Սեփականաշնորհված «Հայֆիլմ» ստուդիայի իրավահաջորդը հանդիսացող Ազգային կինոկենտրոնը այսուհետ փորձելու է ուշադրություն դարձնել երիտասարդների ու ուսանողների ֆիլմերին: Հայաստանն ամեն տարի Կինոկենտրոնի տնօրինությանն է հանձնում 250 մլն դրամ գումար, որը Կինոկենտրոնն օգտագործում է իր պատկերացումների համաձայն` նպատակ ունենալով նպաստել կինոյի զարգացմանը:
Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ասել է, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման հետ կապված հույսերը չեն արդարացել: «Մենք չենք սխալվել, բայց խաբվել ենք»,- ասել է նա: «Հայֆիլմի» սեփականատերերը` «Գաֆէսճեան» հիմնադրամն ու «Արմենիա ստուդիոս» ընկերությունը պարտավորվել են 3 տարվա ընթացքում անհատույց թվայնացնել բոլոր 396 հայկական գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերը, սակայն այդ գործը դեռ շատ հեռու է իր ավարտից: Իսկ ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն այդ` գործն ավարտին պետք է հասցվի 2009 թվականի մարտ ամսին: «Մենք սեփականատերերի հետ կխոսենք մարտից հետո: Թվայնացման գործընթացը շատ բարդ է, իսկ իրենք կարծում էին, որ հեշտ է լինելու»,- ասում է Գ. Գեւորգյանը: Հիշեցնենք, որ կինոստուդիան սեփականաշնորհվել է 700.000 դոլարով` 10 տարիների ընթացքում 60 մլն դոլարի ներդրում անելու պայմանով: Ներդրումը պետք է օգնի կինոստուդիայի տեխնիկական վերազինմանն ու նոր նկարահանման տաղավարների ստեղծմանը: 3 տարի առաջ սեփականատերերը խոստանում էին տարածաշրջանում փայլուն ու հսկայական ծանրաբեռնվածություն ունեցող կինոստուդիա կառուցել, որը տարբեր տեսակի, բայց խիստ անհրաժեշտ ենթակառույցներ` հյուրանոցներ, բացօթյա նկարահանման հարթակներ, դեկորացիաներ պատրաստող արհեստանոցներ պետք է ունենար: Ինչպես հայտնի է` նոր տաղավարներում «Արմենիա» հեռուստաընկերությունն այսօր հեռուստասերիալներ է նկարահանում: Իսկ կինոնկարահանման բուն պրոցեսը վերահսկում է ազգային կինոկենտրոնը, որը հաճախ ոչ թե ռեժիսորի ու գումարի միջեւ կամուրջ ստեղծողի դերակատարություն է ունենում, այլ` ինքն է տեխնիկա գնում ու փորձում նկարահանման պրոցեսը տեղավորել Կինոկենտրոնի գործառույթներում: