ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ժամանակ անդրադառնալով Հայաստանում ԼՂՀ հարցի շուրջ քաղաքական տարբեր ուժերի կողմից արված մեկնաբանություններին` հայտարարել է, թե «որպեսզի այս մի բաժակ ջրում ստեղծված փոթորիկը կարողանանք հանդարտեցնել, ես երեւի կհրավիրեմ քաղաքական կուսակցությունների նախագահներին եւ կփորձեմ լսել նրանց հարցադրումները, կփորձեմ պարզել, թե ի՞նչն է նրանց անհանգստացնում»: Նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը երեկ մեր թղթակցին ասել է, թե կուսակցությունների նախագահների հետ Ս.Սարգսյանը կհանդիպի այս շաբաթ: Իսկ մեր թղթակցի հարցին, թե ո՞ր կուսակցությունների նախագահների հետ է լինելու հանդիպումը, եւ արդյո՞ք արմատական ընդդիմության ներկայացուցիչներն էլ կհրավիրվեն, Ս.Ֆարմանյանը պատասխանել է` «Դեռեւս հոկտեմբերի
2-ին ժողովրդին ու ԱԺ-ին հղած ուղերձում նախագահ Ս.Սարգսյանն ասել էր, թե որպես մեր երկրի կյանքում քաղաքական կուսակցությունների դերակատարության բարձրացմանն ուղղված քայլ՝ առաջիկայում երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ կնախաձեռնի թեմատիկ խորհրդակցություններ` հրավիրելով կուսակցությունների ղեկավարներին: Եվ որպես այդ ուղղությամբ առաջին նախաձեռնություն՝ այս շաբաթվա ընթացքում նախագահը կհրավիրի հանրապետությունում գրանցված եւ գործող քաղաքական կուսակցությունների նախագահներին` լսելու ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նրանց տեսակետը»: Հարցին էլ, թե արդյո՞ք հրավիրվելու է ընդդիմության մի զգալի հատվածի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ս. Ֆարմանյանը պատասխանել է. «Հրավիրվելու են միայն կուսակցությունների նախագահները»: