«Հաղթանակ» զբոսայգին արդեն 55 տարեկան է: Այցելուները, թեեւ բազմաթիվ
դժգոհություններին, շարունակում են այգին Երեւանի լավագույն զբոսայգին
համարել: Իսկ դժգոհությունները կապված են հիմնականում այգու օրեցօր
կրճատվող կանաչ տարածության, սանիտարական վիճակի եւ զբոսայգու տարածքում
իրականացվող տարատեսակ ծառայությունների բարձր գների հետ:
«1953 թվականից ապրում եմ Զեյթունում, էս այգին, կարելի է ասել, իմ աչքի
առաջ է ստեղծվել,- ասում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչ Գրիգորյան
Լիդան,- իմ մանկությունն այս այգում է անցել, ու հիմա սիրտս ցավում է, երբ
նայում եմ էս անմխիթար վիճակին, ինչո՞ւ պետք է իմ թոռնիկներից այսօր խլեն
այս այգում գոնե զբոսնելու հաճույքը ու տեղում հյուրանոցներ ու
ռեստորաններ սարքեն, կողքերն էլ էսքան աղբ կուտակեն»: «Էլ չենք ասում, որ
փոքր-ինչ հանգստանալու համար երբ ուզում ենք այգի գալ, հաճախ երեխաներից
թաքուն ենք գալիս՝ որովհետեւ երեխայի հետ այգի գալու համար գոնե մի քանի
հազար դրամ պիտի ունենաս, հո չե՞ս կարող երեխային ամեն ինչ մերժել»,-
ընկերուհու բողոքը շարունակում է Բաղդասարյան Կիման: Երեխաների հետ
զբոսնող երիտասարդ զույգերն էլ էին դժգոհ. «Եթե նկատում եք, շատերն են
աշխատում այգու զվարճալիքներից հեռու զբոսնել, պակաս մարդաշատ վայրերում,
ուր կարուսել չկա, անընդհատ ինչ-որ բաներ չեն առաջարկում գնել, որովհետեւ
դժվար է, երբ երեխադ ինչ-որ բան է ուզում, ու դու ամեն ինչ չէ, որ
կարողանում ես գնել, իսկ այս այգում ամեն ինչը երեւանյան գների
համեմատությամբ առնվազն 50-100 դրամով թանկ է»: Ուրիշ այլընտրանք
այցելուներն առայժմ չունեն. «Երբեմն երեխաներին տանում ենք Խանջյանի վրայի
այգին, ուր կարուսելներն անվճար են, բայց դե ամեն օր հո չե՞ս կարող վեր
կենալ Զեյթունից գնալ Խանջյան զբոսնել»:
Այցելուներն իրենց խնդիրներն ունեն, իսկ այգու տնօրինությունն ասում է՝ լավ այգի ունենալն ու պահելը թանկ հաճույք է:
Ծննդյան օրից ի վեր «Հաղթանակ» զբոսայգու հիմնախնդիրներով զբաղվել է
Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի վարչությունը: Քաղաքական հայտնի
վերաձեւումներից հետո այգին իր տեղը չի գտնում՝ տարեցտարի, զանազան
որոշումներով, այն մեկ հայտնվում է քաղաքապետարանի զանազան
վարչությունների, մեկ՝ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ենթակայության տակ:
Արդեն մի քանի օր է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանը այգուց կրկին հրաժարվել
է, եւ այգին վերադարձել է կրկին թաղապետարան, այս անգամ՝ ոչ մշակութային,
ոչ Կանաչապատման վարչություն, այլ «Նոր բարեկարգում» ՓԲԸ:
Թորոս Ումրիկյանն այգին տնօրինել է դեռեւս 80-ական թվականներից: «1989
թվականից քաղաքապետարանի որոշմամբ այգին անցավ ինքնաֆինանսավորման, սակայն
եւ ժամանակներն էին վատ, եւ այգու հնարավորությունները շատ խղճուկ էին
տնտեսապես զարգանալու համար, անկումային տարիներ էին՝ մի կերպ յոլա
գնացինք»,- հիշում է Թ. Ումրիկյանը: 1997 թվականին քաղաքապետարանի
մշակութային բաժինը, որի ենթակայությամբ գործել է այգին, լուծարվում է եւ
ստեղծվում «Երեւանյան այգի» ՓԲԸ-ն, որ պետք է զբաղվեր մայրաքաղաքի
այգիներով ու կանաչ տարածքներով: «Այս կառույցը գործեց ընդամենը մեկ տարի,
սակայն այդ մեկ տարում այգում ամեն ինչ հիմնավորապես քայքայվեց,-
շարունակում է պրն Ումրիկյանը,- այնուհետեւ այգին տվեցին քաղաքապետարանի
«Կանաչապատում» ՓԲԸ-ին՝ պարտքերի մեջ խրված, կիսաքայքայված մի
կազմակերպության, որ ոչինչ չէր կարող անել այգու համար»: Այգու
աշխատակազմի բազմաթիվ նամակ-դիմումներից հետո 2000 թվականին այգու 1,5 հա
տարածք հանձնվում է աշխատակիցներին՝ 25 տարի ժամկետով անհատույց
շահագործման: Ստեղծվում է «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ն՝ Թորոս Ումրիկյանի
նախագահությամբ: «Մեր ՍՊԸ-ն մեկ տարում արեց ավելին, քան այդ բոլոր
վարչություններն էին արել այդ տարիների ընթացքում»:
«Ուրախ ժամանց» ՍՊԸ-ն այժմ զբաղեցնում է զբոսայգու կենտրոնական մուտքից
դեպի «Մայր Հայաստան» հուշահամալիր տանող երկու ծառուղիները: Այգու այս
հատվածն այժմ բավականին բարեկարգ է, կանաչ տարածքները՝ խնամված, գիշերային
լուսավորությունն՝ ապահովված է, նստարաններին նստել հնարավոր է,
աղբարկղերի ու զուգարանի գոյությունն էլ հուսադրող է: Այգու մնացած
հատվածը բարձիթողի վիճակում է, ով ինչպես կարողանում՝ փչացնում ու
աղտոտում է: Այգու այցելուների թիվն օրական 15-20.000-ի է հասնում:
«Ուրախ ժամանցի» ուրախ հնարավորությունները
Այգու իր հատվածում «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ն բազմաթիվ նորամուծություններ է
արել: Մասնավորապես կառուցվել է բացօթյա բեմ, ուր ամեն օր ժամը 19.00-ից
սկսած համերգային ծրագրեր են լինում: Այգու գեղարվեստական միջոցառումներով
զբաղվում է պարուսույց Դիանա Գրիգորյանը: Համերգային ծրագրերը կազմվում են
հաշվի առնելով այցելուների պահանջները: «Էնքան նամակներ եմ ստանում»,-
ասում է Դիանան: Նամակների հեղինակները հիմնականում արեւելյան
երաժշտություն ու պարեր են գերադասում: «Չնայած ես աշխատում եմ, որ ոճերի
բազմազանություն լինի, բայց հաճախ ստիպված ենք հաշվի առնել այցելուների
ճաշակը»,- ասում է Դիանան: Այցելուների մեծամասնությունը մարզերից է:
«Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի հետ համագործակցում են «Գոլդըն սթար» եւ «Լամբադա»
պարային խմբերը: «Հունիսի 1-ին լատինաամերիկյան պարերի օր էինք
հայտարարել,- պատմում է Դիանան,- «Գոլդըն սթարն» անընդմեջ մոտ քառասուն
պարային կատարումով հանդես եկավ, այդ ամբողջ ընթացքում ժողովուրդ պարում
էր, ու ես նկատում էի՝ ինչքան պարում՝ չեն հագենում»: Այգու այցելուները
շատ են սիրում Մարինա Թագակչյանի «Կարմիր գինի» երգի տակ «Գոլդըն սթարի»
բեմադրած պարային համարը. հատկապես երիտասարդ աղջիկները օրական ամենաքիչը
6-7 անգամ «Կարմիր գինի» են պահանջում: Այգու հաճախորդների սիրելի
երգիչներն են Սրապ Շիրինյանը, Սպարտակ Հարությունյանը, Կարեն Աթաբեկյանը:
Կարեն Աթաբեկյանի ունկնդիրն էլ ամենաշատը «Առաջին սիրո երգն» է պահանջում:
Մինչ երգիչներն ու պարային խմբերը փորձում են զվարճացնել այցելուներին,
այգու մյուս աշխատակիցները՝ «տելեպուզիկներն» ու «Միկի Մաուսները» նույն
հաջողությամբ կռիվ են գցում երեխաների ու ծնողների մեջ՝ նրանք նախ
երեխաներին զվարճացնելու իմիտացիա են անում, հետո տարաբախտ ծնողներին
ստիպում են իրենցից գնել փուչիկներ ու զանազան խաղալիքներ, առաջարկում
իրենց հետ նկարվել, հետո նկարվելու համար գումար պահանջում, մի խոսքով՝
ամեն ինչ անում են, որ հաջորդ անգամ այգի չմտնես:
Ուրախ կարուսել
«Մեր ՍՊԸ-ի հիմնադրումից ի վեր այգու ատրակցիոնները 90%-ով թարմացվել
են»,- ասում է «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի նախագահ Թորոս Ումրիկյանը: Այժմ
գործում են շուրջ 40 ատրակցիոններ եւ խաղեր: Գները՝ 100-300 դրամ:
Ամենամեծ պահանջարկն այգում «Տորնադո» կարուսելինն է: Ի դեպ, վերջին
տարիներին տեղադրված կարուսելների նախագծերի հեղինակն է այգու գլխավոր
մեխանիկ Հրանտ Սարգսյան: Ասում է՝ «Կարուսելը նախագծելիս միշտ հաշվի եմ
առնում հաճախորդների պահանջարկը, երիտասարդները հիմնականում սիրում են այն
կարուսելները, որոնց ռիսկի հնարավորությունը մեծ է, վախի զգացողությունն
ուժեղ է»: Հրանտ Սարգսյանը թղթի վրա նախ գծում է կարուսելի արտաքին տեսքը,
այնուհետեւ դետալ առ դետալ մշակում մեխանիզմը: «Արտասահմանում ամբողջական
ինստիտուտներ ու գործարաններ են աշխատում կարուսելի ստեղծման վրա,- ասում
է պրն Սարգսյանը,- բայց քանի որ մենք այդքան հնարավորություն չունենք, ես
միշտ նախագծելիս նկատի եմ ունենում՝ ինչ շինանյութ օգտագործել, հաշվի եմ
առնում մեր գործարանների հնարավորությունները՝ ինչպիսի դետալներ կարող են
արտադրել, որովհետեւ այդ բոլոր դետալները մենք տարբեր գործարաններում
ստանալուց հետո նոր բերում ենք այստեղ՝ տեղում կարուսելը հավաքում»: Այգին
հատուկ հանձնախումբ ունի, որը կարուսելը փորձարկելուց հետո շահագործման
թույլտվություն է տալիս: Պրն Սարգսյանի հավաստմամբ՝ այգում գործող բոլոր
կարուսելների անվտանգությունն ապահովված է. «Ամեն օր այգու աշխատանքները
սկսելուց առաջ, մենք ստուգում ենք անցկացնում»: Ամեն գարնան կարուսելները
հիմնավոր վերանորոգման են ենթարկվում, իսկ աշխատանքային սեզոնի ընթացքում
8-10 անգամ հիմնավոր զննվում եւ արձանագրություններ են կազմվում
տեխնիկական վիճակի մասին: «Կարուսելը նախագծելիս ես անվտանգության բոլոր
միջոցները հաշվի եմ առնում,- ասում է Հ. Սարգսյանը,- օրինակ «Տորնադո»
կարուսելը պահող չորս ճոպաններից յուրաքանչյուրը նախատեսված է 20 տոննա
բեռան համար (հատուկ հաստատություն կա, որ ստուգում է այդ ճոպանները եւ
շահագործման գրավոր թույլտվություն տալիս), «Տորնադոյի» քաշը 1,5 տոննա է,
այսինքն բացառվում է, որ այս ճոպանները պոկվեն, կամ եթե անգամ մի ճոպանը,
այնուամենայնիվ, կտրվի, ամեն ինչ այնպես է հաշվարկված, որ հաճախորդը ոչ մի
վնաս չկրի»: Կարուսելի 1 պտույտը ընդունված է սահմանել 3 րոպե: Բոլոր
կարուսելները, բացի «Պտտվող անիվից», 3 րոպեից ավտոմատ անջատվում են: «3
րոպեն պատահական չէ ընդունված,- ասում է պրն Սարգսյանը,- ամբողջ աշխարհում
է այդպես, մասնագետները հաստատել են, որ մարդ 3 րոպե կարող է դիմանալ նման
արտակարգ իրավիճակներին, 3-ից ավելի էլ, իհարկե, կարող է, բայց մինչեւ 3
րոպեն նրա առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում»: Կարուսելը հրաշալի
միջոց է սթրեսից դուրս գալու համար. Հրանտ Սարգսյանն այսպես է բացատրում
ռիսկային մեծ հնարավորություններ ենթադրող կարուսելների պահանջարկը
մեզանում:
Այգու ամենաէժան կարուսելի կառուցումն արժեցել է 5000 դոլար, ամենաթանկը՝
30.000 դոլար: Արժեքը պայմանավորված է մեխանիզմի բարդությամբ ու ծավալով:
«Արտերկրից կարուսել բերելն այսօր անիմաստ է,- ասում է Թ. Ումրիկյանը,-
որովհետեւ կարուսելների գներն այնտեղ սկսվում են կես միլիոն եվրոյից, իսկ
եթե տեղափոխության, տեղադրման եւ շահագործման հետ կապված ծախսերն էլ
գումարենք դրան, կարուսելի 1 պտույտի գինը ոչ թե 300 դրամ կլինի, այլ 5-10
դոլար»:
«Հաղթանակ» զբոսայգու կանաչ ապագան
Զբոսայգու այն հատվածին, որն այժմ բարձիթողի վիճակում է, կանաչ ապագա է
սպասվում՝ հավաստիացնում է քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ՊՓԲԸ-ն, ում
ենթակայության տակ է այժմ այգին: Նախատեսվում է այգում ոռոգման ցանց
անցկացնել, ինչն ընդհանրապես բացակայում է, երիտասարդացնել ծառերը, տնկել
եւս 1000 ծառ, գազոններ եւ վարդանոցներ հիմնել, ապահովել այգու
սանիտարական վիճակը:
Հոկտեմբերին, «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունից անմիջապես հետո,
այգում 4 օր շարունակ տոնական միջոցառումներ են նախատեսվում՝ 55-ամյակի
կապակցությամբ: Միջոցառումներն «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ն է իրականացնելու:
«Այգու 50-ամյակի միջոցառումներին ավելի քան 400.000 մարդ է մասնակցել,
այս տարի ավելիին ենք սպասում»,- ասում է պրն Ումրիկյանը: