Նոյեմբերի 22-ին Կիպրոսի Լեմեսոս քաղաքում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2008» երգի 6-րդ միջազգային մրցույթի մասնակիցները նոյեմբերի 18-ից սկսել են համերգին նախապատրաստվելու աշխատանքները: Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Նարեկ Ադոնցը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովան եւ աշխատանքային խումբն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Փորձերից բացի, Հայաստանի ներկայացուցիչը մասնակցում է բազմաթիվ հարցազրույցների: Երեկ աշխատանքային խումբը հանդիպել է Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: «Մոնիկան լավ է տրամադրված, եւ անհամբեր սպասում ենք մրցույթի օրվան»,- ասել է Ն. Ադոնցը: Փորձերը շարունակվելու են մինչեւ նոյեմբերի 22-ը: Մ. Մանուչարովան հանդես կգա երկրորդ համարի ներքո՝ «Իմ երգի հնչյունը» երգով: «Մանկական Եվրատեսիլ 2008» երգի միջազգային մրցույթին մասնակցում են աշխարհի 15 երկրների` Հայաստանի, Բելառուսի, Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Մակեդոնիայի, Վրաստանի, Հունաստանի, Լիտվայի, Մալթայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի ներկայացուցիչները: «Մանկական Եվրատեսիլ» մրցույթն առաջին անգամ կայացել է 2003-ին Կոպենհագենում: