«ՀՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է»:
«Պաշտոնական անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին»:
«Պաշտոնական խոսքում ՀՀ քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը»:
«Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը»:
Վերոնշյալ տողերը մեր օրենսդրության մեջ ամրագրված հոդվածներից մի քանիսն են, որոնց կատարմանը հետեւելու է Լեզվի պետական տեսչությունը: Բոլորս էլ գիտենք, որ այդ օրենքներն ամեն քայլափոխի խախտվում են, իսկ որպես վերահսկող կամ գոնե նման փորձեր կատարող օղակ՝ այդ տեսչությունը շատ թույլ է: Թեեւ այն պետք է գրական հայերենի կանոնակարգումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածությունն ապահովի, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Հայաստանում հայերեն լեզուն ո՛չ անաղարտ է, ո՛չ էլ գրական է:
Տեսչությունն իր դերը հիմնականում տեսնում է արտաքին գովազդի, ցուցանակների, ցուցապաստառների ու պիտակների հայերեն լեզվով գրված լինելը վերահսկելու մեջ: Դրանք այն գործառույթներն են, որոնց խախտման դեպքում ակտ-արձանագրություն է կազմվում ու հանձնվում վարչական դատարան: Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանն ասում է, որ թեեւ պաշտոնական անձանց շուրթերից եւ հեռուստաէկրանից հնչող խոսքերը հաճախ չեն համապատասխանում օրենքին, այսուամենայնիվ, իրենք ոչինչ անել չեն կարող, քանի որ այդ դեպքերում մարդու իրավունքների հարց է ծագում: «Պատգամավորների խոսքը վերահսկելը ամոթ է, թեեւ մենք դա անում ենք ու գրավոր նամակներ ենք ուղղում Ազգային ժողով: Բայց պաշտոնական անձանց կողմից լեզվի անաղարտությունը վարչական խախտում չի համարվում»,- ասում է նա: «Իսկ արդյոք նամակները նրանց օգնո՞ւմ են» հարցին Լ. Միրզոյանը պատասխանում է. «Այո»:
Շուտով մենք կտեսնենք, թե ինչպես է Լեզվի տեսչությունը շրջելու Հայաստանի մայրաքաղաքում ու մարզերում ու ստուգելու արտաքին գովազդային վահանակների, պիտակների, խանութների ու սրճարանների անունների հայերեն լինելը: Կազմվելու են շրջայցային խմբեր, որոնց մեջ առնվազն երկու լեզվի տեսուչ է ընդգրկված լինելու: Լեզվի անաղարտությունը ստուգվելու է 10 օր շարունակ, եւ 10 օր գործելու է թեժ գիծ, որը կգրանցի խախտումների փաստերն ու արագ արձագանքման խմբեր կուղարկի նշված վայրերը: «Մենք կվերլուծենք այդ խախտումները եւ կմտածենք` ինչպե՞ս դրանք վերացնել»,- վստահեցնում է տեսչության պետը:
Լ.Միրզոյանը նեղսրտում է, որ իրենք չունեն այլ լիազորություններ, որոնք վերապահված են, ասենք, պետավտոտեսուչներին: «Մենք էլ ենք տեսուչներ, բայց չենք կարող տեղում ակտ կազմել ու տուգանել մարդկանց»: Հիմա տեսուչները կարող են ողջ տարվա ընթացքում միայն մեկ անգամ ստուգումներ անել, իսկ օրենքը խախտողները դա լավ հասկանալով` հանում են իրենց գովազդները կամ պատին փակցված օտարագիր տառերը, իսկ 3 օր անց կրկին կախում են դրանք: Ստացվում է, որ պահպանվում է օրենքի կետը, որը պարտադրում է 3 օրվա ընթացքում վերացնել խախտումները: Իսկ 3 օր անց ամեն ինչ վերադառնում է իր ելակետին: Տեսչությունն ընդամենը 16 աշխատակից ունի ու չի հասցնում կատարել այն հսկայածավալ գործը, որը պետք է կատարել: Իսկ եղած տեսուչների աշխատանքն ավելի է բարդանում, քանի որ օրենքը խախտողները նրանց առջեւ փակում են իրենց հիմնարկների դռները, անջատում են հեռախոսներն ու անպատվում տեսուչներին:
«Անաղարտ լեզվի տասնօրյակից» Լեզվի տեսչությունն ակնկալում է լրատվամիջոցների աջակցությունը: «Թող օրենքը խախտողները տեսնեն ձեր տեսախցիկներն ու զգաստանան: Օտարախտով տառապելը պետք է լինի մեր համընդհանուր մտահոգությունը»,- կոչ է անում Լ. Միրզոյանը: Եվ որպես իրենց հաջող աշխատանքի օրինակ` բերում է թուրքերեն լեզվով գրված մի ցուցանակի ապամոնտաժումը, որը վերջերս է արվել: Լ.Միրզոյանը լրջագույն վտանգ է տեսնում հատկապես դեղամիջոցների պիտակների, «Նոյ» ջրի ու հյութերի, «Վիվա Սելի» ու կոնյակի գործարանի արտադրանքի ոչ հայերեն շարադրանքի մեջ: Նա ասում է, որ այդ ընկերությունները հաճախ պատրաստ են լինում օրենքով նախատեսված 100 հազար դրամ տուգանքը վճարել, քան ուղղել, քանի որ հսկայական եկամուտներ ունեն, եւ տուգանք վճարելը նրանց համար դժվար չէ: «Մենք առաջարկում ենք օրենքում փոփոխություններ անել ու տուգանքի չափը բարձրացնել մինչեւ 300 հազար, իսկ առանձին դեպքերում նաեւ` 500 հազար դրամ: Թող գտնեն հայոց լեզվի մասնագետի ու շարադրանքը նրանց վստահեն»,- ասում է Լ.Միրզոյանը:
Իսկ ինչպե՞ս կարելի է կենցաղային հայերեն լեզուն ավելի մոտեցնել գրականին, եւ արդյո՞ք նեոլոգիզմների (օրինակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տերմինների ու արտահայտությունների) մուտքը լեզու չի ուշանում: Այս հարցերին Լ.Միրզոյանը պատասխանում է. «Հայերեն լեզուն անտեսված է: Հիմա խառնածին լեզվով կամ ընդհանրապես ոչ հայերենով ենք գրում: Մենք Տերմինաբանական կոմիտե ունենք, որը զբաղվում է տերմինաշինությամբ ու նոր բառերը դնում է շրջանառության մեջ: Միայն այդ կոմիտեի որոշմամբ է նոր բառը կյանք մտնում»: Իսկ ինչո՞ւ է հարկավոր թարգմանել ու, ինչպես ասում է Լ.Միրզոյանը` «հայրենացնել» բոլոր բառերը հարցին` Լեզվի տեսչության պետը պատասխանում է, որ իրենք չեն պարտադրում «ձմերուկը» «մեղրապոպ» անվանել, բայց, օրինակ, «բուլկի» բառը շատ լավ թարգմանվում է ու հայերեն հնչում է որպես «նկանակ»: Իսկ, օրինակ, երբ ուռոլոգին «միզաբան» ենք կոչում` փոքր-ինչ խեղաթյուրում ենք բժշկության այդ ճյուղի մասնագետին: Սակայն այդպիսին է Տերմինաբանական կոմիտեի որոշումը: «Իսկ կոմիտեի որոշումները պարտադիր են բոլորի համար»,- ասում է Լեզվի տեսչության պետը: Եվ քանի դեռ այդ կոմիտեն որոշել է, որ «սպորտը» հայերեն բառ է, բայց «սպորտային» բառն արդեն հայերեն չէ, մեզ մնում է միայն հնազանդ ընդունել այդ որոշումը, քանի որ «սպորտ» բառի համարժեքը դեռ չի գտնվել: