Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը կուրծք էր ծեծում` համոզելու համար, որ մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունների ժամանակ ոստիկանները կատարել են բացառապես իր հրամանները:
Սակայն նույն հանձնաժողովի երեկ կայացած նիստում նա նույնքան ջանադրաբար այդ իրադարձությունների ղեկավարման պատասխանատվությունը գցեց ՀՀ այլեւս նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վրա` մի քանի անգամ կրկնելով, որ այդ օրը ոստիկանները ոչ թե իր հրամանն են կատարել, այլ` Հայկ Հարությունյանի: Իսկ ինքը եղել է ընդամենը հրամանները կատարող անձ: Ըստ Ա. Աֆյանի երեկ ներկայացրած վարկածի` ինքը պատասխանատու է եղել միայն Ֆրանսիայի դեսպանատան եւ Շահումյանի անվան հրապարակի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների համար, եւ ցանկացած գործողություն, որն իրականացրել են այդ տարածքում տեղաբաշխված ոստիկանական ստորաբաժանումները, նա համաձայնեցրել է Հայկ Հարությունյանի հետ: Ի դեպ, Աֆյանի ասելով` այդ տարածքներն ինքը միայնակ չի «նայել», իր հետ Հ. Հարությունյանի հանձնարարականով եղել է նաեւ «6-րդ» վարչության այլեւս նախկին պետ Աշոտ Գիզիրյանը, իսկ Գրիգոր Լուսավորիչ պողոտան եղել է փոխոստիկանապետեր Արմեն Երիցյանի եւ Հովհաննես Հունանյանի հսկողության տակ: Այսինքն, ըստ Աֆյանի` մարտի 1-2-ի օպերացիան ղեկավարել է Հ. Հարությունյանը` Աֆյանի, Գիզիրյանի, Հունանյանի եւ Երիցյանի գլխավորած երկու խմբերի միջոցով:
Երեկ Ա. Աֆյանը հանձնաժողով էր հրավիրվել՝ ներկայացնելու մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքերը: Հիշեցնենք, որ Աֆյանը հրավիրված էր հանձնաժողովի նաեւ նախորդ նիստին, սակայն չէր եկել` պատճառաբանելով, թե վատառողջ է: Նրա ներկայացմամբ` մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում տեղի ունեցած դեպքերից հետո Ոստիկանությունը շրջիկ խմբեր էր ստեղծել, որոնք պետք է քաղաքում «ծառայություն» կազմակերպեին ու պարբերաբար զեկուցեին իրենց, թե քաղաքի որ մասում են մարդկային կուտակումներ լինում, եւ ինչ է կատարվում Երեւանում ընդհանրապես: Հիշեցնենք, որ հենց այս «շրջիկ խմբերն» էին Մաշտոցի պողոտայում, Թումանյան փողոցում եւ Հանրապետության հրապարակում մարդկանց հետապնդում ու դաժան ծեծի ենթարկում: Սակայն մինչ դրան անդրադառնալը ներկայացնենք որոշ հատվածներ Աֆյանի երեկվա պատմածներից: Ըստ նրա, մարտի 1-ին, ժամը 11-ի սահմաններում այդ շրջիկ խմբերն իրենց ահազանգել են, որ Ֆրանսիական դեսպանատան մոտ են հավաքվել 200-300 մարդ, որից հետո իրենք Ոստիկանության 50-60 աշխատակիցներ են ուղարկել այնտեղ: Այնուհետեւ իրենց զեկուցել են, որ «բավականին լարված վիճակ է», ուստի իրենք ոստիկանական նոր ուժեր են ուղարկել Մյասնիկյանի արձանի մոտ: «Մենք պարտավոր էինք, այնտեղ Ֆրանսիական դեսպանատունն էր, Իտալական դեսպանատուն, մի քիչ վերեւ՝ Ռուսական դեսպանատուն, քաղաքապետարանգ ուղարկել են եւս լրացուցիչ ուժեր, բայց անձամբ ինձ զեկուցվեց, եւ ես ստացել եմ հանձնարարություն` գնալ-տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում»,- ասաց Աֆյանը: Բայց նա այնտեղ միայնակ չի գնացել. իր հետ լրացուցիչ ուժեր է վերցրել եւ, ըստ նրա` ժամը 11:30-ի սահմաններում հասել է Ֆրանսիական դեսպանատան մոտ: «Հասա այնտեղ, նկատեցի, որ դեսպանատան մոտ, Գրիգոր Լուսավորիչ պողոտայում արդեն 1 տրոլեյբուս հանվել էր գծերից, փակվել էր փողոցը, եւ 1 բեռնատար մեքենա` տրոլեյբուսի հետեւից: Սկզբնական շրջանում` 12-ի կողմերում, մենք մեր ուժերով աշխատել ենք, որպեսզի ճանապարհը բացենք, բայց հնարավոր չեղավ: Սկզբնական շրջանում մեզ մոտ ցանկություն առաջացավ, որպեսզի կարողանանք համոզել, որ կենտրոնական փողոցը ցուցարարներից ազատենք: Բայց իրենք չենթարկվեցին: Այնտեղ արդեն կոչեր էին հնչում, կողքը շինարարություն էր գնում, գետնի սալահատակները, քարերը, փայտի, երկաթի ձողերը պոկում-կուտակում էին բեռնատար մեքենայի թափքում եւ այնտեղ արդեն լցնում էին բենզինով շշեր: Ես որոշեցի շղթա կազմել, որպեսզի առաջխաղացում չունենան դեպի կենտրոնական փողոցներ, դեպի վերեւ` Մաշտոցի պողոտա, կառավարության շենք, Կենտրոնական բանկ»,- ասաց Աֆյանը` ավելացնելով, թե դրանից հետո, կես ժամվա ընթացքում «հեռախոսներով, չգիտեմ, ինչով» այնտեղ մոտ 2000-ից ավելի մարդ հավաքվեց, որից հետո իրենք արդեն լրացուցիչ ուժեր են պահանջել: Դրանից հետո, ըստ նրա` ինքը, Գիզիրյանն ու Հունանյանը սկսել են բանակցություններ վարել այնտեղ գտնվող «լիդերների» հետ: Աֆյանի ասելով` իրենք շղթա են կազմել Ֆրանսիական դեսպանատան հատվածում եւ Մյասնիկյանի արձանի մոտ, եւ 2-3 ժամ բանակցություններ են վարել: Ըստ նրա` այնտեղ ներկա են եղել Երջանիկ Աբգարյանը, Անահիտ Բախշյանը եւ Սամվել Գեւորգյանը, նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` իր աշխատակիցների հետ միասին: «Մենք գնացինք բանակցությունների, որովհետեւ այնտեղ արդեն, կարելի է ասել` զինվում էին քարերով, փայտերով»,- հայտարարարեց նա` ավելացնելով, թե բանակցությունները երկար են տեւել, որովհետեւ «մեկ համաձայնվում էին, մեկ` չէ»: «Մենք իրենց առաջարկեցինք ցուցարարներին վերցնել, ազատել կենտրոնական փողոցներն ու գնալ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք` միտինգ անելու: Չհամաձայնեցին: Առաջարկվեց «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակը: Չհամաձայնեցին: Առաջարկվել է Վարդան Մամիկոնյանի արձանի մոտի հրապարակը: Չհամաձայնեցին: Իրենք առաջարկեցին Մատենադարանի տարածքը, մենք ընդառաջեցինք, թույլ տվեցինք, այդ ընթացքում Դավիթ Շահնազարյանի հետ էինք բանակցում: Ես այն կարծիքին էի, որ բոլորը մեզ հետ բանակցում են, բայց վերջում դուրս էր գալիս, որ ոչ ոք այդ բանի համար պատասխանատու չէ: Երբ հարցնում էինք` ո՞վ է պատասխանատու, ո՞ւմ հետ ենք մենք բանակցություններ վարում, որ ժողովրդին հանգստացնենք: Դե, իհարկե, մենք այդ բառը լավ գիտենք` «ինքնաբուխը», ասում էին` ինքնաբուխ է, ու ոչ ոք իր վրա պատասխանատվություն չէր վերցնում: Դ. Շահնազարյանը համաձայնեց բանախոսել, Անահիտ Բախշյանը ժողովրդին հանգստացնում էր, որ ճիշտ որոշում է` գնանք Մատենադարան, Դ. Շահնազարյանին ես բարձրախոս եմ տրամադրել, ինքը ելույթ է ունեցել, ու ժողովուրդը հավանություն է տվել գնալ Մատենադարան»: Ըստ Աֆյանի` իրենք պայմանավորվածության համաձայն՝ պետք է ոստիկանական շղթան բացեին, որպեսզի «ավելորդ բախումներ» չլինեին, ու ժողովուրդը շարժվեր Մատենադարան: «Ժողովուրդը հավանություն տվեց, ես այնտեղ էի, ու համաձայնվեցին, որ գնում են: Մենք տեսանք, որ ժողովուրդը պատրաստ է գնալ Մատենադարան, մենք մեր խոստումը կատարել ենք` հանել ենք ոստիկանական շղթաները, մի մասն ուղարկել ենք Շահումյանի հրապարակ, մյուս մասը` Գրիգոր Լուսավորիչ, որպեսզի իրենք անվտանգ գնան Մատենադարան»: Շարունակելով իր պատմությունը՝ Աֆյանն ասում է, թե իրենք 2 րոպե են «խնդրել», որպեսզի ոստիկանական մեքենաները դուրս բերեն այնտեղից. «Այդ ընթացքում արդեն ոստիկանական մեքենաների անվադողերը լրիվ ճղվել էին` երեւի դանակներով, սուր կտրող գործիքներով»,- ասաց նա: Ըստ Աֆյանի` այդ ժամանակ իրենց է մոտեցել Լեւոն Զուրաբյանն ու ասել է, որ Դ. Շահնազարյանը «կոմպետենտ» չէ բանակցություններ վարելու, եւ պետք է իր հետ բանակցություններ վարեն: Պատկերացնո՞ւմ եք` Աֆյանը, Գիզիրյանն ու Հունանյանը համաձայնվում են նաեւ ընդդիմության այս պահանջին, ինչը խիստ կասկածելի է, ու նորից, ըստ Աֆյանի` սկսում են բանակցել Լ. Զուրաբյանի հետ: Ավելին, երբ Զուրաբյանն ասում է, որ ինքը պետք է գնա եւ իրենց առաջարկը փոխանցի Լեւոն Տեր-Պետրոսյանին, ու դրա համար իբր նա Աֆյանից ավտոմեքենա է խնդրում, Աֆյանը ոչ թե իրենց մեքենաներից է տրամադրում, այլ` «իմ ձեռքով տաքսի եմ կանգնեցրել, Զուրաբյանին նստեցրել ու ճանապարհել եմ»: «Ես, իհարկե, չհասկացա այդ հատվածը, թե ինչո՞ւ էր գնում Տեր-Պետրոսյանի մոտ, բայց մենք գնացինք դրան»,- երեկ նման, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություն արեց Սաշիկ Աֆյանը` շեշտելով, թե այն, ինչ տեղի է ունեցել դրանից հետո` «բոլորը գիտեն»: «Սկսվեց ամբոխի հարձակումները, ես կասեի` եկավ Նիկոլ Փաշինյանը, կոչ արեց այնտեղից չշարժվել, բարիկադներ ստեղծել: Բեռնատար մեքենաները, երթուղայինները կանգնեցնում էին, մարդկանց վզից բռնում-շպրտում-գցում էին դուրս վարորդներին ու իրենց համար բարիկադներ էին ստեղծում: Ու սկսեցին, իմ կարծիքով` ոչ ինքնաբուխ, բայց իրենց ասելով՝ ինքնաբուխ, ոստիկանական մեքենաները հրկիզվել, սկսեցին հարձակվել ոստիկանների վրա, որովհետեւ այնտեղ Ոստիկանությունից մնացել էին 100 հոգի: Դա Արմավիր մարզի ոստիկանությունն էր, որին հանձնարարություն էի տվել Քաղաքապետարանի դիմացը շղթա կազմել ու պաշտպանել»,- ասաց Աֆյանը:
Երեկվա նիստին մասնակցող Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նկատեց, որ երբ ինքը Աֆյանի ներկայացրած ժամանակահատվածում Ֆրանսիայի դեսպանատան տարածքում էր, ժողովուրդը հանգիստ էր, եւ նրանք ավելի շատ փորձում էին պաշտպանվել, իսկ այդ բարիկադները ստեղծում էր զուտ ինքնապաշտպանության համար: Ավելին, նա ասաց, որ եթե ժողովուրդը հարձակվելու խնդիր ունենար, ապա բարիկադներ չէր ստեղծի: «Փաստերը ճիշտ էիք ասում, բայց տպավորությունը դա չէր: Երբ ես այնտեղ էի, մարդիկ որեւէ ագրեսիվ տրամադրություններ չունեին, ուղղակի էմոցիոնալ էին այն ամենից, ինչ տեղի էր ունեցել առավոտյան: Նույնիսկ այն տեղերը, որտեղ նրանց առաջարկվում էր գնալ, նրանք չէին համաձայնվում, քանի որ վախենում էին, որ այնտեղ իրենց կարող են ջարդել, փշրել, եւ ցանկանում էին այնտեղ մնալ»,- ասաց Ա. Հարությունյանը: Նա համաձայն չէր նաեւ Աֆյանի այն պնդման հետ, թե Դ. Շահնազարյանի կոչից հետո ժողովուրդը համաձայն էր գնալ Մատենադարանի մոտ: «Մարդիկ պաշտպանության խնդիր ունեին, եւ երբ Ոստիկանությունը հեռացավ, մարդիկ արդեն հանդարտվել էին: Հիմա դրանից հետո ի՞նչ փոխվեց, որ այդ մարդիկ, որոնք արդեն հանդարտվել էին, հանկարծ սկսեցին այդպես ագրեսիվ դառնալ ու սկսեցին տարբեր ուղղություններով շարժվել: Չե՞ք կարծում, որ ոչինչ չարվեր, նրանք կհանդարտվեին ու կցրվեին»,- հարց ուղղեց Ա. Հարությունյանը` անուղղակիորեն մեղադրելով Ոստիկանությանը բախումներ հրահրելու մեջ: Աֆյանի պատասխանն այս առնչությամբ շշմեցուցիչ էր: «Ասե՞մ` ի՞նչ եղավ: Հետո եկավ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարեց Սաշիկ Աֆյանը ու այլեւս չշարունակեց: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն ընդամենը կոչ էր անում մարդկանց ինքնապաշտպանության նպատակով փայտե ձողեր եւ քարեր վերցնել եւ այնտեղից չշարժվել ոչ մի տեղ: Օմբուդսմենը նույնպես պնդեց, որ մարդկանց մոտ այդ պահին եղած ձողերն ու քարերն ինքնապաշտպանության համար էին, որովհետեւ նրանք վախեցած էին, որ առավոտյան տեղի ունեցածը նորից կրկնվելու է: Նա նաեւ նշեց, որ հարձակման մասին կոչեր անողներ կային ցուցարարների շարքերում, բայց դրանք միանշանակ «պրովոկատորներ էին»: «Որովհետեւ նման մի դեպք եղավ, եւ ես գնացի, ասացի` արա, հո դու պրովոկատոր չե՞ս, ու միանգամից այդ մարդը չեզոքացավ»,- պատմեց Ա. Հարությունյանը: Նա նաեւ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս բացատրել այն, որ շփոթված ցուցարարները մթերային խանութներից «կեֆիր» եւ այլ բաներ են գողանում, իսկ կողքի զինամթերքների «Սվին» խանութին կամ դիմացի մայթի խանութներին չէին մոտենում: «Պաշտպանվելու համար կմտնեին «Սվին» խանութը կթալանեին, այնտեղ պաշտպանվելու բաներ կային, ինչո՞ւ չեն մտել»` Ա. Հարությունյանի այս հարցադրումն այդպես էլ մնաց անպատասխան, քանի որ Աֆյանը նման դեպքում միշտ ասում էր` «Ես չգիտեմ, ես կոմպետենտ չեմ»:
Երեկ նաեւ պարզվեց, որ Ա. Աֆյանը դեռեւս չի տեսել արդեն ամիսներ շարունակ ընդդիմության կողմից հրապարակված այն տեսաերիզը, որտեղ իրենց հրամանով ստեղծված շրջիկ խմբերը մարդկանց հետապնդում են, ու մի քանի հոգով մեկ մարդու դաժանաբար ծեծում են: «Չեմ տեսել, ո՞նց կարող է նման բան լինել: Այսինքն` խեղճ մարդը գնում է, ու իր վրա մի քանի ոստիկան է հարձակվում ու ծեծո՞ւմ»,- զարմացած հարցրեց Աֆյանը: «Ինչո՞ւ խեղճ, կարող է՝ խեղճ չի, ուրեմն պիտի ծեծե՞ն»,- արձագանքեց Ա. Հարությունյանը, որին Աֆյանը դարձյալ ասելիք չուներ: Աֆյանը խիստ զարմացավ նաեւ այն հարցից, թե ինչո՞ւ է քաղաքացիական համազգեստով անձը մոտենում ոստիկանական մեքենային, զինվում ավտոմատով ու շարժվում ցուցարարների կողմը: «Ես չգիտեմ, ես կոմպետենտ չեմ»` կրկնում էր Աֆյանը: Սակայն ակնհայտ էր, որ երեկ Սաշիկ Աֆյանը եկել էր հանձնաժողովի նիստին՝ ընդամենն ասելու համար, որ ինքը կրակելու հրաման չի տվել: Ի դեպ, Աֆյանը նաեւ տեղյակ չէր` արդյոք իր նախկին վերադասը` Հայկ Հարությունյանը, իրենց հանձնարարականներ տալուց առաջ համաձայնեցրե՞լ էր այդ ամենը այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, թե՞ ոչ: Իսկ երբ Գուրգեն Արսենյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է Ռ. Քոչարյանին «սուտ» ինֆորմացիա տվել, որ ավտոմեքենաների հետեւից կրակել են ոստիկանների վրա, ու նա էլ որոշել է արտակարգ դրություն մտցնել հանրապետությունում, երբ նման բան չկար, Ս. Աֆյանն ասաց` «չգիտեմ»: Այստեղից Գ. Արսենյանը ենթադրեց, որ «ինչ-որ երրորդ ուժ է եղել մարտի 1-2-ի օպերացիայի ղեկավարը»: