Ո՞վ է ում սպառնում

23/11/2008

«Պաշտոնական Մոսկվան Վրաստանի գործող վարչակազմի հետ շփումներ չի ունենա, քանի որ նրա գործողությունները դիտարկում է իբրեւ հանցավոր»,- այդ մասին նախօրեին Իժեւսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Համարում ենք նրանց գործողությունները հանցավոր, գտնում ենք, որ նրանք դրա համար պետք է պատասխանատվություն կրեն, եւ անձամբ այդ երկրի ղեկավարը եւս, բայց, ի վերջո, այդ հարցերը պետք է որոշի Վրաստանի ժողովուրդը»,- ասել է Մեդվեդեւը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իր հերթին, Թուրքիա կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ զգուշացրել եւ սպառնացել է Վրաստանին: «Մեզ անհանգստացնում է Վրաստանի ղեկավարության կողմից ռազմական ներուժի ծավալումը եւ երկիրը դեպի ՆԱՏՕ տանելը: Այդ գործունեությունը կարող է սադրել ավելի լուրջ հակամարտություն, քան այս տարվա օգոստոսի իրադարձությունները»,- նախօրեին Թուրքիայում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Նույն օրը Վրաստանի նախագահը ելույթ է ունեցել Իսպանիայում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում եւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ եվրոպական երկրներին կոչ արել պաշտպանել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: «Ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվության իմ մասը, Վրաստանը, երկրի կառավարությունը իր վրա է վերցնում պատասխանատվության իր մասը, բայց իրականությունը այսպիսին է` Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մենք տեսնում ենք միջազգային նորմերի ամենաագրեսիվ, ամենավրդովեցուցիչ, ամենախայտառակ խախտումները»,- Ռուսաստանի գործողությունների մասին հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին: