«Ադրբեջանը շահագրգռված է ունենալ բարգավաճող, խաղաղ եւ կանխատեսելի հարեւան»

22/11/2008

– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «բավականին հավանական» է համարում, որ մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին կհաջողվի համաձայնեցնել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Կողմերն իրո՞ք մոտ են դրան:

– Ես կցանկանայի նման «հավանականության» հույս ունենալ, ինչպես նաեւ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ձեւավորվող իրավիճակը, հուսալ, որ հայկական ղեկավարությունը սթափ վերլուծություն կկատարի, որպեսզի մենք հասնենք նրան, ինչի մասին խոսում է պարոն Բրայզան: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ այսօր կա միջազգային իրավական եւ միջնորդական լավ հիմք հակամարտության կարգավորման համար:

– Վերջին շրջանում բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի կապակցությամբ: Ո՞րն է այս փաստաթղթի գլխավոր արժեքը պաշտոնական Բաքվի տեսանկյունից:

– Առաջին հերթին, այն ցույց է տալիս լուծման ճանապարհը, այսինքն` հանդիսանում է, այսպես կոչված, ճանապարհային քարտեզ, երկրորդը` ապացուցում է կողմերի առաջ շարժվելու կամքը, ինչի մասին վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությունները: Մի խոսքով, կարելի է ասել, որ հիմք է ստեղծվել բանակցություններում ճեղքում կատարելու համար, եւ մենք պետք է օգտվենք դրանից: Չեմ ցանկանում մանրամասն վերլուծել փաստաթուղթը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների առաջնահերթության կառուցման եւ համադրության տեսանկյունից, քանի որ, կարծում եմ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն դա հրապարակայնորեն արել է: Կուզենայի միայն ավելացնել կարգավորման փուլային տարբերակն ամրագրող դրույթների կարեւորությունը եւ վստահության միջոցները: Դա շատ կարեւոր է տարածաշրջանում կանխատեսելիության ստեղծման համար:

– Կարգավորման Մադրիդյան սկզբունքները ենթադրում են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների «հաշտեցում»: «Հաշտեցման» մեխանիզմներից մեկը, կողմերի վերջին մի քանի տարիների հայտարարությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի (քվեարկության) պլեբիսցիտի անցկացումն է: Ադրբեջանն, իրո՞ք, պատրաստ է համաձայնվել այդ մեխանիզմի հետ:

– Մինչեւ զորքերի դուրսբերումը եւ հարկադրված տեղահանվածների վերադարձը կարգավիճակի որոշումն անհնար է թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ նույնիսկ տեխնիկական տեսանկյուններից: Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման փուլում մենք ղեկավարվելու ենք միջազգային իրավունքով եւ ներքին օրենսդրությամբ:

– Որքանո՞վ է Բաքվի համար սկզբունքային հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների տեղակայման հարցը:

– Այն դեպքում, եթե հաջողվի համաձայնության հասնել միջազգային խաղաղապահ ուժերի հարցում, ապա, ընդհանուր առմամբ, նրանք պետք է կայունացնողի դեր խաղան, ինչը կարող է ավելի մեծ վստահություն ստեղծել հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ:

– Նախագահների կողմից ստորագրված հռչակագրում խոսվում է կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին: Արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվո՞ւմ են կոնկրետ միջոցներ, որոնք կարող էին նպաստել վստահության մթնոլորտի ստեղծմանը` «փոքր քայլերի» քաղաքականության ոգով: Օրինակ, լրագրողների, արվեստագետների փոխադարձ կանոնավոր այցերի կազմակերպումը:

– Վստահության որոշակի միջոցներ, իհարկե, հնարավոր են նաեւ այժմ, եւ դուք ճիշտ նշեցիք դրանցից մի քանիսը: Ավելին, արդեն կա նման փորձ, երբ արվեստի գործիչների պատվիրակություններն այցելել են Ադրբեջան եւ Հայաստան: Ի դեպ, նշված խմբերում ընդգրկվել էին նաեւ լրագրողներ: Ցավոք, չգիտես ինչու, այդ նախաձեռնությունը շարունակություն չստացավ: Մենք օգտակար կհամարեինք հասարակության իրական տեղեկացումն իրավիճակի մասին: Հակամարտության լուծումը բխում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, եւ հնարավոր է` ավելի մեծ չափով Հայաստանի, քան Ադրբեջանի շահերից: Այո, իմ երկրի տարածքները կազատագրվեն օկուպացիայից եւ հազարավոր տեղահանված մարդիկ կվերադառնան իրենց տները: Սակայն, եկեք տեսնենք, թե ի՞նչ շահեց Հայաստանը եւ հայ ժողովուրդն այս պատերազմից: Ադրբեջանի ՀՆԱ-ն 4 անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն, Հայաստանը չի մասնակցում տարածաշրջանային ռազմավարական ոչ մի նախագծի, Հայաստանի ՀՆԱ-ի առյուծի բաժինը հատկացվում է ռազմական ծախսերին: Ի դեպ, հակառակ շատ հայտարարությունների, ՀՆԱ-ի տոկոսային հարաբերությամբ ՀՀ ռազմական ծախսերն ավելի շատ են, քան Ադրբեջանի ծախսերը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցման բոլոր ուղիները խզված են եւ այլն: Բնականաբար, Ադրբեջանը նույնպես շահեկան վիճակում չէ 1 միլիոն տեղահանված անձանց եւ փախստականների առկայության պայմաններում: Սակայն իրավիճակը համադրելի չէ: Հակամարտության կարգավորումը կօգնի հաղորդակցությունների բացմանը, տարածաշրջանային նախագծերին Հայաստանի մասնակցությանը, կնպաստի հսկայական ներդրումների հոսքին ձեր երկիր եւ մթնոլորտի ընդհանուր առողջացմանը: Հայաստանը միայն կշահի դրանից: Եվ հավատացեք, Ադրբեջանը շահագրգռված է ունենալ բարգավաճող, խաղաղ եւ կանխատեսելի հարեւան:

– Ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական երկխոսության հաստատման փորձերին:

– Դրանք երկու ինքնիշխան պետությունների հարաբերություններ են, եւ կցանկանայի հուսալ, որ դա դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ստեղծման վրա:

Հատուկ «168 Ժամի» համար