Տնտեսող խաղալիքներ

23/11/2008

Ճապոնիայի խաղալիքների խոշորագույն արտադրողները պատրաստվում են առաջիկա Ծննդյան տոներին եւ Ամանորին՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ առկա ճգնաժամային եւ լճացման երեւույթները: Ճապոնիայի ընկերություններից մեկը տոների առթիվ խաղալիք է պատրաստել տանը տարբեր տեսակի մածուկների (սպագետի, ֆետուչինի եւ այլն) արտադրության համար եւ ձեռքի ափի չափով խաղալիք-կարաոկե: Արտադրողները փորձել են հաշվի առնել սպառողների ցանկությունը՝ տնտեսել ռեստորաններում սնվելու եւ ժամանցի հաստատություններ հաճախելու վրա կատարվող ծախսերից: «Մածուկ-Մածուկ» խաղալիքը վաճառքի կհանվի դեկտեմբերի 4-ին եւ կարժենա 16 հազար իեն (շուրջ 130 դոլար): Մեկ այլ ընկերություն առաջարկում է ֆրանսիական նրբաբլիթների ոլորման խաղալիք՝ 2 940 իեն (շուրջ 30 դոլար) գնով: Այս տարվա հոկտեմբերից սկսվել է կարաոկեի՝ աշխարհում ամենափոքր սարքի վաճառքը՝ 10 հազար 500 իեն (շուրջ 100 դոլար) գնով: Մշակողներն ասում են, որ «այս ապրանքը բարձրացնում է նրանց տրամադրությունն, ովքեր ցանկանում են տնտեսել ժամանցի վայրեր հաճախելու ծախսերից եւ ժամանակն անցկացնել տանը»: Ճապոնիայում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոնի կարգավիճակ չունի, բայց արդեն մի քանի տասնամյակ խաղալիքներ արտադրող ընկերությունների կողմից օգտագործվում է որպես վաճառքների մակարդակի բարձրացման միջոց: Ծննդյան տոնը նշվում է պարտադիր տոնական տորթով եւ փողոցներում ու խանութներում զարդարված տոնածառերով, որոնք հանվում են արդեն հաջորդ օրը, որպեսզի տեղ տան ճապոնական ավանդական ամանորյա զարդարանքներին՝ հնդկեղեգին, սոճուն, մանդարիններին եւ զարդարված բրնձե բլիթներին՝ մոտիներին: Սուրբ Ծնունդը հիմնականում ընկալվում է ոչ թե որպես կրոնական, այլ մանկական տոն: Ի տարբերություն Ծննդյան տոների՝ Ամանորին երեխաներին նվերներ տալն ընդունված չէ, դրա փոխարեն երեխաները ծնողներից եւ հարազատներից ստանում են փող գրպանի ծախսերի համար՝ օտոսիդամա: Օտոսիդամայի գումարը՝ կախված երեխայի տարիքից եւ ազգակցության մերձավորությունից, տատանվում է 2 հազար իենից մինչեւ 10-20 հազար իեն (20 դոլարից մինչեւ 100-200 դոլար): Երեխան դա կարող է ծախսել իր հայեցողությամբ եւ պարտավոր չէ այդ փողի համար հաշիվ տալ ծնողներին: Ուստի Ամանորից հետո խանութներում եւ խաղալիքների բաժիններում նույնպիսի իրարանցում է տիրում, ինչպես եւ Ծննդյան տոներին նախորդող օրերին, այն տարբերությամբ, որ Ծննդյան տոներից առաջ գնորդները մեծահասակներն են, իսկ Նոր տարուց հետո՝ երեխաները: