 10-ով: Մայրաքաղաքում գրանցվել է հանրապետությունում հաշվառված հանցագործությունների շուրջ 53 տոկոսը` նախկին 51-ի դիմաց: Երեւանում են կատարվել նաեւ հանրապետությունում հաշվառված ծանր դեպքերով հանցագործությունների 57 տոկոսը եւ առանձնապես ծանր դեպքերի 56 տոկոսը: Այս տվյալները երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրել է ՀՀ Ոստիկանության Երեւանի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը` ամփոփելով Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության 2008 թվականի 10 ամիսների աշխատանքները: Նախորդ տարվա համեմատ` շուրջ 244 դեպքով աճել են քրեական հանցագործությունները, 66 դեպքով` տնտեսական հանցագործությունները: Ըստ Ա. Միրիջանյանի, նշված թվերի աճը հիմնականում տեղի է ունեցել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ավելացման հաշվին, որոնց թիվն ավելացել է 221-ով: Այդ թիվը նախորդ տարվա 1755-ի դիմաց` այս տարի հասել է 1977-ի, այդ թվում՝ 187 դեպքով աճել են անձնական գույքի գողությունները, 56 դեպքով՝ բնակարանային գողությունները: Ավազակությունների թիվն աճել է 41 դեպքով, կողոպուտներինը` 71-ով: Աճել են նաեւ անձի դեմ ուղղված հանցագործությունները շուրջ 74 դեպքով: Նախորդ տարվա 357-ի դիմաց այդ ցուցանիշը հասել է 431-ի: Ծանր մարմնական վնասվածքների հասցման դեպքերն աճել են 16-ով: Նշված ժամանակահատվածում Երեւանում գրանցվել է թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների նվազում: Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 20-ով, իսկ իրացման փաստերն ավելացել են 32-ով: Ա. Միրիջանյանի խոսքով, որոշ չափով բարելավվել են հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները: Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվն աճել է 12-ով, անցյալ տարվա 39-ի դիմաց` այդ թիվն այս տարի հասնում է 51-ի: Հրազենով կատարված հանցագործությունների թիվը նվազել է երկուսով, նախորդ տարի այն եղել է 40, իսկ այս տարի` 38: Անցկացված օպերատիվ հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ առգրավվել է բնակչության մոտ ապօրինի պահվող 122 միավոր հրազեն, նաեւ շուրջ 39 հազար 363 տարբեր տրամաչափի փամփուշտներ: Ոստիկանության վարույթում գտնվող գործերի բացահայտումը կազմել է 56,8 տոկոս` նախորդ տարվա 61,4-ի դիմաց: Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 53,1 եւ 53,8 տոկոս: Նշված ժամանակաշրջանում վարույթում եղել է 48 դիտավորյալ սպանության գործ, որից 13-ը փոխանցվել է 2007 թվականից: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ` 13-ը բացահայտվել են, 15-ը կասեցվել են, ընթացքի մեջ գտնվող 17 սպանության գործերից եւս 12-ը բացահատված են: Վարույթում գտնվող ավազակությունների դեպքերի բացահայտման ցուցանիշը կազմել է 56,9 տոկոս, որը նախորդ տարվանից ավելի է շուրջ 4 տոկոսով: Այս ընթացքում ձերբակալվել են նաեւ ավազակություն կատարող 16 հանցավոր խմբեր: Վարույթում եղած այդ կարգի 93 դեպքերից բացահայտվել է 41-ը, 31-ը կասեցվել է, իսկ 21-ը մնում է ընթացքի մեջ: Ավազակային հարձակում կատարելիս 9 դեպքով հանցագործները օգտագործել են դիմակ, 12 դեպքով այն կատարվել է հրազենով, 37-ը` սառը զենքով: Ոստիկանության Երեւանի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի գնահատմամբ` այս տարի ավազակային հարձակումների բացահայտման տոկոսը բարելավվել է: Այս ընթացքում մայրաքաղաքում անձնական գույքի կողոպուտների աճ է գրանցվել 71 դեպքով, աճել է նաեւ բացահայտման ցուցանիշը` այն կազմել է 50 տոկոս` նախորդ տարվա 42-ի դիմաց: Վարույթում եղած այդ կարգի 153 դեպքերից բացահայտվել են 57-ը, մնացածների մասով նախաքննությունները շարունակվում են: Գրանցված շուրջ 490 բնակարանային գողություններից 134-ի դեպքում հանցագործները ներխուժել են բնակարան պատուհանից, 138-ի` հարմարեցված բանալու միջոցով, 62-ի` փականը կոտրելու միջոցով: Հետախուզման մեջ գտնվող շուրջ 5 հազար 816 հանցագործներից հայտնաբերվել են 600-ը` նախորդ տարվա 597-ի դիմաց: Այդ թվում հայտնաբերվել է 8 մարդասպան, 10 ավազակ, 6 կողոպտիչ, 39 գող, 35 խարդախ եւ 334 զորակոչից խուսափող, որը կազմում է ծառայությունից խուսափողների 34 տոկոսը: Այս տարվա նոյեմբերի մեկի դրությամբ, հետախուզման մեջ են գտնվում 5 հազար 277 անձինք, նախորդ տարվա 5 հազար 478-ի դիմաց: Ներկայումս հետախուզման մեջ են գտնվում շուրջ 57 մարդասպաններ, 49 ավազակներ, 11 կողոպտիչներ, 26 վնասվածք հասցնողներ, 73 գողություն կատարողներ, 233 խարդախներ, 4 հազար 374 զորակոչից խուսափողներ: Այս տարի գրանցվել է անչափահասների կողմից կատարված 149 հանցագործություն, որը 96-ով քիչ է նախորդ տարվա համեմատ: