«Առաջին հերթին, հռչակագիրը ցույց է տալիս լուծման ճանապարհը, այսինքն` հանդիսանում է, այսպես կոչված, ճանապարհային քարտեզ, երկրորդը` ապացուցում է կողմերի առաջ շարժվելու կամքը, ինչի մասին վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությունները: Մի խոսքով, կարելի է ասել, որ հիմք է ստեղծվել բանակցություններում ճեղքում կատարելու համար, եւ մենք պետք է օգտվենք դրանից»,- «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը` ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Չեմ ցանկանում մանրամասն վերլուծել փաստաթուղթը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների առաջնահերթության կառուցման եւ համադրության տեսանկյունից, քանի որ կարծում եմ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն դա հրապարակայնորեն արել է: Կուզենայի միայն ավելացնել կարգավորման փուլային տարբերակն ամրագրող դրույթների կարեւորությունը եւ վստահության միջոցները: Դա շատ կարեւոր է տարածաշրջանում կանխատեսելիության ստեղծման համար»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: Նրա հատկապես այս վերջին միտքը հետաքրքիր է այն առումով, որ փաստորեն հերթական անգամ բացահայտում է, որ բանակցությունների հիմքում դրված է հարցի կարգավորման փուլային սկզբունքը: Ի հեճուկս ղարաբաղյան հարցը «փաթեթային տարբերակով» լուծելու խոստում տված Հայաստանի իշխանությունների, որոնք դեռեւս շարունակում են փաթեթային կարգավորման մասին հերթական հայտարարությունները: Մոռանալով, իհարկե, «8000 քառակուսի կիլոմետր» Ղարաբաղի մասին` ժամանակին բավական մոդայիկ խոստումները: