Երբ կառավարությունում անձի երկվություն է

20/11/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ի՞նչ ընդհանուր բան կա համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ։ Կոնցեպտուալ առումով՝ ոչ մի։ Պարզապես, վերջին շրջանում Հայաստանում բոլորի ուշադրությունը՝ թե՛ քաղաքացիների, թե՛ իշխանությունների, թե՛ ԶԼՄ-ների, կենտրոնացած է այս երկու թեմաների վրա։

Ընդ որում, մի նմանություն էլ կա՝ երկուսի մասին էլ իշխանությունները գերադասում էին չխոսել։ Օրինակ, ԼՂ հարցի մասին նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներն աշխատում էին չխոսել, կամ էլ խոսել շատ մշուշոտ ու լղոզված։ Հարցը շուտափույթ կարգավորելու եւ հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին բացեիբաց խոսում էր միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մյուսները` իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներից սկսած՝ մինչեւ նրանց հաճախորդ քաղաքական ուժերն ու հեռուստաընկերությունները, նրան մեղադրում էին «քիրվայության» մեջ։ Հիմա այդ «մյուսների» ծպտունը դուրս չի գալիս, որովհետեւ ստացվել է այնպես, որ ԼՂ հարցի եւ արտաքին հարաբերությունների մասով Սերժ Սարգսյանն, ըստ էության, իրականացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը՝ աշխատում է կոնկրետ քայլեր անել ԼՂ հարցը կարգավորելու եւ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Ինչեւէ, ԼՂ հարցով շատ չարժե ծավալվել, որովհետեւ ոչ մեկիս իմացածը խոսակցություններից ու ենթադրություններից այն կողմ չի անցնում։ Այսինքն՝ գիտենք այնքան, որքան մեզ թույլ են տալիս իմանալ։ Ավելի լավ է խոսենք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին, թեեւ այս դեպքում էլ գիտենք այնքան, որքան թույլ են տալիս իմանալ, եւ հասկանում ենք այնքան, որքանով բացատրում են։ Սակայն հարցը ոչ թե բուն ֆինանսական ճգնաժամն է, այլ դրա դրսեւորումները Հայաստանում։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ չդրսեւորումները։ Կարճ, շատ կարճ ժամանակ առաջ հայրենի իշխանությունները հպարտությամբ նշում էին, որ ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա չի ազդի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անգամ խորհուրդ էր տալիս այդ մասին չխոսել։ Իսկ հիմա ամենից շատ իրենք են խոսում։ Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական բյուջեն ԱԺ պատգամավորներին ներկայացնելիս՝ Տ. Սարգսյանի ելույթի մեծ մասը նվիրված էր միջազգային ճգնաժամին, Հայաստանի համար դրա հետեւանքներին ու դրանց դեմն առնելու ուղիներին։ Շաբաթներ առաջ, երբ առաջին հաղորդագրությունները ստացվեցին «Lehman Brothers» բանկի սնանկացման եւ սկիզբ առած ճգնաժամի մասին, ՀՀ Կենտրոնական բանկից այս հարցով որեւէ մեկնաբանություն ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան։ Այնպիսի տպավորություն էր, կարծես Հայաստանը Երկիր մոլորակից դուրս է, ու միջազգային պրոցեսները մեր երկրի վրա չեն ազդում։ Առեւտրային բանկերն էլ խոսքները մեկ արած` ասում էին, որ որեւէ արտառոց բան չկա, թեեւ մեկը մյուսի հետեւից բարձրացրեցին տոկոսադրույքներն ու խստացրին վարկավորման պայմանները։ Բոլորը միահամուռ պնդում էին, թե մեր ֆինանսական համակարգը կայուն է, ճգնաժամը դրա վրա չի ազդի։ Իսկ օրեր առաջ հայտարարվեց, որ ճգնաժամի հետեւանքներից հնարավոր է եղել խուսափել Կենտրոնական բանկի եւ այլ ինստիտուտների լուրջ քայլերի շնորհիվ։ Թե ի՞նչ քայլեր են արվել, անհայտ մնաց։

Ինչ վերաբերում է տնտեսության իրական հատվածին, ապա այս մասին ընդհանրապես չէին խոսում։ Սակայն դա էլ երկար շարունակվել չէր կարող. լռելն արդեն ցինիկություն կլիներ, երբ Սյունիքի մարզի լեռնամետալուրգիական կոմբինատների աշխատողները բողոքի ձայն էին բարձրացրել՝ աշխատավարձի կրճատման ու հարկադիր արձակուրդի գնալու կապակցությամբ։ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ արդեն չի թաքցնում, որ վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ում սկսված միջազգային ճգնաժամն իր լրջագույն ազդեցությունն է թողել ապրանքային շուկաների գների անկման վրա՝ հատկապես մետաղների գների. պղնձի միջազգային գինը 3 ամսվա ընթացքում 8100 ԱՄՆ դոլարից նվազել է մինչեւ 4000 դոլար, մոլիբդենինը` 80 հազար ԱՄՆ դոլարից՝ մինչեւ 24-34 հազար, ցինկի գները` 2800-ից՝ 1100 ԱՄՆ դոլար, ընդ որում` գնանկումը դեռ շարունակվում է: «Դրա արդյունքում, համաշխարհային մոտ 2500 խոշոր հանքարդյունահանողներ դադարեցրել են աշխատանքները` վնասաբերության պատճառով: Միջազգային շուկաներում տիրող նման իրավիճակը ազդել է նաեւ Հայաստանի հանքարդյունաբերության վրա, քանի որ արտադրանքը հիմնականում արտահանվում է: Հատկապես, Քաջարանի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները եւ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որոնք իրականացնում էին ներդրումային խոշոր ծրագրեր, հայտնվել են ժամանակավոր ֆինանսական դժվարությունների մեջ»,- ասվում է ՀՀ կառավարության նիստի մասին հաղորդագրության մեջ։

Ու բնական հարց է առաջանում. այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկրի արտահանման մեջ հսկայական կշիռ ունեցող հանքարդյունաբերությունը վտանգի տակ է, վտանգի տակ է նաեւ պետական բյուջեի կատարումը, սակայն մեր իշխանություններն այդքան հանգիստ էին։ Երկու ենթադրություն կարելի է անել՝ կամ նրանք բնակչության գլխի տակ փափուկ բարձ էին դնում, կամ էլ իրոք չէին կանխատեսել, որ համաշխարհային ճգնաժամը կազդի Հայաստանի համար էական նշանակություն ունեցող ոլորտի վրա։ Երկրորդ տարբերակին ավելի քիչ ես ուզում հավատալ, քանի որ խոսքը վերաբերում է կառավարության կոմպետենտությանը։

Սակայն մի բանում մեր իշխանություններն իրո՛ք անգերազանցելի են. դա ցանկացած իրավիճակում ջրից չոր դուրս գալու անկոտրում կամքն է։

Հետո՞ ինչ, որ հակառակ իրենց հավաստիացումների, լեռնամետալուրգիական ոլորտը լուրջ վտանգի տակ է. հպարտությամբ հայտարարում են, որ այս հարցով նախարարների գործուղման արդյունքները դրական են եղել։

Ասվածի մասին վկայում է նաեւ ոչ վաղ անցյալում տեղի ունեցած Վրաց-ռուսական պատերազմը։ Երբ ասում էին՝ հանրապետությունում ճգնաժամային վիճակ է, վառելիք կա եւ այլն, իշխանությունները կտրականապես հերքում էին եւ ասում՝ ամեն ինչ նորմալ է։ Իսկ հիմա ամեն հարմար առիթի դեպքում հայտարարում են, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ վնասներ է կրել այդ հակամարտության արդյունքում՝ մոտ 700 միլիոն դոլարի։ Հայտարարում են, որովհետեւ միջազգային կազմակերպություններում քննարկվում է Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը։ Իսկ մենք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս, պետք է ըմբռնումով մոտենանք, երբ կառավարությունն այսօր մի բան է ասում, վաղը՝ լրիվ հակառակ մի բան։ Ասում են՝ իսկական քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել՝ ինչ է տեղի ունենալու, հետո համոզիչ բացատրել, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ։ Մերոնց դեպքում գրեթե նույնն է՝ կանխատեսում են՝ ինչ է տեղի ունենալու կամ չի ունենալու, հետո կամ հիմնավորում են՝ ինչու իրենց կանխատեսածը չեղավ (օրինակ՝ ինչո՞ւ 2008թ. գնաճը գրեթե 2 անգամ գերազանցեց նախատեսված ցուցանիշը), կամ էլ, որն ավելի դժվար է, համոզել, որ իրենք ուրիշ բան էին ասել։ Մնում է համոզելու ունակությունները գործի դնեն նաեւ արտաքին հարաբերություններում։