Վարի՛, գութան

21/11/2008

Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված տեխնիկական համագործակցության պայմանագրի շրջանակներում տրամադրված 13 մլն յուանի հաշվին անցած շաբաթ Հայաստան է ներկրվել 50 միավոր գյուղտեխնիկա: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սպասարկումների վարչությունում, գյուղտեխնիկան` տրակտոր` կցասայլերով ու գյուղգործիքներով, մեկական միավոր եգիպտացորենահավաք, հատիկաընդեղենահավաք կոմբայն, 9 միավոր հավաքիչ-մամլիչ, 3 միավոր փոցխ, 10 միավոր սրսիչ եւ 5 միավոր եգիպտացորենի շարքացան, հնարավորություն կտա նորացնել, համալրել ու հարստացնել հանրապետության հավաքակայանը: Տեխնիկայի հետագա տնօրինումը կանոնակարգվելու է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ` աճուրդային եղանակով եւ ապրանքների իրական գներից ցածր: Իրացումից գոյացած միջոցներն այս անգամ եւս հավաքագրվելու են ՀՀ Ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշիվներում եւ նպատակաուղղվելու են գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը: