«Այո, խնդրի լուծման ամենաարդյունավետ ձեւն այն է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դառնան բանակցային կողմ, որպեսզի նրանք մասնակցեն բոլոր բանակցություններին, եւ այդպես էլ լինելու է, այլ ճանապարհ ուղղակի չկա»,- անցած շաբաթվա վերջին ԼՂՀ կատարած այցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ս. Սարգսյանի` Ղարաբաղում արված հայտարարություններն, ըստ էության, ուղղված էին նոյեմբերի 2-ին Մոսկվայում առանց ԼՂՀ իշխանությունների ստորագրած հռչակագրից հետո հնչած քննադատությունների հեղինակներին: Իսկ քննադատությունների հիմնական առանցքն այն էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին պետք է մասնակից լինի նաեւ Ղարաբաղը, մինչդեռ մոսկովյան հռչակագիրը 1994թ. զինադադարի համաձայնագրից հետո առաջին փաստաթուղթն է, որտեղ բացակայում է ԼՂ ներկայացուցչի ստորագրությունը: Բացի այդ, դժգոհություններ առաջացան նաեւ հռչակագրով բանակցությունների հիմք ընդունված մադրիդյան սկզբունքների նկատմամբ:
Արդյո՞ք Ս. Սարգսյանը Ղարաբաղում արած իր այս հայտարարություններով ցանկանում էր ընդամենը պատասխանել հնչած մեկնաբանություններին, թե՞ դրանք վկայում են այն մասին, որ իսկապես, ինչպես ինքն էր փորձում համոզել, բանակցություններին ԼՂ մասնակցության իրական հիմքեր կան: Ս. Սարգսյանի վերջին հայտարարությունները մեկնաբանելիս մասնավորապես իշխանական կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ բավական ուշագրավ «բացահայտումներ» արեցին: Պարզվում է, նրանցից ոմանք նույնպես ցանկություն չունեն, որ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ավետ Ադոնցի կարծիքով` առայժմ պետք չէ փոխել ԼՂՀ հակամարտության բանակցությունների ձեւաչափը: «Մադրիդյան սկզբունքներ կոչվածը դրանք սկզբունքներ չեն, ընդամենն առաջարկություններ են: Եվ այդ առաջարկությունները կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների սկզբունքները ձեւավորելու համար: Փաստաթուղթը ստորագրելիս, դա կլինի համաձայնագիր թե պայմանագիր, կարծում եմ, ղարաբաղյան կողմի ներկայությունը կդառնա օբյեկտիվ անհրաժեշտություն: Իսկ քանի դեռ համաձայնեցված չէ այն հիմքը, որի շուրջ պետք է կողմերը բանակցեն, ֆորմատի փոփոխությունը կարող է ընդհանուր բանակցությունները խաթարելու առիթ հանդիսանալ»,- ասում է Ա.Ադոնցը:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն էլ կարծում է, որ Ղարաբաղը թեեւ անուղղակիորեն, բայց մասնակցում է բանակցություններին: «Հայկական կողմը եւ կոնկրետ նախագահ Սարգսյանը չի ասել, որ արդյունավետ չի լինի, որ Ղարաբաղը չմասնակցի: Մշտապես պարոն Սարգսյանի կարծիքն այն է եղել, որ բանակցություններին մասնակցի նաեւ ԼՂՀ կողմը: Բայց նաեւ այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար գնում են Ստեփանակերտ, եւ վերջին երկարատեւ այցն ու հանդիպումները նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ խորհրդարանական գործիչների հետ խոսում է այն մասին, որ անուղղակի ԼՂՀ-ն բանակցությունների կողմ է: Եվ, ինչպես պարոն Ֆասիեն նշեց, իրենք այնտեղ գնում են ոչ թե թթի օղի խմելու, այլ նրանց հիմնական նպատակը բանակցային գործընթացներն ու շփումներն են»,- ասաց Է.Շարմազանովը:
Իսկ արդյոք քայլեր արվո՞ւմ են, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ: «Կարծում եմ, որ այդ քայլերը միանգամից չեն լինում: ԼՂ կողմը բանակցություններին անուղղակիորեն մասնակցում է: Յուրաքանչյուր նշանակալից իրադարձությունների դեպքում համանախագահներից մեկը, այս դեպքում՝ երեքը, այցելում են ԼՂՀ: Իսկ շատ ավելի հուսադրող է այն փաստը, որ պարոն Մերզլյակովը նշեց, եւ մյուս երկու համանախագահները նրա հետ համաձայնեցին, որ փաստաթուղթը, որը պատրաստվում է, առանց ղարաբաղյան կողմի չի լինելու, սա եւս շատ կարեւոր է»,- ասաց Է. Շարմազանովը:
Իսկ Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ Ս.Սարգսյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, ԼՂՀ-ին «դուրս շպրտեցին» բանակցություններից, ու հիմա խոսում է ինքնորոշման մասին: «Ո՞վ կարող է չընդունել, որ բանակցություններին ԼՂՀ մասնակցությունը պարտադիր պայմանն է: Հիմա Ս.Սարգսյանն ինքնորոշման իրավունքի մասին է խոսում: Իսկ այդ իրավունքն արդեն հաստատված էր նրանով, որ ԼՂՀ-ն հանդիսանում էր հակամարտության կողմ: Դուրս շպրտելով ԼՂՀ-ին այս պրոցեսից, փաստորեն դրանից զրկեցին: Եվ դրանից հետո խոսում են ինքնորոշման իրավունքի արտահայտման մասին»,- ասում է Լ.Զուրաբյանը:
Ղարաբաղում Ս. Սարգսյանը խոսելով ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ժամկետների մասին՝ նաեւ ասել էր. «Դժվար է ասել ժամկետների մասին: Երբ ես մշտապես ասում եմ, որ մենք խնդիրը չենք ձգձգելու, դա բնավ չի նշանակում, թե վաղը, 1, 3 կամ 4 ամիս հետո խնդիրը լուծվելու է: Այո, ես խորապես համոզված եմ, որ մենք չպետք է արհեստականորեն ձգձգենք խնդրի լուծումը, բայց դեռեւս պետք է գանք որոշման, պետք է գանք համաձայնության, որից հետո եւս երկարատեւ գործընթաց պետք է լինի»: Իշխանական թեւի մեր զրուցակիցները նույնպես համոզված են, որ ԼՂՀ հակամարտության կարգավորումը դեռ երկար կտեւի: «Մենք դեռ երկար ժամանակ ունենք, մինչեւ համաձայնեցվեն սկզբունքները: Մինչեւ սկզբունքները համաձայնեցնելը պետք է գոնե համաձայնեն, թե ինչն է դրանց հիմքը հանդիսանալու: Համաձայնությունը հավանաբար կլինի ինչ-որ համաձայնագրի ստորագրում ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, որից հետո պետք է ստորագրվի մեծ պայմանագիր, դա կլինի ընդհանուր կարգավորման պայմանագիրը` ամբողջական փաթեթը: Իսկ սա բավականին երկար ճանապարհ է: Խոսել, թե կարգավորումը շուտով կլինի, ծիծաղելի է»,- ասում է Ա.Ադոնցը: «Նշեմ, որ ոչ միայն նախագահը, այլեւ ՌԴ ԱԳ նախարար պարոն Լավրովը նշեց, որ թունելի մեջ լույսը երեւում է, բայց դա չի նշանակում, որ խնդիրներն ամբողջությամբ լուծված են: Պատմությունը ցույց է տալիս, որ նմանատիպ կոնֆլիկտների դեպքում բանակցությունները երկար են տեւում: ՀՀԿ-ն երբեք կանխատեսումներ չի արել, որ 2-3 ամսվա ընթացքում պայմանագիր կստորագրվի»,- ասաց Է.Շարմազանովը: