ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում` «Թուրքիայի դերը ապագայի կազմավորման գործում» թեմայով ունեցած ելույթում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկնել է Հայոց ցեղասպանության հարցը պատմաբաններին թողնելու մասին Հայաստանին արած իր նախկին առաջարկը: Հարցին, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի եւ նրա վարչախմբի՝ հայկական պնդումների հետ համաձայն լինելու դեմ ինչպիսի կեցվածք պետք է ցուցադրի Անկարան, Էրդողանն պասախանել է, թե ԱՄՆ հայկական սփյուռքի՝ Թուրքիայի դեմ արշավն «արդարացի չեն համարում եւ չեն ընդունում»: «Հայկական պնդումների հարցը պատմաբաններին թողնելու մասին Հայաստանին արված առաջարկս դեռ ուժի մեջ է: Թող պատմաբաններն ուսումնասիրեն եւ արդյունքը ներկայացնեն քաղաքական գործիչներին: Մենք որեւէ կասկած չունենք մեր անցյալի նկատմամբ եւ պատրաստ ենք առերեսվելու սեփական պատմության հետ: Թող հայերը բացեն իրենց արխիվները, պատմաբաններն աշխատեն եւ որոշում ընդունեն: Բոլորն էլ կհաշտվեն այդ որոշման հետ: Հուսով եմ, որ ԱՄՆ նոր վարչախումբն էլ կգնահատի այս բոլորը: Թե չէ` պարզ քաղաքական լոբբիներով ու կուլիսային աշխատանքներով չի կարելի որոշում ընդունել որեւէ երկրի մասին»,- ասել է Էրդողանը: