Կրակել են դիտորդների վրա

21/11/2008

Վրաստանում գտնվող Եվրամիության դիտորդները հայտարարել են, որ կիրակի օրն իրենց վրա Աբխազիայի հետ սահմանի վրա կրակահերթ են արձակել: Զինադադարի համար ԵՄ մոնիտորինգի առաքելություն իրականացնող դիտորդները հայտարարություն են տարածել, որտեղ կատարվածը գնահատել են «անընդունելի»: Նրանք աբխազական իշխանություններին խնդրել են հետաքննություն անցկացնել: Կատարվածի ժամանակ ոչ մեկը չի վիրավորվել: Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խումբը կազմված է 225 հոգուց եւ Վրաստանում է գտնվում դեռ հոկտեմբերի մեկից: Իսկ Աբխազական իշխանությունները դիտորդներին չեն թույլատրում մտնել իրենց տարածք: Միաժամանակ երեկ հայտարարություն են տարածել նաեւ Աբխազիայի իշխանությունները` պնդելով, թե Վրաստանում տեղաբաշխված ԵՄ դիտորդներն ակտիվորեն մասնակցում են վրացական կողմի զինված սադրանքներին: «Շաբաթ օրը, վրացական զինված ստորաբաժանման հետ միասին, Աբխազիայի տարածք էին անցել նաեւ ԵՄ դիտորդները: Ի՞նչ իրավունք ունեին նրանք կատարելու նման գործողություններ»,- հայտարարել է Աբխազիայի Գալիի շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչը` հավելելով, թե աբխազական ստորաբաժանումները, բնականաբար, Աբխազիայի տարածքից դուրս են մղել վրացի զինվորականներին: