«Սրտներս պատռվեցին նորի սպասումից»

23/11/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Բեմական մեծ հմայքի տեր հայ դերասանուհիներ Վիոլետա Գեւորգյանն ու Տաթեւիկ Ղափլանյանը վաղուց են հեռացել իրենց հարազատ Երեւանի Դրամատիկական թատրոնից, հեռացել են նաեւ Հայաստանից:

«Երբ ինձ ասացին, որ մոտակա 5 տարիների ընթացքում ես նոր դերեր չեմ խաղալու, ստիպված հեռացա թատրոնից: Ես թողեցի իմ տունը, իմ թատրոնը եւ հեռացա: Իսկ ի՞նչ պիտի անեի»,- հռետորական հարց է տալիս Վ. Գեւորգյանը: Դերասանուհիներն ապրում են Լոս Անջելեսում, ժամանակ առ ժամանակ ելույթ են ունենում բեմում ու ամերիկաբնակ հայերի համար ներկայացումներ են խաղում: Թեեւ դերասանուհիները հաճախ են գալիս Հայաստան ու փորձում են հայ դերասանների համար ԱՄՆ այցերի առիթներ ստեղծել, միեւնույն է, նրանք որպես «բեմական» մարդիկ՝ իրենց անբավարարված են զգում: Դերասանն առանց դերերի՝ նույնն է, ինչ մարդն՝ առանց հիշողության: Վիոլետա Գեւորգյանը պատմեց այն միակ դեպքի մասին, երբ իրեն հրավիրել էին ամերիկյան ֆիլմում էպիզոդիկ դեր խաղալ: «Այդ փոքր դրվագն ինձ ցույց տվեց, թե ինչպիսի հարգանք ու մեծարանք կա Ամերիկայում դերասանի հանդեպ: Ախր, մենք մեծ ենք, պարզապես բախտ չունենք»,- իր յուրահատուկ դերասանական այցեքարտը համարվող` խելացի ու կրքոտ կնոջ ժպիտով ասաց նա:

Երկու դերասանուհիները երեկ «Հայելի» ակումբ էին եկել` ներկայացնելու համար իրենց նոր բեմադրությունը, սակայն իրականում նրանց հանդիպումը լրագրողների հետ հենց բեմի ու հանդիսատեսի կարոտից ծնված հանդիպում էր: Կար ժամանակ, երբ նրանց բոլորը ճանաչում էին, իսկ հիմա արդեն նոր սերունդ է եկել, որը նրանց երբեք բեմում չի տեսել: Իսկ նրանք, ովքեր տեսել են, հասցրել են մոռանալ նրանց անունները: Ճակատագիրն ընդհանրապես շատ քմահաճ բան է: «Մենք կանք, մենք ողջ ենք, մենք ուժ ունենք»,- սա էին փորձում ասել համակրելի ու էլեգանտ բեմական արտաքին ունեցող Տաթեւիկ Ղափլանյանը եւ տաղանդավոր ու շատ դիպուկ դիտարկումներ ու կատակներ անող Վիոլետա Գեւորգյանը:

Երեւանի հանդիսատեսին վերջերս ցուցադրվել էր «Իմ անուշ տղա» բեմադրությունը, որի առանցքում Արցախյան պատերազմում զոհված տղաների ու նրանց մայրերի ճակատագիրն էր: Ներկայացման հեղինակ Տաթեւիկ Ղափլանյանն այն նվիրել էր իր վաղաժամ մահացած տղայի հիշատակին: Ներկայացումը, որտեղ բացի անվանի դերասաններից՝ նաեւ երիտասարդ դերասաններ են մասնակցել, հովանավոր չի ունեցել: «Մենք երկու օր խաղացինք, դահլիճը լիքն էր, բայց ստացվեց այսպես, ինչպես Գյառգյառի ակումբներում է լինում, ինքս եկա, խաղացի, հիմա էլ գնում եմ: Ես խնդրեցի, աղաչեցի` ինձ տարեք Արցախ, որպեսզի ես իմ ներկայացումը անվճար խաղամ զոհվածների մայրերի համար: Բայց ոչ մի պատասխան չստացա, ինչպես ասում են պոկերում` պատասխանը «փաս»-ն էր»,- ասաց նա: «Իմ անուշ տղան» շատերը չեն հասցրել տեսնել, սակայն ներկայացման հեղինակի համար շատ ցավալի էր, որ «վերնախավից էլ ոչ ոք ներկայացումը չի տեսել» ու նույնիսկ չի փորձել աջակցել հետագա ցուցադրումներին:

Նա ավելացրեց. «Բայց ես չեմ փոշմանել, որ եկել եմ: Ես ու Վիոլետան հիացած ենք մնացել երիտասարդ դերասանների աչքերի փայլով: Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, եւ ես որպես Ղափոյի աղջիկ՝ նրանց բեմում ազատություն էի տվել: Թեեւ ես մասնագիտությամբ դերասան եմ, բայց գեներով` ռեժիսոր եմ»: Վ.Գեւորգյանն ասաց. «Ներկայացումից հետո բոլոր երիտասարդները կպել էին ինձ ու ասում էին` ինչ լավ է, որ ձեզ հետ աշխատեցինք: Ասում էի` հերիք է լավ խոսքեր ասեք ու համբուրեք ինձ: Հասկացանք էլի»:

Թեեւ դերասանուհիները կատակում ու «խաղում» էին, միեւնույն է, երկուսն էլ վիրավորված են այն անտարբերությունից, որին արժանացել են Երեւանում:

Ընդամենը դերասան ենք

Տաթեւիկ Ղափլանյանի վիրավորանքը շատ կոնկրետ է, նա չի թաքցնում, որ վիրավորված է Դրամատիկական թատրոնից ու իր նախկին ամուսնուց` թատրոնի ղեկավար Արմեն Խանդիկյանից: Նա ասաց, որ երբեք չի կորցրել կապը Դրամատիկական թատրոնի հետ ու տարիներ շարունակ կազմակերպել է այդ թատրոնի հյուրախաղերը Ամերիկայում եւ թատրոնի «լոգոյի» տակ բեմադրություններ է արել: «Բոլորն իմանում էին այդ հյուրախաղերի մասին, բայց թատրոնից ոչ ոք չէր ասում, թե այդ հյուրախաղերը ո՞վ է կազմակերպել: Դրամատիկական թատրոնն իմ հոր` Հրաչյա Ղափլանյանի ստեղծած թատրոնն է: Դա իմ հոր թատրոնն է: Եվ իմ հոր ծննդյան օրը ես սպասում էի, որ ինձ գոնե կհիշեն, կիմանան, որ ես հյուրախաղեր ունեմ Երեւանում, բայց թատրոնից ոչ մեկը ինձ չզանգահարեց: Այդ օրը Դրամատիկական թատրոնում հերթական` «Սիրային խառնաշփոթ» ներկայացումն էր խաղացվում, ու դահլիճը ծախվել էր «Դավիդով» սիգարետի աշխատակիցներին»,- նեղսրտեց նա:

Վիոլետան շեշտակի միջամտեց նրա խոսքին ու հարցրեց. «Տաթո, իսկ քեզ կանչե՞լ են թատրոնի 40-ամյակի երեկոյին: Ես շատ զարմացա, երբ ինձ հրավիրեցին»: «Ինձ նույնիսկ Վլադիմիր Մսրյանի հոբելյանական երեկոյին չհրավիրեցին»,- ասաց Տաթեւիկը: «Կարո՞ղ է հըլը բեմ էլ դուրս գանք ու մի քանի խոսք ասե՞նք»,- հարցրեց Վիոլետան: «Եթե հասցնենք… այդ օրը մենք Ամերիկա ենք վերադառնում, պետք է թատրոն գնանք ճապրուկներով ու ամեն վայրկյան մտածենք ինքնաթիռ նստելու մասին»,- պատասխանեց Տաթեւիկը:

Նրանց այդ երկխոսությունը շատ տխուր երանգ ուներ, քանի որ մանր դերերը մանր մտքեր են առաջացնում, իսկ ավելի մեծ դերեր նրանք չունեն: Թեեւ` երկուսն էլ մեծ ներուժի տեր մարդիկ են:

Դերասանուհիները նշեցին, որ արվեստի ոլորտում շատ սարսափելի հետեւանքներ է թողնում նախանձը: «Բայց ախր իմ ինչի՞ն են նախանձում: Եթե ինձ նախանձում են, թող գան, ես նրանց իմ ցավի մի մասը կտամ, թող տեսնեն` թե ինչի՞ն են նախանձում»: Իսկ Վիոլետա Գեւորգյանն էլ նկատեց. «Ռեժիսորներ կան, որոնք, այո, դերասանի տաղանդը չեն ընդունում: Եվ եթե դերասանը հանկարծ ռեժիսորից «անցնում» է, ռեժիսորը քիչ է մնում զայրույթից մեռնի: Իհարկե, թատրոնի ներսում միշտ էլ գզվռտոցներ եղել են, բայց դրանք երբեք այսպիսի մասշտաբի չեն եղել, որքան հիմա են: Իսկ մասշտաբի փոխվելու հետ մեկտեղ, մարդկանց ճակատներն էլ են պնդացել: Ախր հիմա պետք է շատ պնդաճակատ լինել, մարդիկ հիմա միայն իրենց սեփական գրպանի մասին են մտածում»: Իսկ «Ի՞նչ եք անում Լոս Անջելեսում» հարցին նա պատասխանեց. «Ի՞նչ պիտի անեմ, ամբողջ օրը բազմոցին պառկած հեռուստացույց եմ նայում: Շատ բաների մասին եմ մտածում, շատ ցանկություններ ունեմ, բայց ես ընդամենը դերասանուհի եմ: Երբ ասում են՝ արի Երեւան, մտածում եմ` ո՞ւր գնամ: Պիտի կանչեն, որ գամ: Ես դերասանուհի եմ, եթե գամ ու ասեմ` եկել եմ, ի՞նչ է փոխվելու»: Տաթեւիկն էլ ավելացրեց. «Է, հիմա եկել ենք, ի՞նչ է փոխվել: Ասում են, որ մենք Հայաստանը դավաճանել ենք, բայց մենք շատ հայրենասիրական գործեր ենք անում Ամերիկայում: 10 տարի է՝ ես ԱՄՆ-ում բեմադրություններ եմ անում: Բայց այն, ինչը անում եմ, այստեղ հայտնի չի դառնում։ Չէ՞ որ այնտեղ մենք մեծ գործ ենք անում, պահում ենք հայ թատրոնը, հայ պարը, հիմա նույնիսկ հատուկ հայաստանցիների համար դպրոց ենք բացել: Իսկ մեզ ասում են՝ «դավաճան»: Հիմա այդպես է ստացվել` գնացել ենք, եկեք գնդակահարեք մեզ»:

Վիոլետան խոստովանեց, որ սպասում էր մինչեւ «անցումային շրջանի» ավարտը, բայց այդ անիծյալ շրջանը ոչ մի կերպ չի ավարտվում, ու անցումը դեպի կապիտալիզմ տեղի չի ունենում: «Ժողովրդական լավ ասացվածք կա` եղունգ ունես` գլուխդ քորիր: Ես հասկացա, որ եթե դու ինքդ քեզնով չզբաղվես, ոչ մեկի պետք չես լինի»,- ավելացրեց Տաթեւիկը:

Վիոլետա Գեւորգյանը սկզբում չուզելով, բայց հետո մեծ հաճույքով ու շատ ազդեցիկ արտասանեց իր ամենահայտնի` Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւի» հերոսուհի Աղունի դերից մի հատված. «Մարդ ես, «վառվում» ես, հաշիվներ ունես աշխարհի հետ… Սրտներս պատռվեց նորի սպասումից: Տեսնես, էդ ինչի՞ ենք սպասում…»:

Եվ երբ լրագրողները բուռն ծափահարեցին նրա կրքոտ մենախոսությանը, Վիոլետան կտրուկ ընդհատեց նրանց. «Լավ, լավ, մենք թատրոնում չենք»:

Այն փաստը, որ դերասանուհին թատրոնում չէ, հենց թատրոնի անհեռանկարային լինելն է փաստում: Բացի Դրամատիկականից էլ թատրոններ կան, որոնք կարող են օգտագործել նման դերասանական թափ ու կիրք ունեցող Վիոլետա Գեւորգյանին, ով շատ սթափ նկատել է, որ ինքն այստեղ ոչ մեկին պետք չէ. «Իմ ընկերուհին ինձ ասում էր` ա՛յ Վիոլետա ջան, քեզ Հայաստանում բոլորը կասեն` արի՛, արի՛, բայց մեկ ամիս հետո կտեսնես, որ բոլորն իրենց կարոտները կառնեն ու քեզ էլ ոչ ոք «շան» տեղ չի դնի: Համոզվեցի, որ նա ճիշտ էր»: