Մայրաքաղաքում սկսվել են ծառերի սանիտարական էտումները: Ավանդույթ դարձած այս գործողության մասին քչերը գիտեն, այդ իսկ պատճառով փողոցում աշխատանքներին ներկա մեր համաքաղաքացիների` «Էս ի՞նչ են սկսել…» արտահայտությունը մեղմելու համար, ներկայացնենք տարվող աշխատանքների անհրաժեշտությունը: Էտման աշխատանքները, որպես կանոն, տարվում են վաղ գարնանը եւ ուշ աշնանը: Նպատակը մեկն է` ծառերը երիտասարդացնել: Հայաստանում կանաչապատման ոլորտի լուրջ մասնագետներ գրեթե չկան: Ըստ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիա Օսիպյանի` հատումների ժամանակ պետք է հաշվի առնել ծառի հատման խորությունը, եւ պետք է հատել միայն ծառերի ճյուղերի վերին ծայրերը: Սակայն մեր քաղաքի օրինաչափ շեղումներից մեկն էլ այն է, որ համատարած կատարվում են ծառերի խորքային էտումներ: Իսկ ծառերն այդպես էտվելով` կորցնում են իրենց սաղարթը, ինչի արդյունքում բիոմասը, որն ապահովում է թթվածինը, վերանում է, այսինքն` բույսը հայտնվում է սթրեսային վիճակում: Ծառերի էտումը հատուկ մշակույթ եւ մասնագիտական լուրջ մոտեցում է պահանջում: Հաճախ մեր համաքաղաքացիները բողոքում են, որ բնակելի շենքերի մոտ եղած ծառերը խանգարում են, եւ, որ բնակարան արեւ չի մտնում: Իհարկե, պետք է հաշվի առնվեն մարդկանց բողոքները, բայցեւ չպետք է մոռանալ, որ ծառերը մեզ պաշտպանում են աղմուկից, քամուց, փոշուց, եւ գլխավորը՝ ամռան աննախադեպ տապից: Այսօր մեր քաղաքում կան բազմաթիվ հիվանդ ծառեր, որոնք լրջորեն չեն բուժվում:
ԵՊՀ բուսաբան Աստղիկ Պողոսյանը որոշակի վերապահումներով գոհ է համայնքապետարանների կողմից ծառերի խնամքի շուրջ տարվող աշխատանքներից, բայցեւ նշում է, որ հիվանդ ծառերը նորերով փոխարինելու անհրաժեշտություն կա: Պետք է նաեւ մտածել նոր ծառատեսակների մասին, քանի որ քաղաքի փողոցներով անցնելիս միօրինակության զգացում է առաջանում: Ըստ «Կենտրոն կանաչապատում» ՍՊԸ-ի տնօրեն Ավագ Դանիելյանի` այսօր տեխնիկապես հնարավոր չէ արմատապես հիվանդ ծառը հեռացնել եւ արմատով նոր ծառ տնկել: Ի դեպ, էտման արդյունքում առաջացած փայտը տեղափոխվում է պահեստ, որտեղից եւ բաժանվում է համայնքի կարիքավորներին:
Գայանե ԱՍՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ