Նոր ծրագիր

23/11/2008

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում այս տարի կիրականացվի «Պարենային ապահովության տեղեկատվությունը գործողությունների համար» ծրագիրը: Այն նպատակաուղղված է պարենային ոլորտին առնչվող լուրերի մասին բնակչությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, տարբեր հաստատությունների եւ միջազգային կազմակերպություններին իրազեկմանը: Կազմակերպության հայաստանյան գրասենյակում «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ ծրագրի շրջանակներում աշխատող համակարգը, իր մեջ հավաքագրելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերլուծությունները, «Հայհիդրոմետի» կանխատեսումները, բազմամյա միջին արժեքի ու հանրապետության տարբեր գոտիներում աճող մշակաբույսերի վեգետացիոն փուլերի վերաբերյալ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ներկայացրած ճշգրիտ տեղեկատվական տվյալները, կարձանագրի եւ կհուշի, թե որ տարածաշրջաններին են սպառնում բնության տարերքները, եւ ինչպիսի կանխագելիչ միջոցառումներ պետք է ձեռնարկել դրանց դեմ: Ըստ մասնագետների` համակարգում կգործի նաեւ սոցիալ-տնտեսական տվյալների ու սննդի անվտանգության տեսակետների վերլուծման բանկ, որը հնարավորություն կտա պարզելու իրավիճակը հանրապետության մարզերում: Համակարգը հետազոտությունների եւ դասընթացների կազմակերպումից բացի՝ կաջակցի նաեւ հայկական ավանդական սննդամթերքների էներգետիկ արժեքների սահմանմանը: Տեղեկատվության հասանելիությունն ու փոխանակումը բարելավելու նպատակով ներկայումս կազմակերպությունը համապատասխան ուսուցման ծրագրեր է իրականացնում շահագրգիռ կազմակերպությունների եւ գերատեսչությունների հետ: Մասնագետների կարծիքով, Հայաստանի փորձը դրական մոդել կդառնա այն 20 երկրների համար, որոնք ցանկություն են հայտնել կիրառել վերոհիշյալ ծրագիրը: Ծրագրի ֆինանսավորումը կազմակերպել է Եվրոպական հանձնաժողովը: