700 մլրդ-ը չի փրկի

23/11/2008

«700 միլիարդ դոլար ծավալով հակաճգնաժամային փաթեթը «համադարման» չէ ԱՄՆ-ի բոլոր տնտեսական խնդիրների լուծման համար»,- նախօրեին հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը: Նա եւ Համերկրային պահուստային համակարգի (ՀՊՀ) ղեկավար Բեն Բեռնանկեն ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների կոմիտեում հաշվետվություն են ներկայացրել ֆինանսական ճգնաժամից դուրս գալու պլանի իրականացման ընթացքի մասին: «Ֆինանսական համակարգում ծայր առած ճգնաժամն արդեն տարածվել է մեր տնտեսության վրա եւ վնասել այն: Ժամանակ կպահանջվի վարկավորում սկսելու եւ մեր ֆինանսական համակարգն առողջացնելու համար, ինչն անհրաժեշտ է տնտսվերականգնման համար»,- ասել է Փոլսոնը: Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ վարչակազմը որոշել է հրաժարվել խնդրահարույց ակտիվների գնման սկզբնական պլանից եւ մտադիր է կենտրոնանալ ֆինանսական միջոցները բանկերին ներարկելու վրա, որպեսզի բարձրացվի լուծարունությունը եւ դրանով իսկ խթանվի բնակչությանը վարկեր տալը: Փոլսոնի կարծիքով, սա ազգային ֆինանսական համակարգի կայունացման ավելի արագ եւ արդյունավետ մեթոդ է: Խնդրահարույց ակտիվների գնումը պետությունից վիթխարի ծախսեր կպահանջեր, իսկ վատթարացող ֆինանսատնտեսական պայմաններն ակնհայտ են դարձրել, որ սկզբնապես այդ նպատակների համար տրամադրված 350 միլիարդ դոլարը բավական չէր լինի, նշել է Ֆինանսների նախարարության ղեկավարը: Ըստ նախարարի՝ կարեւոր է որ վարչակազմն ուշադիր հետեւի տնտեսական իրադրության փոփոխմանը եւ դրան հարմարեցնի փոխհատուցման փաթեթի օգտագործման ռազմավարությունը: «Եթե մենք այս տարի ինչ-որ բան սովորեցինք, ապա դա այն է, որ ֆինանսական ճգնաժամն անկանխատեսելի է, եւ դրան դժվար է դիմակայել»,- խոստովանել է Փոլսոնը: Ֆինանսների նախարարի կարծիքին համաձայն է ՀՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն: Նա գտնում է, որ լուծարունության բարձրացման եւ ֆինանսական համակարգի կայունացման այլ քայլերի համար փոխհատուցման փաթեթն օգտագործելու նախարարության ունակությունը, ներառյալ խոշոր ֆինանսական ինստիտուտների սնանկացման կանխման քայլերը, «վճռական նշանակություն կունենա վարկային շուկաների նկատմամբ վստահության վերականգնման եւ դրանց բնականոն գործունեության համար»: