Ֆիլմ-ակցիա՝ երգերի միջոցով

21/11/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Թուրք, հույն եւ ամերիկացի (սեւամորթ) երիտասարդներն իրար հետ ծանոթանում են ամենազոր ինտերնետի միջոցով, իրար նամակներ են գրում ու իրենց համար բացահայտում են 1915թ. տեղի ունեցած հայերի կոտորածի փաստը։

Հետագայում նրանք փորձում են ավելի խոր ինֆորմացիա ստանալ Եղեռնի մասին ու սկսում են շփվել հայ երիտասարդ մի աղջկա հետ։ Եվ այս չորս՝ տարբեր ճակատագիր ու մտքեր ունեցող պատանիներն ու աղջիկները դառնալու են «106 բանաձեւ» ապագա ֆիլմի հերոսները։ Ֆիլմը, որն ընդամենը 8,5 րոպե տեւողություն է ունենալու, նկարահանվելու է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ։ Դեռ անցյալ տարի երգչուհին հանդիպել ու համագործակցել է ամերիկյան դերասանուհի Շերոն Սթոունի եղբոր՝ բանաստեղծ Մայքլ Սթոունի հետ։ Նրանք որոշել են համերգային ծրագրեր կազմել ու ԱՄՆ-ին ներկայացնել Հայոց եղեռնի իրողությունը՝ գեղեցիկ, մեղեդային ու դրամատիկ հայկական երգերի միջոցով։ Ֆ.Մարտիրոսյանի ամերիկյան համերգների ընթացքում Մ. Սթոունը կատարել է նաեւ իր բանաստեղծությունները, որոնք ուղղված են եղել բռնությունների, ահաբեկչությունների ու ցեղասպանությունների դեմ։ Իսկ հիմա համերգային ակցիան վերածվելու է փոքր մի ֆիլմի, որտեղ նույնպես հնչելու են Մ. Սթոունի ու Ֆ. Մարտիրոսյանի ձայները։ Թեեւ ֆիլմը խաղարկային է լինելու ու հստակ գրված սցենար է ունենալու, սակայն ֆիլմում երկխոսություններ չեն լինի, կհնչեն միայն Ֆ.Մարտիրոսյանի կատարած «Դլե, յաման», «Ադանա», «Քելե, լաո» երգերը, իսկ Մ. Սթոունն իր բանաստեղծությունը կարդալուց բացի՝ կմեկնաբանի ու կթարգմանի երգերի ընդհանուր իմաստը։ Ֆիլմը կավարտվի նրա բառերով. «Lets go home, lao»՝ «արի վերադառնանք տուն, լաո»։ Ֆիլմում Եղեռնի կադրեր չեն լինի, տեսաշարը հիմնականում պատմությունն ուսումնասիրել ցանկացող երիտասարդների կերպարների վրա հիմնված կլինի։ «106 բանաձեւ» ֆիլմի սցենարի հեղինակ ու ռեժիսոր Ժիրայր Դադասյանը նկատեց, որ նման ֆորմայի ֆիլմ ինքը չի հիշում, այն ոչ ֆիլմ է, ոչ էլ ՝ տեսահոլովակ, այլ՝ երգերի շարանի ու սյուժեի համադրման փորձ է։ «Ֆիլմի հերոսները այսօրվա երիտասարդներն են, որոնց միացնում է ինտերնետը։ Եվ նրանք սկսում են կրկին հետաքրքրվել ու անդրադառնալ ցեղասպանության թեմային։ Թուրք երիտասարդն, օրինակ, որոշում է Հայաստան գալ ու ինքն իր համար պարզել՝ թե ի՞նչ է տեղի ունեցել անցյալում։ Ֆիլմում ցեղասպանությունները դատապարտող խոսքեր չեն լինի, ավելի շուտ ինֆորմացիայի պակասը լրացնելու փորձ կլինի»,- ասաց նա։ Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան տարբեր երկրներում, նաեւ՝ Թուրքիայում, որտեղ իր աջակցությունը կցուցաբերի «Անատոլ-Կուլտուր» կազմակերպությունը։ Ֆիլմի վերնագիրն արդեն իսկ խոսում է այն մասին, որ հեղինակները ցանկանում են ամերիկյան Կոնգրեսում քննարկվող 106 բանաձեւի ընդունումը խրախուսել ու Հայոց ցեղասպանության փաստը ճանաչված տեսնել։ «Վերնագիրն արդեն իսկ հուշում է, որ ֆիլմը պետք է պրոպագանդիստական ծանրակշռություն ունենա։ Ֆիլմի պատկերաշարը պետք է երգերի մատուցմանը ծառայի, եւ միեւնույն ժամանակ՝ իր մեջ պրոպագանդա կրի»,- ասում է Ժ.Դադասյանը։ Իսկ Ֆ.Մարտիրոսյանն ավելացնում է, որ դերասանուհի Շերոն Սթոունը խոստացել է ֆիլմը պատրաստ լինելուն պես՝ այն տարբեր հավաքների ժամանակ ցուցադրել, ընդհուպ՝ մինչեւ ԱՄՆ Կոնգրեսում հատուկ ցուցադրություն կազմակերպելը։ Ֆիլմը պատրաստ կլինի 2009թ. ապրիլի 24-ին։

Քաղաքային ֆոլկլորն անհետանում է

Անկասկած այդ ֆիլմ-ակցիան նախատեսված է լինելու ավելի շուտ «դրսի» եւ այն մարդկանց համար, ովքեր շատ բան չգիտեն Եղեռնի մասին։ Ժ.Դադասյանը նկատում է, որ ֆիլմը կարվի «օտարի» աչքով եւ «օտարի» համար։ Եվ ավելացնում է. «Կարծում եմ, մենք մեր երկրի ներսում նույնպես մեր արվեստը փոքր-ինչ կողքի հայացքով մատուցելու կարիք ունենք։ Քաղաքային մշակույթի շրջանակներում արված մենք հիմա շատ քիչ բան ենք տեսնում։ Մենք ընտելացել ենք ու մեր երգերի մեջ այնքան ենք «մտել», որ մեր բոլոր երգերն ու կլիպները իրար նման են դարձել, բոլորի մեջ հայտնվել են անհասկանալի քրդական երանգները։ Ընդհանրապես շատ բաներ ռամկական մշակույթի մեջ են անում՝ մոռանալով, որ քաղաքային մշակույթն ենք կորցնում»։

Հայաստանի ներսում խոսելիս մշակութային քարոզչության մասին, մենք հաճախ լավ չենք պատկերացնում, թե երգարվեստի ո՞ր ճյուղերին է հարկավոր նախապատվություն տալ։ Հասկանալի է, որ էստրադան ինքնին առանց քարոզչության էլ կզարգանա, իսկ ժողովրդական երգը հիմնականում ներկայացնում ենք որպես արխաիկ, գեղջկական ակունքներ ու ֆորմա ունեցող մի երեւույթ։ Եվ հիմա առավել քան երբեւիցե հրատապ ու գեղեցիկ է քաղաքային երգին, ռոմանսին անդրադառնալը, քանի որ Ֆլորա Մարտիրոսյանը քաղաքային ռոմանսի փայլուն կատարող ու մեկնաբանող է։ Նա ընդգծում է, որ, ցավոք սրտի, տարիներ առաջ գրված երգերի կողքին նորերը չեն հայտնվում, իսկ հին ու լավ երգերի նկատմամբ էլ հետաքրքրությունը դանդաղորեն կորում է։ Երգչուհին, ով այսուհետ ապրելու է ՀՀ-ում (մինչ այդ նա 8 տարի բնակվում էր ԱՄՆ-ում), հիմա երազում է հենց քաղաքային երգարվեստի զարգացումը տեսնել։ «Ինձ համար շատ կարեւոր է համերգային գործունեություն ծավալող դպրոցի ստեղծումը։ Դա պետք է ավելի շուտ ոչ թե դպրոց կամ ստուդիա լինի, այլ՝ մի կենտրոն դառնա, որը համերգներ ու ներկայացումներ կկազմակերպի։ Ֆորմա իմաստով այն կարող է Երգի պետական թատրոնին նման լինել, բայց ոչ թե էստրադայի, այլ՝ ավանդական ժողովրդական երգի վրա պիտի հիմնված լինի։ Շատ կուզեի, որ մեր երգարվեստում «օդ» հայտնվեր, որ չմոռացվեին մեր ռոմանսները, քաղաքային ֆոլկլորը։ Մենք քաղաքային երգի իսկական «գոհարներ» ենք ունեցել, եւ մարդիկ ապրել են այդ երգերով։ Այդ երգերն իրենց հերոսներն են ունեցել, իրենց ապրումներն են ունեցել, եւ լավ կլինի, որ մեր երիտասարդներն իմանան՝ թե ի՞նչ մարդիկ են եղել ու ի՞նչ երգեր են հնչել 60-ականների կամ 70-ականների Երեւանում»,- ասում է տիկին Ֆլորան եւ նկատում է նաեւ, որ այսօրվա Երեւանն այսօրվա իր երիտասարդ հերոսների մասին երգեր գրեթե չունի։ «Փուլ առ փուլ պետք է աշխատել, եւ եթե ցույց տանք մեր երիտասարդներին ոչ շատ վաղ անցյալը, նրանք ինքնաբերաբար նոր քաղաքային ֆոլկլոր կստեղծեն»,- ասում է նա։ «Իսկ արդյոք երիտասարդների կողմից սիրված «ռեփը» չի՞ կարող դառնալ քաղաքի այսօրվա դիմագիծը» հարցին Ֆ.Մարտիրոսյանը պատասխանում է. «Ռեփն ամբողջովին օտար ոճ է, եւ եթե խորանանք, ապա կտեսնենք, որ այն շատ հեռու է արվեստից։ Ռեփ-երգիչները երգում են միայն այն, ինչ տեսնում են, նրանք չեն ընդհանրացնում ու փիլիսոփայություն չեն դնում երգի մեջ»։

21-րդ դարում մեր Երեւանն իր հույզերն ու իր հերոսներին չի գտնում երգերի մեջ, չի գտնում նաեւ կինոյում ու թատրոնի բեմում։ Հաճախ վերագտնելու համար այսօրվա դիմագծերը, հարկ է լինում մի քանի քայլ ետ վերադառնալ` վերականգնելու համար ընդհատված շղթան։ Ժ.Դադասյանն ասում է. «Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ ժողովուրդ համարվել, մենք պետք է քաղաքային մշակույթը զարգացնենք։ Իսկ դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ մենք նման նպատակ դնենք մեր առջեւ։ Հիմա երբ ասում ենք՝ «հայ հերոս», պատկերացնում ենք Քաջ Նազարին, որն անպայման փափախով, չարոխներով ու կարկատած շորերով պիտի լինի։ Չգիտես՝ ինչո՞ւ, հենց Քաջ Նազարն ու Ուստիանն են դարձել հայկական հիմնական հերոսները։ Իսկ դա վատ է, մենք նրանց կողքին չունենք քաղաքային հերոսներ»։

Հաճախ հենց երգերն են, որպես արագ տարածվող ու սիրվող արվեստի տեսակ, մեր այսօրվա ինքնությունը հասկանալու միջոց դառնում։ Իսկ թե դրանք ի՞նչ ոճի կպատկանեն, երկրորդական հարց է։ Կարեւորը, որ լինեն պրոֆեսիոնալ, գեղեցիկ ու մեր այսօրվա տրամադրություններն արտահայտեն։