Գաղտնիք չէ, ոչ շատերի կարծիքով` Սերժ Սարգսյանը մեր երկրի ներքին քաղաքական հարցերի բազմակողմանի ձախողումը փորձում է կոմպենսացնել վարվող ակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականությամբ: Սակայն դա իր ցանկալի արդյունքն առայժմ չի կարող տալ, քանի որ այս փոխկապակցված աշխարհում մեր երկրի ու նրա ղեկավարի իրական հնարավորությունների մասին տեղյակ են գործնականում քաղաքական դաշտի բոլոր ակտիվ խաղացողները` լինի դա երկրի ներսում թե դրսում:
Դեռ մինչ մոսկովյան հանդիպումն առիթ ունեցել եմ ասելու, որ այդ հանդիպումից Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորման ակնկալիք պետք չէ ունենալ: Դա է պատճառը, որ այս ընթացքում հռչակագրի բովանդակային քննարկմանը հրապարակայնորեն չմասնակցեցի: Այն իր նշանակությամբ կարելի է համարել ընդամենը Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի տրամաչափի փաստաթուղթ, որով գործող նախագահն իր օրակարգով ու ժամանակացույցով հրավիրեց Ղարաբաղի հարցի կարգավորման հանրային քննարկում, ինչը ցույց տվեց, որ նախ` Ս. Սարգսյանը երկրի ներսում Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորման ռեսուրս չունի, եւ դա հստակ հասկացան նաեւ դրսում: Եվ հետո` երկրի ներսում էլ հասկացան, որ նախագահը դրսում Ղարաբաղի հարցի արհեստական ձգձգման ռեսուրս չունի: Այնպես որ, եթե Ս. Սարգսյանը շատ էր չարչարվում, որ ներսի եւ դրսի հանրությանն ապացուցեր, որ ինքը Քոչարյանի կուրսի շարունակողը չէ, ապա դա իրեն հաջողվեց, եւ իր վարած քաղաքականությունը ընդհուպ մոտեցրեց Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ի դեպ, երբ Տեր-Պետրոսյանը «Ա1+»-ին տված իր հարցազրույցում նշում էր, որ` մոսկովյան հանդիպումը, թեեւ իսկապես շրջադարձային, սակայն կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է, եւ այն ավարտվելու է դեկտեմբեր ամսին ԱՄՆ-ում, ինձ համար առնվազն տարօրինակ էր, քանի որ այդ հարցազրույցը նա տվել է նոյեմբերի 4-ին` ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը: Այսինքն` ի՞նչ. նա կարծում էր, որ ընտրված դեմոկրատ նախագահը գնացող ադմինիստրացիային կընձեռի տեւականորեն չկարգավորված կոնֆլիկտի կարգավորման պատի՞վը, թե՞ Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ Սպիտակ տանը շարունակելու էին պաշտոնավարել հանրապետականները եւ Ջոն ՄըքՔեյնը, որպես իր ընտրվելու երախտիքի նշան, մինչ իր պաշտոնը հունվարին ստանձնելը նման շնորհ պետք է աներ իր գնացող գործընկերոջը` Ջորջ Բուշին: Բայց այդ դեպքում պետք է փաստել, որ ամբողջ աշխարհում միայն քաղաքականությունից չափազանց անտեղյակներն էին կարծում, որ ներկա իրավիճակում հանրապետականներին կհաջողվեր շարունակել պաշտոնավարել Սպիտակ տանը եւս 4 տարի:
Ամերիկացի ընտրողի գիտակցության մեջ ծնված օրվանից արմատավորվում է, որ ինքը քաղաքացին է աշխարհի ամենահզոր երկրի, եւ նա ողջ կյանքն ապրում է այդ մշտական հպարտության զգացումով: Ուստի նա իր իշխանավորի աշխատանքը գնահատելիս առավելապես հաշվի է առնում, թե իր բարեկեցությունն աճե՞լ է, թե՞ նվազել: Բացի այդ` որքանով է ԱՄՆ-ը կարողացել հաջողությամբ իրականացնել մոլորակի «ոստիկանի» իր առաքելությունը, մեծացե՞լ է իր երկրի ազդեցությունն աշխարհում, թե՞ փոքրացել: Սակայն վերջին շրջանում ամերիկացիները տեսնում էին, որ իրենց բարեկեցությունն անկում է ապրում, ու դրան զուգահեռ` թերացել են նաեւ «համաշխարհային կարգուկանոնի» հաստատման գործում, մասնավորապես Իրաքի հարցում, երբ հաշված օրերի ընթացքում Սադամ Հուսեյնի վարչակարգից երկիրն ազատելուց հետո, տարիներով չեն կարողանում այնտեղ կյանքը նորմալացնել ու գործը տրամաբանական ավարտին հասցնել: Պետք է նշեմ, որ անգամ այս գործոններից մեկի հետընթացի պարագայում ընտրություններում գործող իշխանությունների հաղթանակը խիստ կասկածի տակ է դրվում, իսկ այս դեպքում հանրապետականների վերջին տարիների վարած քաղաքականության մեջ առկա էին երկուսը միասին, ուստի նրանց պարտությունը կանխորոշված էր: Եվ ինչ չափով որ Բուշի պաշտոնավարման տարիներին աշխարհը կասկածի տակ էր առել ժողովրդավարության հարցում ԱՄՆ-ի անկեղծ մղումները, այժմ ամերիկացիներն ընտրելով սեւամորթ Օբամային` թեպետ միանգամայն այլ չափորոշիչներով առաջնորդվելով, «ձեռքի հետ էլ» ամերիկյան ժողովրդավարությունը բարձրացրեցին ամբողջ մոլորակի համար ամենատեսանելի բարձրության վրա: Համոզված եղեք, որ մեկ այլ գրագետ հնարքով էլ լուծելու են տնտեսական ճգնաժամից իրենց դուրս գալու խնդիրը:
Այսօր մեզանում լայնորեն քննարկվում է նաեւ այն հարցը, թե ԱՄՆ ընտրված նախագահը հավատարիմ կմնա՞ արդյոք իր խոստմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Իհարկե, ունենք այս հարցում դառը փորձ, որ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները խիստ համոզիչ կերպով խոստանում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախագահ ընտրվելուց հետո հրաժարվում են իրենց այդ մտադրությունից: Ու եթե Օբաման ուզենա իր խոստմանը հավատարիմ մնալ, ապա պրոբլեմ է ունենալու Թուրքիայի իշխանությունների հետ, քանի որ նրանք ամերիկաթուրքական հարաբերությունները պայմանավորում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքով: Ուստի երկու կողմն էլ իրենց դիրքորոշումները կոշտացրել են ու ստեղծել փակուղային իրավիճակ: Եվ քանի որ Կոնգրեսի զույգ պալատներում Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն ունի, այլեւս չեն կարող ասել, թե անգամ եթե նախագահը կողմ լինի, միեւնույն է` հարցը համապատասխան ընթացակարգով անցկացնելու հնարավորություն չունի: Ահա այստեղ է, որ այս անելանելի վիճակից նրանց փրկելու հայտ է ներկայացրել Ս. Սարգսյանը, քանի որ Կոնգրեսում հանգիստ խղճով կարող են ասել, թե իրենց ընդունած որոշումը կխանգարի հայ-թուրքական նորմալացվող հարաբերություններին, որի սկիզբն արդեն դրված է եւ նախաձեռնողն էլ տուժող կողմն է` Հայաստանը: Ուստի ԱՄՆ նոր ադմինիստրացիան, փորձելով բարձր պահել ժողովրդավարի իր իմիջը, հարցն անպայման կքննարկի, սակայն ընդառաջ կգնա տուժող կողմին եւ չի ճանաչի ցեղասպանությունը, դրանով իսկ չփչացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ Հայաստանի իշխանությունների նման օգտակար քայլն էլ անկասկած բարձր կգնահատի: Բնական է, որ վերջիններս արեւմտյան թեւում իրենց գործն անելուց հետո «հաղթանակով» կվերադառնան Ռուսաստանի գիրկը` ասելով, թե իրենք Արեւմուտքի «խաթրն առել են»` ամենեւին վնաս չհասցնելով ռուսական շահերին: Եվ այս պարագայում կարծես թե բոլորը գոհ են, սակայն արդեն որերորդ անգամ տուժելու են միմիայն Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահերը:
Իհարկե, չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ի հայկական համայնքը Բարաք Օբամային աջակցելու որոշում էր կայացրել հենց միայն ցեղասպանության ճանաչման հարցում նրա դիրքորոշման համար, եւ Դաշնակցության դերակատարությունն այստեղ ամենաակտիվն էր: Բայց Հայաստանում նրանք իշխանության մաս են կազմում եւ դեռ չեն շտապում Ս. Սարգսյանի վարած քաղաքականության հետ կապված իրենց տարաձայնությունները համարել էական ու դուրս գալ կոալիցիայից կամ էլ ճնշում գործադրել նախագահի վրա, իսկ մինչեւ կգա այն պահը, որ կհասկանան, որ իրենք «քցվել են», այն էլ իրենց գործընկեր իշխանությունների կողմից, ժամանակ կանցնի: Եվ քանի որ մեր իշխանավորներն արդեն սկսել են Դաշնակցությանը վարկաբեկելու լայնամասշտաբ գործընթաց, երբ գա պահը, որ վերջիններս փորձեն իրենց դեմարշն անել, այն կլինի չափազանց ուշացած ու արդեն արժեզրկված: Այնպես որ` այժմ նրանք կանգնած են երկընտրանքի առջեւ` ո՞ր պահին են անելու վճռական քայլ եւ անելո՞ւ են, թե՞ ոչ: Ի դեպ, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում մեր իշխանությունների ջանքերն այնպիսի ջերմեռանդությամբ են պրոպագանդվում, որ դա ինձ ստիպեց սթափության կոչ անել ոմանց, եւ վերջերս մի քննարկման ժամանակ ասացի, որ կարծում եմ՝ Հրանտ Դինքի բախտը բերեց, որ իրեն շուտ սպանեցին: Հիշեք, թե այդ առիթով ինչ իրարանցում էր Հայաստանում` հանրահավաքներ, դատապարտող ելույթներ, էլ ինչ ասես, որ չտեսանք այդ օրերին: Աստված մի արասցե, որ հիմա սպանեին նրան` խայտառակ կլինեինք աշխարհով մեկ, քանի որ հիմա էլ մեզանում կսկսեին նրան մեղադրել, թե տեսնես ո՞ւմ պատվերով էր շահարկում ցեղասպանության հարցը եւ դրանով իսկ վնասում երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը: Չեմ կարծում, որ մեր երկրում շատերը կգտնվեն, որ չեն ցանկանա նորմալ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ, սակայն ամեն ինչ իր գինն ունի, ի դեպ, գինն էլ իր գինն ունի, ասել է թե` ինչի՞ գնով կարելի է համաձայնվել այդ գնին: Եվ պետք է հասկանանք, որ ազգի արժանապատվության ու պետության շահերի ոտնահարման գնով ոչինչ անել չի կարելի:
Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ
ԴԵՄՊՐՈՍ հ/կ նախագահ