Խուան Խոսե Արեոլա (1918-2001)

23/11/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Թվում էր, թե ես չեմ հավատում կամքի ազատությանը: Եվ այդուհանդերձ, եթե ինձ վիճակվեր բնորոշել Խուան Խոսե Արեոլային մի բառով` նրա անունից զատ (իսկ այդ պայմանականությանը քեզ ոչ ոք չի դատապարտել), ես առանց երկմտելու կընտրեի «ազատություն» բառը: Անսահման երեւակայության ազատությունը, որին իշխում է լոկ մի բան` պայծառ միտքը:

Խորխե Լուիս Բորխես

Եվ հանկարծ թույր մը դեղձան
Կը ներկե ջուրը փափուկ:

Միսաք Մեծարենց

Լինես թե կայծակը, թե կայծի գողը, դարձյալ ինչ-որ բան խույս է տալու…

Խուան Խոսե Արեոլան մեկն է նրանցից, ում ողջ կյանքում շամփրել է գրելու անհնարինությունն ու երանությունը: Արեոլայի համար, ինչպես ասել է նրա համերկրացի` մեքսիկացի բանաստեղծ Օկտավիո Պասը. «Գրելը, խաղալն ու ապրելը` միմյանց փոխարինող իրողություններ են»: Նա մեքսիկական գրականության մեջ արթնացրեց կառնավալային խաղացկունությունը, ուսուցանելով գտնել սեփական դեմքը, ոչ թե ընտել, տափակ ու չարչրկված տեղերում, այլ ամենախուսափուկ, նրբին ու անհատնելի բաներում: Դրան նա տենչում է հասնել բառերի ծայրահեղ հոծությամբ եւ մի տեղ ասում է. «Այսպես թե այնպես, ագուցվելով միմյանց, բառերը մեզ համակում են ցնորական պատրանքով, թե իբր մենք կարող ենք արտահայտել կամ արտահայտում ենք այն, ինչը ոչ մի կերպ հնարավոր չէ արտահայտել»: Հենց այստեղից է ծագում Արեոլայի արձակի պարադոքսալ բանաստեղծականությունը, որը շատ հաճախ ինքը՝ Բանաստեղծությունն է, եւ պատահական չէ, որ դեռ Կորտասարը նշում էր, որ Արեոլան սերում եւ գրում է «բանաստեղծությունից» եւ աշխարհը տեսնում է բանաստեղծի աչքերով: Արեոլայի գրվածքները, ինչպես նշել է նրա թարգմանիչներից մեկը` արձակ բանաստեղծություններ չեն, եւ ոչ էլ պոետիկ արձակ, այլ արձակում մարմնավորված բանաստեղծությունը, որն Արեոլան սնում է ռիթմի համատրոփ երակազարկով:

Արեոլան իր վերջին տեքստերը գրել է մահվանից քառասուն տարի առաջ, մշտապես իր մեջ կրելով «արարման կարոտը, որը մարդն ապրում է այն պատճառով, որ ինքն էլ է արարված»:

Կատարելատիպից եւ խուսափուկ ջրերի վրա գրելու անհնարինությունից հուսաբեկ եւ «Ոչ» ասող յուրաքանչյուր գրող ջանում է արդարացնել իր լռությունը: Այդպես մի այլ հանճարավոր մեքսիկացի` Խուան Ռուլֆոն, այն հարցին, թե ինչու չի գրում, պատասխանել էր, որ ինքը մի քեռի Սելերինո ուներ, ով նրան պատմում էր բոլոր այն պատմությունները, որ նա գրել է, եւ որ նրա մահվանից հետո գրելու բան չունի: Ֆ. Հյոլդերլինն ու Ռ. Վալզերը` մարդկանցից, իրենք իրենցից ու գրելու անհնարինությունից փախչելով, հայտնվեցին հոգեբուժարանում, Ա. Ռեմբոն հասավ Աֆրիկա… Իսկ Արեոլան, քարի դեմ առած գետի պես, ինքն իր խորքում քլթքլթալով, շարունակեց անրջել այն մասին, որ. «ամենակարեւոր իմ ստեղծագործությունն այն է, որը ես դեռ չեմ գրել»… Իսկ մեզ համար՝ բոլոր նրանք, որոնք մենք դեռ նոր պիտի կարդանք:

«Բեստիարիում» գրքից

Ռնգեղջյուրը

Կանգ է առնում: Բարձրացնում է ծանր գլուխը: Մի քայլ ընկրկում է: Հանկարծ շրջվում եւ թնդանոթի արագությամբ սուրում է, ցասումից կուրացած կենդանի խոյակարկառ, առաջ մղած իր միակ եղջյուրը անուղղելի պոզիտիվիստի բութ համառությամբ: Որպես կանոն՝ նա վրիպում է, բայց փոխարենը բավարարված է մնում իր անպարտելիության զգացողությամբ: Ուռցնելով ռունգերի ծակոտիները, նա շոգեկաթսա հիշեցնելով զայրագին փնչացնում է:

Զրահով բեռնված ռնգեղջյուրներն ամուսնական խաղերի շրջանում հավաքվում են զինամրցումների, որոնք որեւէ ասպետական արվեստից եւ մրցավազքի վարպետությունից զուրկ են, մարտեր, որոնք եզրափակվում են միջնադարյան կոպիտ տուրուդմբոցով:

Իսկ գերության մեջ ռնգեղջյուրը վերածվում է մելամաղձոտ մգլած անասունի:

Նրա թեփուկապատ հաստ զրահը կազմավորվել է նախապատմական ժամանակների բեկվածքներից, երկրաբանական շերտերի ճնշմամբ առաջացած հաստակաշի թանթերից:

Սակայն երբեմն նա անճանաչելի է դառնում. նրա չորուկ, փոս ընկած մարմնից հանկարծ հորդում է, ջրի շիթի պես, որ բխում է ժայռածերպերում, տարերային կյանքի հուժկու ցողունը, որն իր գալարունությամբ նման է կոտոշի, որը կորվածքի ու կերպի անսովորությամբ կրկնում է սակրատեգի, գեղարդի, խոլորձի մոտիվները:

Արդ, ուրեմն, գովքն անենք տարօրինակ հաստակաշի սատանի, ում ահեղ կերպարանքը գեղեցկագույն լեգենդի սկիզբն եղավ: Քանզի, որքան էլ տարօրինակ է, սույն նախնադարյան գլադիատորը դարձավ նախահայրը նրբագույն մի արարածի, որը հնագույն գորգապաստառների վրա հառնում է Աստվածամոր կողքին` վեհանձն Միեղջյուրի կերպարանքով:

Առաքինի կույսից գերված կատաղի ռնգեղջյուրը կերպարանափոխվեց, կորցնելով իր վայրի բնավորությունը, նա եղնիկի կեցվածք, վիթի աչքեր ու ծնկաչոք ասպետի խոնարհություն առավ: Իսկ վայրի բութ որձի կոտոշը մաքրամաքուր Կույսի հայացքի ներքո փոխակերպվեց ոսկրե սրածայր նրբագույն գավազանի:

Բիզոնը

Ժամանակաց կծիկ, անկերպարան հավերժական փոշու խտացում, ավազահատիկների կոհակում, վերակենդանացած թումբ` ահա թե ինչ է բիզոնը մեզ համար այսօր:

Մինչ վարգելը, մարդկանց թողնելով ամայի լայնարձակությունները, կենդանիների հոտերը մոլեգնեցին ու բազմացրին բիզոնների նախիրները` կենդանի խոյահարող սեպերը: Հոծ կուտակումներով դանդաղ տեղաշարժվելով, բիզոններն, ասես լերանց ալիքաձեւ թմբերով, երկրակեղեւի մի մասը լինեին, նրանք նաեւ թվում էին ամպերի գորշ շղարշ, որ ամպրոպը քշում էր, բայց երկրի երեսին:

Սակայն մարդը, չերկյուղելով եղջյուրների, սմբակների ու փրփրալից մռութների դղրդացող հեղեղից, նետաղեղով զինված, սկսեց խփել նրանց թաքստոցներին: Եվ բիզոնների հոտերը հալչում էին: Ի վերջո, նրանք այնքան նվազեցին, որ մի անգամ ողջ մնացած բիզոնները հավաքվեցին ու կիտվեցին իր թշնամու` նեանդերտալացու կառուցած փարախում:

Եվ այդժամ պատվավոր խաղաղություն կնքվեց, որը սկիզբ դրեց մարդկանց իշխանությանը: Գերեվարված հուժկու հերոսները ծնեցին կոտոշավոր անասնոց ցեղը, մարդու սննդի աղբյուրը: Եվ նրանց պարանոցին իջավ լուծը:

Սակայն պարտված եւ ընտելացված բիզոնը հաղթողին պարգեւ թողեց ապստամբած մարմնի կենդանական անզսպությունը:

Ահա թե ինչու երախտապարտ նեանդերտալացին, ում բոլորս կրում ենք մեր մեջ, բիզոնի կերպարանքով փառաբանեց աշխարհի ուժերը, դրոշմելով դրանք Ալտամիրայի պատերին:

Փետրավոր գիշատիչները

Ի՞նչ է սա` որսորդական ավարի ավերված դահլի՞ճ, թե՞ պղծված վանախուց: Ինչպե՞ս են իրենց այնտեղ զգում ազատատենչ թռչունները:

Նրանց համար բարձունքների խրոխտությունը եւ հեռաստանների պերճանքը մեկեն փոխակերպվեցին հավաբնի գաղջահոտ ողորմելիության, մետաղապատ վանդակի անձկության, որ հավետ նրանց հայացքներից թաքցրեց երկնակամարի կապուտակ լայնարձակությունները:

Ամենքը` արծվառյուծները, անգղերը, արծիվներն ու ճուռակները` այժմ լուռումունջ վանականներ, տրտում թերթում են ժամագիրքը, եւ նրանց թախծոտ առօրյան անց է կենում ծերտի գարշահոտի ու փտող լեշի մեջ: Փորոտիքի լպրծուն դոնդողը` նրանց փարթամ կտուցների խղճուկ կարիքը:

Անցյալում են մնացել լեռան բարձունքի ու ամպի արանքում ճախրելու ազատությունը, թռիչքի ընդարձակ պտույտները երկնատակում եւ անխուսափ գահավիժումը զոհի վրա: Այժմ զուր են աճում թափահարվող փետուրները, աճում, սրվում ու ճկվում են անազատության մեջ անպետք մագիլները`այդպես ինքն իր մեջ մաշվում է ոչնչության դատապարտված ազատատենչ դյուցազնը:

Սակայն նրանք բոլորը՝ եւ՛ անգղերը, եւ՛ շահենները, եւ՛ արծվառյուծները, իրենց զնդանում անդադար եւ խանդաբորբ վիճարկում են առաջնության իրավունքը` ընդմեջ փետրավոր գիշատիչների: Արծիվներն արդեն ծռմռված, փետրահան ճուռակներ են, կտցահարված արծվառյուծներ: Ողջ պարծենկոտ հերալդիկայի վրա լոկ արքայական արծվառյուծն է անվրդով կանգնեցնում իր ձյունաճերմակ զինանշանը` երկու կնգումե թեւեր, կապուտակ վահանի վրա, լայնաբաց են թռիչքում, ոսկե գլխի դրոշմակերտ կիսադեմը զարդարված է թանկարժեք քարերով:

Իրենց զնդանում ազնվազարմ թռչունները դարձան աշխարհիկ պատվի մասին սեփական պատկերացումների պատանդները: Խստորեն պահպանելով աստիճաններն ու կարգերը, նրանք բազմում են ըստ տոհմածառի` հավերի երերուն թառերի վրա: Եվ ավելի բարձրում նստած յուրաքանչյուրն արատավորում է ավելի ներքեւում հայտնվածի պատիվն ու զինանշանը:

Ջայլամը

Հանց վայրենացած երգեհոնի փող, ջայլամի խենթ կոկորդը սանձազերծ աշխարհի չորս ծագերին է հասցնում երգն՝ առ իր զուգված-անբան մարմնի կատարյալ մերկությունը (իսպառ հոգեւոր նախասկզբից զուրկ, նրա երկրային էությունը տարուբերվում է անպատկառության ու խաղքի ռիթմերին համահունչ):

Ոչ թե ճուտիկ, այլ խանձարուրով պատված հաղթակազմ մի ղուշ: Ահա թե ում էր հասնում մինի-շրջազգեստն ու դեկոլտեի ցածրանիստ բացվածքը: Միշտ կիսամերկ, ջայլամն անփույթ պճնամոլում է բոնվիվանի իր քրջերով, քամահրելով մոդայի քմահաճությունները: Թող որ նրա փետուրն արդեն հարգի չէ աշխարհիկ բարձրախավ կանանց շրջանում` նրանք պատրաստակամորեն ծածկում են իրենց ողորմելիությունը սույն տարօրինակ թռչնի վարքագծով, սիրամարգի պես զուգվելով եւ ի ցույց դնելով այն ամենն, ինչ տեսնելու ենթակա չէ: Իսկ եթե պատահմամբ ինչ-որ բան լինի, ապա փութով աչքերը գոցում, կամ թե գլուխն ավազի մեջ են թաղում, եւ ինչ ուզում է՝ թող լինի: Անզուգական անպարկեշտությամբ նրանք փայլում են դատողությունների թեթեւամտությամբ, եւ ինչ ասես կլլում են՝ անխոհեմորեն հույսը դնելով իրենց մարսողության վրա:

Անճոռնի, լկտի, ագահ, զվարճալիորեն մռայլ սպառնալիքներ կաքավելով, ջայլամը մի կերպար է, որ անհարիր է գեղեցկությանը: Եվ, ուրեմն, ինչ կա զարմանալու, որ խանդոտ-ազնվապաշտոն ամուսինները մի մահապատիժ կամ թե զվարճանք են մոգոնել` անհավատարիմ մեղավորներին փետրահան դուրս նետել եւ մերկ ի ցույց դնել` ի զվարճանս ամենքի:

Միջատները

Մենք բոլորս պատկանում ենք միջատների նզովյալ ցեղին, ուր տնօրինում են զորեղ էգերը, նույնքան արյան ծարավի, որքան եւ փոքրաթիվ:

Մեր ողջ կյանքը համակ փախուստ է: Մենք փախչում ենք արյունռուշտ էգերից եւ ի փրկություն թողնում ենք նրանց անհագ որովայններին մեր ողջ սնունդը:

Բայց սիրո ժամանակաշրջանում իրավիճակը փոխվում է: Այդ շրջանում նրանցից ծորում է գայթակղության բույրը:

Զվարճանքը սկսվում է, հենց որ էգը ժողվում է ամենավավաշոտներին: Նա հետամտումների է սպասում: Հենց որ մեկը փորձում է բռնի կերպով տիրանալ նրան, ապա նա մեկեն ճողոպրում եւ ակնթարթորեն խժռում է երկրպագուին: Այդ գործի վրա նրան բռնացնող նոր թեկնածուն պիտի արժանանա նույն բախտին:

Եվ այդպես շարունակ: Տեղի է ունենում մերձեցումը վերջին ողջ մնացածի հետ, երբ էգն արդեն հոգնել ու հարաբերականորեն կուշտ է. նա արդեն ի վիճակի չէ հաղթելու վերջին որձին, որը մոլեգնորեն տրվում է կրքին:

Այնուհետեւ թագուհին քաղցր քուն է առնում իր երկրպագուների դիակների արանքում: Հեռանալիս նա փութում է մոտակա ճյուղից կախ տալ ժառանգորդների մի ողջ կոտորակ: Այդպես ծնվում են բյուր նոր զոհերը, իսկ նրանց հետ` դահիճների անխուսափելի սերտախումբը:

Գոմշացուլը

Մեր աչքի առաջ գոմշացուլն անվերջորեն, ասես Լաո-ցզին կամ Կոնֆուցիոսը, անդադար ծամում է հավերժական ճշմարտությունների նոսր ծամոնը: Ինչով էլ հենց ստիպում է մեզ մեկընդմիշտ ընդունել որոճացողների արեւելյան բնույթը:

Իհարկե, նրանք բոլորը, այսպես թե այնպես, կովեր եւ ցուլեր են, եւ նրանց մեջ չկա ոչինչ, որ կարդարացներ նրանց կալանումը գազանանոցների վանդակներում: Սովորական հաճախորդներն անտարբեր անցնում են նրանց համարյա թե տնական մռութների կողքով, սակայն ուշադիր հայացքի առջեւ կբացվի նրանց ուրվանկարի հարազատությունը Ուտամարոյի գծանկարին:

Եվ ինձ թվում է, որ շատ առաջ, մինչ թաթարների հորդաներն իրենց խանի առաջնորդությամբ կնվաճեին տափաստանների լայնարձակությունները, դրանք հեղեղում էին գոմշացլերի նախիրները: Հետզհետե նրանց զարմերը կերպափոխվեցին տարակերպ կացութաձեւերի պատճառով եւ կորցրին բնատուր հատկանիշները, որոնցով մեզ ներկայանում է այսօր գոմշացլի կերպարանքը` գավակի անհարթությունը, գոգավոր ողնաշարը պսակող պոչի հաստությունը, նոսր մազածածկույթը, սմբակավորների ընդհանրական կերպարը` եղնիկից մինչեւ օկապին: Սակայն գոմշացլի պարագայում ամենակարեւորը կոտոշներն են, որ խորացված գլխամասի մոտ, սահուն աղեղով երկատվում են` օդում ահա ձվաձեւություն ուրվագծելով` «գոմշացուլ» բառի մունջ խորհրդանիշը:

Բվեճը

Մինչ իր զոհին խժռելը, բվեճը մտովի մարսում է նրան: Նա երբեք մկանն ամբողջովին չի կլլի, մինչեւ որ նախօրոք պատկերացում չկազմի նրա յուրաքանչյուր մասի մասին: Մեր առջեւ առարկայի հիմնավոր գիտակցման երեւույթն է` նրա յուրացման միջոցով:

Ճանկերի խորը մխրճումով բվեճն ակնթարթաբար որսում է օբյեկտին եւ սկսում է մարմնավորել ճանաչողության սեփական տեսությունը: Ճշգրիտ հայտնի չէ, թե ինչ կերպ է նրան բացահայտվում ինքնին իրը (սողունը, կրծողը կամ թռչունը): Հնարավոր է՝ ներզգայական-կայծակնային ընկալմամբ, հնարավոր է՝ տրամաբանական մասնատման ճանապարհով` չէ՞ որ պատահական չէ, որ նա պատկերանում է մեզ որպես ինքն իր մեջ խորասուզված ինտրովերտ, իր անշարժության մեջ հազիվ թե որսորդական կրքերին, հետապնդման ազարտին եւ ձկնորսության արվեստին ենթակա: Այստեղից հետեւում է, որ գոյություն ունեն մի շարք էակներ, որոնց ճակատագիրը խավարի մեջ հածելն է. մութ սիլլոգիզմ, որ հղի է գոյության ժխտմամբ: Վերջին փաստարկը բվեճի բնույթի հիմնավորումն է: Փետրավորման փորագրովի սյունագլուխը, որն իր մեջ անտիկ փոխաբերութուն է կրում, գիշերային զանգակատուն, որ չարագուժորեն խփում է վհուկների զվարճանքի ժամը` այդպիսին է մթնշաղային թռչնի երկդիմի կերպարանքը, որ կարող է ծառայել՝ որպես ողջ եվրոպական փիլիսոփայական մտքի խորհրդանիշ:

Բորենին

Սակավախոս կենդանի: Բորենու նկարագրությունը պետք է կարճառոտ լինի եւ ասես հընթացս արված: Այսպիսով, ոռնոցի, գարշահոտի եւ ծվեն-ծվեն նողկալի խայտաբղետության միախառնումը: Գրիչը հրաժարվում է նկարագրել խոզի եւ վագրի այդ հրեշավոր խառնուրդը, շան մռութի բթառեխությունը եւ ուժեղ գալարուն մարմնի կորությունը:

Սակայն կանգ առնենք: Անհրաժեշտ է գրանցել հանցագործի առանձնահատուկ հատկանիշները. Սուր ճանկերով զինված բորենիները հակված են հարձակվելու զոհի վրա ողջ հրոսակախմբով, ամայի վայրում եւ միշտ շուրջը զննելով: Նրանց ծիծաղի պես ալեկոծվող հաչոցը, որ շամփրում է գիշերային լռությունը, ստիպում է հիշել գժանոցը: Իր անառակ ընչասիրությամբ բորենին գերադասում է նեխող մարմնի ժանտահոտը, իսկ սիրախաղերում հաղթելու համար հետեւի ոտքերի արանքում պահ է տալիս գարշահոտ դարման:

Սակայն մինչ այդ գիշատիչների թագավորության նողկալի ցերբերին հրաժեշտ տալը, որ վեհերելով լեշ է լափում, նկատենք, որ քիչ չեն բորենու հետնորդները, եւ նրա դասերը զուր չեն կորչել: Թերեւս, ոչ մի կենդանի այնքան ընդօրինակողներ չի ունեցել մարդկանց մեջ, որքան բորենին:

Լամաները եւ ուղտերը

Լամայի մորթը նրբին-մետաքսավուն է, թեպետ նրա բրդոտ գեղմը ոլորված է սառցաշունչ քամով լեռների, որոնց միջեւ նա ծանրաբարո ճեմում է, հպարտորեն գլուխը ցցած երկար վզի վրա, որպեսզի հայացքը հագեցնի անսահման լայնարձակություններով եւ սնվի լեռնային բարձունքների մաքրամաքուր ոգով:

Իսկ այնտեղ, ինչ-որ տեղ անապատում, տոթակեզ ավազաթմբերի միջեւ, լողում է ուղտը, օրորվելով հանց թելավոր գոնդոլ ավազե ալյաց արանքում, եւ կիզիչ քամին խփում է նրա կուզերի թեք առագաստներին:

Եվ ինչպես ուղտն իր դաբաղած որովայնում պապակ մարդու համար թաքցնում է տամկության կենարարությունը, այդպես էլ քնքուշ, կլորավուն եւ կանացի լաման մենավորի հայացքի առջեւ պատկերանում է որպես գորովալից կնոջ պատրանքային կերպար:

Եղջերուները

Դանդաղկոտ սրընթացությամբ անցնում են եղջերուները` ժամանակից եւ տարածությունից դուրս: Անըմբռնելիորեն համատեղելով շարժումն ու անշարժությունը, եղջերուները այլ մի չափման մեջ թռչում են առ հավերժություն:

Շարժմամբ կամ հանգստով եղջերուները հավասարապես կերպափոխում են հարակից տարածությունը եւ դրանով փոխում են մեր պատկերացումները ժամանակի, տարածության եւ մարմինների տեղափոխման օրենքների մասին: Կարծես թե կոչված լուծելու անտիկ պարադոքսը, եղջերուն մեկեն ներկայացնում է եւ՛ կրիային, եւ՛ Աքիլեսին, եւ՛ նետը, եւ՛ աղեղը. նա միշտ վազում է իր վազքի ետքից, իսկ կանգ առնելով՝ դրսում վազող մի բան է թողնում:

Եղջերուն միշտ շարժման մեջ է, իր սահանքի մեջ նա նման է ստվերի, որ տեսիլքի պես պեծկլտում է ծառերի արանքում, ինչպես արթմնի, այնպես էլ լեգենդի ավանդույթում, այդպիսիք են սուրբ Հովհանի եղջերուն, եւ եղնիկը, որ կաթով է կերակրել սուրբ Ժենեւեվային: Եվ ամենուր, ուր կհանդիպի եղջերվաց զույգը, նրանց հայտնությունը համազոր է հրաշքի:

Այդու, մենք բոլորս տենչում ենք հաղորդակից լինել եղջերվի բնույթին, թեկուզ եւ միմիայն հայացքով եւ հեռավորության վրա: Զուր չէր Խուան դե Յեպելը երգում որսի թռիչքի խոյանքը, որ տրված էր իրեն` դա երկրային աղավնու կերպարը չէր, այլ եղջերվի անհասանելի թռիչքը` անսահմանության մեջ:

Արջը

Ասենք, գայլի անկեղծ թշնամության ու կապիկների նողկալի սիրալիրության միջեւ, որոնք, այդուհանդերձ, պատրաստ են նստելու ձեր սեղանի շուրջ ճաշելու, իրենց նմանների ողջ ձագակազմով, առկա է արջի հավասարակշռված հոգեկանությունը, որ հլու պարում եւ պտտվում է հեծանվի վրա, բայց, եթե բարկանա, ապա գուցե աղունդ աղա: Արջի հետ հնարավոր է, իհարկե, չափը ճանաչելով, ընկերություն անել, եթե, իհարկե, ձեռքիդ մեղրահաց չունենաս: Արջի հոգին նման է նրա տարուբերվող գլխին, այն օրորվում է ստրկության ու ընդվզման միջեւ: Նրա բնույթը դրսեւորվում է մորթի գույնից. սպիտակն արյունարբության նշանն է, թխաթույրը` բարեհոգության: Բարեբախտաբար, արջը միշտ դրսեւորում է հոգեվիճակը` մոխրավունից մինչեւ գորշը` գույների զանազան երանգներով:

Յուրաքանչյուրը, ով անտառում հանդիպել է արջի, գիտի, որ մարդու տեսնելով, նա մեկեն թաթերի վրա է կանգնում, ասես ի նշան ողջույնի (հանդիպման շարունակությունը բացառապես ձեզանից է կախված): Այ, միայն կանայք չպետք է նրանից վախենան, վաղնջական դարերից ի վեր արջը նրանց հանդեպ առանձնակի հարգանք է տածում, որը նրանց մեջ մատնում է նախապատմական մարդու ժառանգին: Արջը միշտ, որքան էլ հասուն եւ զորեղ լինի, իր մեջ երեխայական ինչ-որ բան է պահպանում. արդյո՞ք պատահական է, որ կանայք երազում են լավ քոթոթ ծնել: Եվ նրանցից շատերը աղջիկ ժամանակ խաղում են թավշյա արջուկի հետ` մայրության գաղտնի խոստմունքը:

Մեզ հարկ է ընդունել, որ արջը դեռեւս նախապատմական ժամանակներից բոլորիս հոգեհարազատ է: Հանածոների մեջ գերակշռում են մնացորդները քարանձավային արջի, որն ուղեկցում էր մեր նախնադարյան նախորդներին` բոլոր կացարաններում: Դե, իսկ մեր ժամանակներում արջի որջը կենդանական բոլոր կացարանների մեջ ամենապիտանի բնակատեղին է:

Իսկ հինավուրց լատիններն ու գերմանացիները, ովքեր հավասարապես երկրպագում էին արջին, ջանադրաբար նրա անունն էին տալիս (Bera կամ Ursus իրենց բարբառներով) բազում սրբերի, հերոսների եւ քաղաքների:

Ջրլող թռչունները

Նրանք անկաշկանդ լողում են ջրերի հարթության վրա ու պարապ թափառում են ափամերձ հաստատության վրա` զարմանահրաշ հանդերձանքներով գոռոզամտորեն զուգված խեւ տխմարներ: Նրանք ամենքն ամպերում սավառնող թռչուններ են, իսկ այստեղ ամեն ոք ձեռնոցներով է լվացվում:

Բադաքլորն ու մանդարինկան շողում են արդուզարդի երանգով: Փայլկտում են վառ կարմիրի, փիրուզե երկնակապույտի, շուշանագույնի, ճերմակի եւ ոսկեգույնի երանգները: Կան տեսակներ, որ շողշողում են ողջ ներկապնակով, իսկ եթե ուշադիր զննես, ապա սովորական ջրահավ է, կամ մնացուկներով ապրող ու գույների շողանքի ներքո ճահճային սահանքներում իր փնտրտուքներն իրականացնող մառափետուր ջրագռավ:

Խայտաճամուկ ու շատախոս ժողովուրդ, ուր յուրաքանչյուրը յուրովի է ձայնում, ուշք չդարձնելով այլ մեկին: Ջարդարար հավալուսնը բադիկի կտուցից խլում է ծղոտը: Սագերը շարունակ անհանգստանում են պարապ բաների համար, արեւի տակ թողնելով նեխած խոտակիտվածքը, որ վարընկեց հոսում է, եւ ոչ մեկի մտքով չի անցնում հետեւել ձագուկներին:

Բոլոր այդ տիկնայք եւ պարոնայք, կարծեցյալ սալոնների թեթեւսոլիկները, ջանում են միմյանց գերազանցել քայլքի ճոճունությամբ: Անթափանց փայլքով լեցուն, ապրելով ջրում, նրանք ջրերին էլ են անհաղորդ:

Ամենից ճղճիմը կարապներն են, այդ փքված պոետական շտամպները, նոկտյուրնների եւ լիալուսինների արտացոլանքը, միջօրյա արեւի տոթակեզ շողերում խղճուկ մի ռեկվիզիտ: Իսկ կարապի վզի սիմվոլիկ ոլորքը տաղտկալիորեն հավերժական հարցմունքով եռուքոր է գալիս: Լավ է, որ կարապների երամի մեջ գեթ մի սեւը գտնվեց: Նա մոտեցել է ափին, նրա մթնշաղային վիզը քնատ տեսանվում է, ասես կոբրա փետուրների զամբյուղից:

Այդ հասարակության մեջ բացառություն է կազմում ձկնկուլը, ով հայտնի է այն բանով, որ կեղտի մեջ է իջեցնում լոկ մի ոտքը, ներկայացնելով ցցային կառուցվածքի մի նմուշօրինակ: Նա ժամանակ առ ժամանակ կտուցը քնատ թաքցնում է իր թեթեւ փետուրներում, որոնք ասես նախագծել է ճապոնացի վարպետը, մանրամասների հմուտ վարպետը: Ձկնկուլը միակն է, որ չի տրվում երկնքի արտացոլանքի մեջ ընկնելու գայթակղությանը, ուր նրան է սպասում կեղտից ու նեխուկից գոյացած մահիճը: