Երեւանում մինչեւ 2001թ. բնակելի կառուցապատումներ իրականացրած քաղաքացիները կարող են դիմել քաղաքապետարան եւ ստանալ սեփականության իրավունք` այս տարվա ամռանն ընդունված «Երեւան քաղաքում հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի շրջանակներում: Երեկ այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանը` հավելելով, թե օրենքի ընդունումը եւ համապատասխան աշխատանքների իրականացումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերից է: Ըստ Ա. Սարգսյանի` ամեն ինչ արվում է, որպեսզի 45-օրյա ժամկետում քաղաքացու դիմումին տրվի համարժեք պատասխան:
Բոլորովին վերջերս ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ` օրենքով մատնանշված անվճար սեփականաշնորհման ենթակա հողամասի չափը չի կարող գերազանցել 300 մետրը: Իսկ 300 մետրից ավելի հողամասը կարող է օտարվել միայն կադաստրային արժեքով, եթե, իհարկե, չի հակասում քաղաքաշինական նորմերին: Քաղաքացիների սեփականության իրավունքը ճանաչվում է այն դեպքում, եթե շինությունը չի հակասում քաղաքաշինական նորմերին, ընդհանուր օգտագործման տարածքներում եւ ենթակառուցվածքների վրա չի կառուցված եւ այլն: «Հանրապետության նախագահը, վարչապետը եւ Երեւանի քաղաքապետն արել են ամեն ինչ, որպեսզի քաղաքացիների իրավունքներն իրենց բնակարանների նկատմամբ հաստատվեն` չկատարելով ոչ մի վճարում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենքը 2001թ. հետո ձեւավորվող թաղամասերին չի վերաբերում: