Այս տարվա 10 ամիսներին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 111 նոր դեպք: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ 1988թ. մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 649 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների թվում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 484 մարդ (74,6 %), իգական սեռի մոտ արձանագրվել է վարակի 165 դեպք (25,4 %), երեխաների մոտ` 13: ՄԻԱՎ-ով վարակվածների 70,4%-ը 20-39 տարիքային խմբում են: ՀՀ-ում վարակի փոխանցման հիմնական ուղիները հետերոսեքսուալ ճանապարհն է (49 %) եւ թմրամիջոցների ներարկային օգտագործումը (44,4 %): Բացի այդ, հանրապետությունում արձանագրվել են մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով վարակի փոխանցման դեպքեր: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 278-ի մոտ (կին` 55, երեխա` 6) ախտորոշվել է ՁԻԱՀ, որից 68-ը՝ այս տարվա ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 150 դեպք: Մահացածների թվում կան 22 կին եւ 3 երեխա: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում՝ 297, որը բոլոր գրանցված դեպքերի 45,8 տոկոսն է: Երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 10%: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա ՄԻԱՎ-ով ապրող շուրջ 2800 մարդ: