Թողեք հանգիստ կեղծենք ու կրակենք

22/11/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ԼՂ հարցի հայանպաստ կարգավորման համար Ադրբեջանի նավթին հակակշռող մեր միակ ռեսուրսը կարող է լինել ժողովրդավարությունը:

Ավելին` եթե հետեւենք ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի տրամաբանությանը, ապա մասնավորապես ղարաբաղյան հարցում մեր ոչ շահեկան վիճակի պատճառը հենց ժողովրդավարությունն է (՞): «Այո՛, մասամբ պարտվել ենք (ինֆորմացիոն պատերազմում.- Հ. Մ.), եւ այստեղ բացթողումներ կան, բայց գիտե՞ք նաեւ ինչու, որովհետեւ Հայաստանից եկող բացասական տեղեկատվական հոսքեր կային, որովհետեւ մենք ավելի ժողովրդավար երկիր ենք: Ունենք ընդդիմություն, որը շատ բաց է ինֆորմացիոն դաշտում, միշտ եղել ու կա: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ այդ ամենը փակ է, կոծկված է, հասարակությունից ու քաղաքական շրջանակներից բացասական բաներ աշխարհ դուրս չեն սփռվում, նաեւ մեր ներքին ժողովրդավարական համակարգի ու ընդդիմության, այսպես կոչված, իրավունքների օգտագործման հետեւանքով (սա ոչ թե պարսավանք է, այլ փաստում եմ) Հայաստանից դուրս են եկել բազմաթիվ բացասական լուրեր եւ ցավոք սրտի` նաեւ 2008թ. հայտնի իրադարձությունների արդյունքում: Սա նույնպես պետք է ընկալել եւ չհամեմատել Հայաստանը ու Ադրբեջանը տեղեկատվական հարթությունում գոնե ներքին կոմպոնենտի պատճառով»,- երեկ ղարաբաղյան թեմայով բանավեճի ժամանակ հայտարարեց Ա. Աշոտյանը: Այսինքն` եթե ընդդիմությունը չհայտարարեր, որ ընտրությունները կեղծվել են, եթե չասեր, որ մարտի 1-ին Երեւանի կենտրոնում առնվազն 10 մարդ է սպանվել, մեր դիրքերը տեղեկատվական պատերազմում «հզոր» կլինեին: Իսկ գուցե ավելի ճիշտ կինի ասել, որ որպեսզի այդ պատերազմում ՀՀ դիրքերը չթուլանան, չպետք է ընտրությունները կեղծել, չպետք է մարդկանց սպանել…

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Աշոտյանը հակադարձելով իր հետ բանավիճող ՍԴՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին, ասաց. «Ես ձեզ հավատացնում եմ, եթե նմանատիպ անընդունելի ծրագիր, ոնց որ եղել է 1998թ., լինի 2008թ., բազմաթիվ քաղաքական ուժեր եւ գործիչներ նույն կեցվածքը կորդեգրեն: Բայց ես ձեզ հավատացնում եմ, որ նախագահը չի հասցնի դրան»: Վ. Շիրխանյանը, սրան ի պատասխան՝ նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ԼՂ հարցի լուծման տարբերակը շատ ավելի լավն էր, քան հիմա առաջարկվող բոլոր տարբերակները: «Տեր-Պետրոսյանի օրոք քննարկվում էր ոչ միայն Լաչին միջանցքի, այլեւ Լաչինի շրջանի մասին, խոսվում էր Արծվաշենի մասին, որի մասին այսօր ընդհանրապես չի էլ հիշատակվում»,- նշեց Վ. Շիրխանյանը: Վերջինս պատասխանեց նաեւ Աշոտյանի այն հարցին, որ եթե Մայնդորֆյան հռչակագիրը մեր դիվանագիտական պարտություններից է, ինչպես նշում են շատ ընդդիմադիրներ, ապա ինչո՞ւ մեծ ոգեւորություն չի առաջացրել ադրբեջանական մամուլում: «Բաքվում Ալիեւը հավաքում է Քելբաջարի փախստականների խմբին եւ ասում, որ պատրաստվեք` դուք շուտով գնալու եք ձեր բնակավայրերը: Սա տեղի է ունեցել ընդամենը 2 շաբաթ առաջ` մինչեւ այդ հռչակագրի ստորագրումը: Նրանք ինչո՞ւ պիտի հանգիստ չլինեն, եթե գիտեն, որ վաղ թե ուշ գալու են»,- ասաց Վ. Շիրխանյանը: Ա. Աշոտյանը փորձում էր նաեւ հասկանալ` եթե Մայնդորֆյան հռչակագիրը խիստ վտանգավոր է մեզ համար, ինչո՞ւ ընդդիմությունը չի վերսկսում հանրահավաքները` թույլ չտալու համար իշխանություններին ստորագրել ԼՂ հարցի կարգավորման ոչ հայանպաստ տարբերակ: «Որովհետեւ մենք գիտենք, թե պետությունը ինչ է, պետական պաշտոնյայի վիճակը բանակցություններ վարելիս ինչ կարող է լինել: Եթե քո երկրում գնում են անընդհատ միտինգներ, ընդ որում, այդ միտինգը չի կարող լինել միայն ԼՂ անկախության ճանաչման, այլ լինելու է իշխանությունների հրաժարականի, քաղբանտարկյալների ազատ արձակման, կարգ ու կանոնի, դատավարությունները օրինական դաշտ բերելու մասին, այս մթնոլորտում երկրի ղեկավարը ի՞նչ ընկալում է ունենալու հակառակորդի կողմից: Իհարկե, նա լինելու է շատ ավելի թույլ, քան, եթե երկրում չկան այդպիսի բաներ»,- Աշոտյանի հետաքրքրասիրությունը բավարարեց Վ. Շիրխանյանը: