Եվ ահա, մայիսի 25-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման հանդիսավոր արարողությանը
մասնակցելու նպատակով Բաքու ժամանած Թուրքիայի ու Վրաստանի նախագահներ
Ահմեդ Նեջեթ Սեզերը եւ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրեցին համաձայնագիր
Հայաստանը շրջանցող տարածաշրջանային հերթական ծրագրի՝
Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման մասին: Սակայն
հայաստանյան իշխանություններին այս խնդիրը կարծես թե այնքան էլ չի
մտահոգում: Համենայն դեպս, նրանք փորձում են ցույց տալ, թե ոչ մի լուրջ
բան տեղի չի ունեցել, եւ տպավորությունն այնպիսին է, որ նրանք խուսափում
են այս հարցի մասին բարձրաձայն արտահայտվելուց: Ազգային ժողովի
«Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այն
կարծիքին է, որ վերոնշյալ երկաթգծի կառուցման ծրագիրը մի ընդհանուր
երեւույթի մի մասն է միայն, եւ մենք, արդեն որպես փաստ, պետք է ընդունենք,
որ կոմունիկացիաները շրջանցում են Հայաստանը: Ըստ նրա, եթե ժամանակին
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվեր, եւ Հայաստանի
իշխանությունների քաղաքականությունն ադեկվատ լիներ աշխարհում տեղի ունեցող
պրոցեսներին, ապա Հայաստանը կարող էր դառնալ հյուսիս-հարավ եւ
արեւելք-արեւմուտք ճանապարհների կարեւոր խաչմերուկ: «Խոսքը միայն արտաքին
քաղաքականության մասին չէ: Ներսում էլ մենք պետք է կառուցեինք մի
պետություն, որը հասկանալի, ընդունելի եւ օգտակար կլիներ եւ՛ մեզ համար,
եւ՛ զարգացած պետությունների համար: Բայց մենք արդեն այդ վիճակում չենք,
եւ այդ շրջանցումներն իհարկե վնասում են մեր տնտեսությանը»,- կարծում է
պրն Մանուկյանը եւ հավելում, որ այժմ այդ (երկաթուղու կառուցման) ծրագրերի
մեջ փոփոխություններ մտցնել հնարավոր չէ: Վ. Մանուկյանի խոսքերով` առկա է
մի իրավիճակ, որը մեզ համար վատ է, ու մենք այդ իրավիճակը փոխել չենք
կարող, այսինքն` չենք կարող այնպես անել, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը
Հայաստանով անցնի, չենք կարող այնպես անել, որ Վրաստանն ու Թուրքիան իրար
միջեւ ճանապարհներ չբացեն: «Այն, որ Հայաստանը ծով չունի, մենք արդեն այդ
պայմաններում ենք, չէ՞, փորձում գործել: Այն, որ նավթամուղը չի անցնում
Հայաստանով, մենք այդ պայմաններում ենք գործում: Այն, որ մեզ շրջանցող
ճանապարհ են կառուցում, մենք այդ ճանապարհը փակել չենք կարող,- ասում է
պրն Մանուկյանը եւ ավելացնում,- պետք է համակերպվել եղածի հետ, փորձել նոր
ճանապարհներ բացել, սակայն նոր բացվող եւ արդեն բացված մյուս երկրների
ճանապարհները փակել չենք կարող»: Այն, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու
երկաթգիծը կկառուցվի, կարծեք թե, այլեւս կասկածի տեղիք չի տալիս, իսկ
որո՞նք պետք է լինեն Հայաստանի համարժեք քայլերը: Պրն Մանուկյանն այն
կարծիքին է, որ տնտեսությունը պետք է կառուցել ոչ թե այն հիմքի վրա, որ
մեր երկրով նավթամուղներ ու գազամուղներ են անցնում կամ անցնելու են, այլ
ուրիշ հիմքի վրա: Նա կարծում է նաեւ, որ, այնուամենայնիվ, դեռ բազմաթիվ
ճանապարհներ մեր տարածաշրջանով անցնելու են, եւ եթե Հայաստանը նորմալ
պետություն դառնա ու ճիշտ արտաքին քաղաքականություն վարի, ապա ապագա
ճանապարհների մի մասը կարող է անցնել Հայաստանով, այսինքն` «դեռ ամեն ինչ
կորած չէ»,- ինչպես ասում է ԱԺ պատգամավորն ու նշում, որ այն, ինչ եղել է՝
եղել է, սակայն առջեւում դեռ ճանապարհ կա անցնելու: Ըստ ԱԺՄ առաջնորդի,
մնում է երկու բան. շարունակել այնպիսի քաղաքականություն, որ ապագայի
բոլոր կոմունիկացիաներն, այնուամենայնիվ, անցնեն Հայաստանով, եւ դրա հետ
միասին տնտեսությունը պետք է կառուցել այն սկզբունքների վրա, որ շատ բան
մեզ շրջանցում է: Նրա կարծիքով` մի ընդհանուր սկզբունք կա. երբ դու ինչ-որ
բան ճիշտ չես անում, մեկ ուրիշն օգտվում է դրանից, սակայն մեկ ուրիշի
նկատմամբ թշնամանալով, դու չես կարող փոխել իրավիճակը: «Նույն այս
նավթամուղը (Բաքու-Ջեյհան- Ռ.Թ.) ամենաթանկ պրոյեկտով են անցկացրել: Շատ
ավելի էժան պրոյեկտով կարող էին անցկացնել, բայց մարդիկ փող են ծախսել,
որովհետեւ դրանով նաեւ քաղաքական հարց են լուծել»,- ասում է Վ. Մանուկյանը
եւ առաջարկում գնահատել այս նոր իրավիճակը, հստակեցնել` ի՞նչ վնասներ,
ի՞նչ օգուտներ է այն մեզ տալիս եւ ի՞նչ անել հետագայում: Իշխող կոալիցիայի
ներկայացուցիչներից հարցի մասին մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր
փորձերն ապարդյուն անցան: Նրանք, պատճառաբանելով իրենց խիստ
զբաղվածությունը, խուսափում էին հարցի վերաբերյալ կարծիք հայտնելուց:
Հիշեցնենք միայն, որ վերջերս անդրադառնալով վերոնշյալ երկաթգծի
համաձայնագրի ստորագրման փաստին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն
Մկրտչյանը կարծիք էր հայտնել, որ դրան մենք պետք է հակադրենք մեր
միասնությունը: