Երեկ հերթական ուշագրավ իրադարձությունն է տեղի ունեցել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում: Եվ կրկին օրվա հերոսը եղել է ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: Վերջինս երեկ հայտարարել է, որ մարտի 1-2-ին իրավապահները կատարել են ՀՀ Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի հրամանները: Իսկ զավեշտն այն է, որ շուրջ երեք ամիս առաջ նույն Սաշիկ Աֆյանը նույն հանձնաժողովի նիստում կաշվից դուրս էր գալիս, օգտագործում էր հայոց լեզվի իմացության իր բոլոր հնարավորությունները` համոզելու համար, որ 10 մարդու մահվան պատճառ դարձած մարտի 1-ի օպերացիայի ղեկավարը եղել է ինքը, միայն ու միայն ինքը, եւ ոչ ոք՝ բացի իրենից: Իհարկե, Աֆյանի երեկվա հայտարարությունները շատ ավելի իրական են, քան օգոստոսի 5-ին ԱԺ-ում արված «ինքնախոստովանությունը»: Սակայն այս պատմության մեջ հետաքրքիր է ոչ թե փոխոստիկանապետի ասածների հակասականությունը, այլ այն, որ նա հրահանգ է ստացել փոխել «ցուցմունքները»: Ի դեպ, երեկ Աֆյանն ասել է, թե չգիտի` արդյոք մարտի 1-ին Հայկ Հարությունյանն իրենց տրված հրամանները համաձայնեցրե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ հարցին կպատասխանի Հայկ Հարությունյանը: Դատելով ներիշխանական ներկայիս զարգացումներից` այդ պատասխանը դրական կլինի: Եվ քանի որ այս շղթան նմանվում է պապի եւ շաղգամի պատմությանը, բացառված չէ, որ, այնուամենայնիվ, հանձնաժողովի հրավերն ընդունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Մնում է ենթադրել` արդյոք նա կասի՞, թե ում հետ է համաձայնեցրել այն հրամանները, որոնք Սաշիկ Աֆյանը եւ մյուսները ստացել են Հայկ Հարությունյանից: