«Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի շրջանակներում գործող Գյուղատնտեսության աջակցության մարզային եւ հանրապետական կենտրոնին լիարժեք գործունեություն իրականացնելու նպատակով 2009թ. պետբյուջեով նախատեսվել է հատկացնել 183,3 մլն դրամ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Հովիկ Հովհաննիսյանը, մարզային կենտրոնները, որոնց գործունեությունը դրական ներգործություն եւ արդյունավետ դեր ունի համայնքներում, 40%-ով կֆինանսավորվեն բյուջեի, 30%-ով` Համաշխարհային բանկի կողմից, եւս 30%-ը կենտրոնները ձեռք կբերեն իրենց գործունեության որոշ մասի վճարովի հիմունքներով իրականացման հաշվին: Սահմանամերձ մարզային կենտրոններին բյուջեից կտրամադրվի հավելավճար: Վերոհիշյալ գումարի շրջանակներում կառույցները մարզերում գյուղատնտեսական արտադրություն վարողներին խորհրդատվական ծառայություն տրամադրելուց բացի՝ կիրականացնեն փորձացուցադրական ծրագրերի նոր տեխնոլոգիաների իրականացման-գնահատման եւ ֆերմերների ուսուցողական սեմինարների կազմակերպման աշխատանքներ: