Որպեսզի չկտրենք այն գերակա ճյուղը, որի վրա նստած ենք

22/11/2008 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Վերջին մի քանի ամիսների ընթացքում այլեւս չեն հնչում հետընտրական շրջանում մոդայիկ դարձած այն պնդումները, որոնց համաձայն` Հայաստանը կարճ ժամանակահատվածում պետք է դառնար տարածաշրջանային զարգացման կենտրոն տարբեր ոլորտներում:

Պատճառները կարող են տարբեր լինել: Հնարավոր է, որ այդ պնդումներն ընդամենը նպատակ ունեին հանդարտեցնելու հետընտրական կրքերը` հանրության ուշադրությունը շեղելով սոցիալ-տնտեսական կյանքի երեւակայական բարելավման վրա: Ճիշտ այնպես, ինչպես արվեց 10 տարի առաջ, երբ այն ժամանակվա նորընտիր նախագահի պաշտոնամուտը նշանավորվեց «Արմենիկում» դեղամիջոցի եւ համանուն կենտրոնի ստեղծմամբ, որը հույս ներշնչեց, որ Հայաստանին այլեւս միայն բարեկեցություն էր սպասվում, եւ այն դառնալու էր

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն: Այսօր այդ դեղամիջոցի մասին այլեւս ոչ ոք չի էլ հիշում:

Հնարավոր է նաեւ, որ կառավարությունն իր այդ պնդումներում իրոք անկեղծ էր եւ այդ անկեղծության մեջ` ռոմանտիկ եւ հնարավորությունների առումով` ոչ բավարար չափով իրատես: Իրատեսությունը միգուցե եկավ վերջին ամիսների աշխարհաքաղաքական եւ տնտեսական զարգացումների հետ, որի արդյունքում էլ տարածաշրջանային կենտրոն դառնալու հնարավորությունները նվազեցին, թեեւ դրանք ի սկզբանե շատ նվազ էին: Դադարեցին նաեւ այդ մասին խոսակցությունները:

Իրավամբ, օգոստոսից սկսած` ականատես եւ մասնակից ենք լինում այնպիսի ցնցումների եւ զարգացումների, ինչպիսիք էին վրաց-ռուսական ճգնաժամը, որը, կարծում եմ, առավելագույնս ի չիք դարձրեց որեւէ ոլորտում տարածաշրջանային դիրք գրավելու մեր հավակնությունները` ընդգծելով մեր մեկուսացվածությունն ու ծայրահեղ կախվածությունն արտաքին հանգամանքներից: Դրան հաջորդեցին Գյուլի այցը Հայաստան, ղարաբաղյան հիմնահարցի շուրջ աշխուժացած անցուդարձը եւ դրա շրջանակներում` Մեդվեդեւի այցը: Եվ, իհարկե, կարելի էր նշել միջազգային տնտեսական ճգնաժամը, որը, մեր գործիչների պնդմամբ, ուղղակի բացասական ազդեցություն չունեցավ մեր տնտեսության վրա: Եթե դա, իրոք, այդպես է, ապա մեր տնտեսությունը կարելի է համեմատել հնացած եւ գործածությունից դուրս եկող համակարգչի հետ, որը դժվարությամբ է աշխատում արդիական եւ ավելի արագագործ համակարգիչների հետ միեւնույն ցանցում, եւ որի համար նորագույն վիրուսները վտանգավոր չեն:

Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, եւս մեկ անգամ ի հայտ եկավ այն իրողությունը, որ մենք անկարող ենք միաժամանակ մի քանի հարցերի լուծման վրա կենտրոնանալ, եթե մեր ուղեղը զբաղված է մեկ հարցով, ապա մյուս բոլոր հարցերը նրա միջից դուրս են մղվում: Իսկ երբ մենք, ի վերջո, վերադառնում ենք մյուս հարցերին, արդեն «բանը բանից անցած է լինում»: Մտավո՞ր, ժամանակայի՞ն, թե՞ կազմակերպչական ռեսուրսը չի հերիքում:

Անվիճելի է, որ եթե այսօր միջազգային տնտեսական ճգնաժամն իր անմիջական բացասական ազդեցությունը չունի մեր տնտեսության վրա, ինչը խիստ կասկածելի է, ապա այդ ազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա. այն արդեն ի հայտ է գալիս պղնձամոլիբդենային արդյունահանման ոլորտում եւ դեռ ի հայտ կգա տարվա ավարտին` արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների կատարած դրամական փոխանցումների կրճատման տեսքով: Սակայն կան այլ վտանգներ եւս:

Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ հռչակված զբոսաշրջության ոլորտն այդ ճգնաժամի պայմաններում ամենախոցելի ոլորտներից է: Ճգնաժամի երկարաձգումը դրանից տուժող երկրներում կհանգեցնի գործազրկության աճի, այսինքն` պոտենցիալ զբոսաշրջիկների թվի նվազման: Սոցիալական ապահովության առումով, մասնավորապես՝ եվրոպական երկրներում, համեմատաբար պաշտպանված խավ համարվող թոշակառուները, որոնք, ի դեպ, ամենաշատ ճամփորդող մարդիկ են, կնախընտրեն ավելի շուտ խնայողություններ անել, քան` ճամփորդություն կատարելու ճոխություն թույլ տալ: Այսինքն` 2009 թվականին կարելի է կանխատեսել զբոսաշրջության անկում ամբողջ աշխարհի մակարդակով:

Ինչպիսի՞ իրավիճակ ունենք մենք այսօր զբոսաշրջության ոլորտում: Գաղտնիք չէ, որ Հայաստանը դեռեւս մինչեւ ճգնաժամը համարվում էր թանկ զբոսաշրջային ուղղություն՝ հիմնականում ավիատոմսի բարձր գնի պատճառով: Սրան գումարվում է սննդամթերքի թանկացումն ու դրամի արժեւորումը, որի արդյունքում զբոսաշրջային ծառայությունների գինը (դրամով լավագույն դեպքում մնալով նույնը, իսկ հաճախ՝ ավելի թանկանալով) արտարժույթի վերածելիս, ավելի է թանկացնում զբոսաշրջային փաթեթի արժեքը:

Բացի վերը նշվածից, մենք ունենք մեկ այլ խնդիր, որն ավելի ակներեւ դարձավ վրաց-ռուսական հակամարտության հետեւանքով: Որքան էլ զարմանալի թվա, խոսքը հյուրանոցային տնտեսության ռեսուրսների եւ ավիափոխադրումների անբավարար քանակության մասին է: Օգոստոսի 8-15-ն ընկած հատվածում Վրաստանից Հայաստան եկան 18.000 օտարերկրյա քաղաքացիներ, որոնց մի մասը Վրաստանի հայեր էին, որ կարողացան մեծ մասամբ հանգրվանել իրենց հայաստանցի բարեկամների մոտ: Մյուս մասը զբոսաշրջիկներ էին, որոնք ստիպված էին եղել դադարեցնել իրենց կեցությունը Վրաստանում եւ տեղափոխվել էին Հայաստան՝ այստեղ իրենց արձակուրդն ավարտելու կամ պարզապես իրենց երկրներ մեկնելու նպատակով: Արդյունքում, նրանց մեծ մասը բառացիորեն հայտնվել էր փողոցում` կա՛մ հյուրանոցներում տեղ չլինելու, կա՛մ էլ ավիատոմսեր չլինելու պատճառով, մեկնել ցանկացողները ստիպված էին մոտ 20 օր գիշերել օդանավակայանում, քանի որ ավիաընկերություններն ավելի շուտ չէին կարող նրանց ուղարկել: Կարելի է ենթադրել, որ բոլոր այդ զբոսաշրջիկները մի լավ ձանձրացան Հայաստանում` հաճախ ստիպված լինելով իրենց ժամանակը «սպանել» Երեւանի ամենաանհրապույր թաղամասերում զբոսնելով:

Ինչպիսի՞ լուծումներ են ուրվագծվում: Այս իրավիճակում մեզնից պահանջվում է գերակա ճյուղը պահպանելու համար առավելագույն ճկունություն ցուցաբերել գոնե ձեռք բերած ցուցանիշներն առաջիկայում պահպանելու համար: Այս հարցում անհրաժեշտ է, որպեսզի պետությունն իր գործուն դերակատարությունն ունենա: Պահանջվում է, օրինակ, պետության կոշտ դիրքորոշումը որոշ ապրանքատեսակների շուկայում մենաշնորհների կամ գերիշխող դիրքի ավերիչ հետեւանքների վերացման հարցում, որոնք ընդհանրապես տնտեսության, այլ ոչ միայն զբոսաշրջության զարգացումն արգելակող գործոններ են: Ուստի, նավթի գնի կտրուկ անկման պայմաններում պետությունը պետք է պահանջատեր եւ հետեւողական լինի, որպեսզի գների համարժեք, այլ ոչ թե ձեւական իջեցում արձանագրվի վառելիքի շուկայում: Դա կէժանացնի ոչ միայն ավիատոմսերի, այլ նաեւ` տրանսպորտային ծառայությունների գները, իսկ ավիատոմսի եւ զբոսաշրջիկին մատուցվող տրանսպորտային ծառայությունների գները մեր պարագայում, կախված զբոսաշրջային երթուղուց եւ տեւողությունից, կազմում են ճամփորդության արժեքի գրեթե 40-50 %-ը: Նույն մոտեցումը պետք է ցուցաբերել սննդամթերքի շուկայում` միջազգային շուկայում էժանացած եւ Հայաստան ներկրվող պարենային մթերքների (օրինակ` բրնձի, ցորենի) գների համարժեք իջեցումն ապահովելու համար: Հակառակ դեպքում պետությունը պետք է լուրջ պատժամիջոցներ կիրառի ներկրող այն ընկերությունների հանդեպ, որոնք իրենց գերեկամուտները վեր են դասում պետության տնտեսական շահերից: Չմոռանանք, որ զբոսաշրջությունն ամենատարբեր մասնագիտացումներ ունեցող աշխատուժի ներգրավման ոլորտն է:

Հյուրանոցային տնտեսության բնագավառում պետք է ստեղծվի առաջարկի բազմազանություն` հաշվի առնելով, որ հյուրանոցի արժեքը եւս զբոսաշրջային փաթեթի արժեքի զգալի մասն է կազմում: Միայն շքեղ հյուրանոցների առկայությունը (հաճախ շքեղ ոչ թե նաեւ ծառայությունների, այլ միայն պայմանների առումով) անխուսափելիորեն հանգեցնում է զբոսաշրջային փաթեթի թանկության: Եվ հետո ո՞վ ասաց, որ զբոսաշրջիկների նպատակը շքեղ հյուրանոցներում հանգրվանելն է: Նրանք օրվա մեծ մասն անցկացնում են ճանապարհներին եւ հյուրանոց են գալիս միայն գիշերակացի համար, ուստի նրանց պետք են համեստ, հարմարավետ եւ մատչելի հյուրանոցներ: Պետությունը կարող է, օրինակ, ներդրումներ խրախուսել եւ դրանք ուղղորդել երկու աստղի չափանիշներին համապատասխանող համեստ եւ հարմարավետ հյուրանոցների կառուցմանը: Հավանաբար կգտնվեն մարդիկ, ովքեր կպնդեն, որ այդպիսի հյուրանոցներ արդեն կան, միգուցե կան, սակայն հայտնի է, որ դրանք իրենց առաջարկած պայմաններով, ծառայություններով եւ աշխատող անձնակազմով ավելի շատ ուղղված են տեղացիների գիշերային հաճույքների բավարարմանը, այլ ոչ թե զբոսաշրջիկներին: Հյուրանոցային տնտեսությունը համալրելու պահն ավելի քան պատեհ է, մանավանդ որ պետությունը, ինչպես օրեր առաջ հայտարարեց վարչապետը, զարգացման նոր նախաձեռնությունների եւ նախագծերի է սպասում` դրանց իրականացմանն օժանդակելու նպատակով:

Հանուն արդարության պետք է նշել, որ զբոսաշրջային փաթեթի էժանացման ուղղությամբ փոքրիկ դրական տեղաշարժեր արդեն գրանցվում են, մասնավորապես` մուտքի արտոնագրի գինը (որի բարձր լինելու մասին ես առիթ ունեցել եմ մտահոգություն հայտնելու մայիսին հրապարակված իմ մի հոդվածում) էժանացվել է 5 անգամ` 15.000 դրամից իջնելով 3000 դրամի: Սակայն դա դեռ բավարար չէ: Ամեն դեպքում, մենք որպես մեկնակետ՝ պետք է ունենանք այն հանգամանքը, որ զբոսաշրջությունը Հայաստանում ունի սեզոնային սահմանափակումներ` այն տեւում է մոտ կես տարի: Այդ սահմանափակմանը չպետք է ավելանան լրացուցիչ սահմանափակումներ, որոնք երբեք թույլ չեն տա մեր երկիր այցելող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասցնել մեկ ու կես միլիոնի (ինչպես որ հավակնում ենք): Իսկ դե, օտարերկրյա զբոսաշրջիկների տարեկան թիվը` 510.000 հոգի, ինչպես հայտարարվեց 2007-ի համար, եւ 650.000 հոգի, ինչպես հավանաբար կհայտարարվի 2008-ի համար, առանձին թեմա է: