Ձեզ նմաններ խայտառակել ռեսպուբլիկան

20/11/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երբ մարտի 1-ի իրադարձություններից հետո արտակարգ դրության պայմաններում Հ1-ի լրագրողները զրուցում էին մայրաքաղաքի փողոցներում պատահական անցորդների հետ` մեր բոլոր քաղաքացիներն անխտիր` դատապարտելուց զատ կատարվածը եւ թթու խոսքեր հասցեագրելով ընդդիմությանը` վերջում անպայման ավելացնում էին, թե որքան անհարմար են զգում իրենք աշխարհի առաջ, ինչպես կարող էր հինավուրց մի երկրում, որպիսին է Հայաստանը, նման վանդալիզմ տեղի ունենալ, ինչպես կարող էին խանութներ թալանվել եւ այլն: Այն, ինչ կատարվել էր մարտի 1-ին, ողբերգություն էր եւ ամոթ հայաստանցիներիս համար, սակայն ոչ մի դեպքում` հեռուստատեսությամբ դեպքերին հետեւող ֆրանսիացիների կամ ամերիկացիների համար հայ ժողովրդի մասին կարծիք ձեւավորելու առումով: Վերջիններիս համար մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն այնքան անկարեւոր են, որ, վատագույն դեպքում, դրանք մոռացվում են լուրը լսելուն զուգահեռ, լավագույն դեպքում` դրանից մի քանի րոպե անց: Եվ ամաչել օտարազգիներից մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար, ամենեւին էական չէ, եթե չասենք` անիմաստ: Հատկապես, երբ ինքներս մեզնից չենք ամաչում:

Ամոթի թեման այս շաբաթ դարձյալ ակտուալ էր. այս անգամ հայաստանցիներն անհարմար էին զգում միջազգային հանրությունից, քանի որ աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները ցուցադրեցին Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարի մատույցներում հայ եւ հույն հոգեւորականների ձեռնամարտը: Մեր ամենասրամիտ հայրենակցի համբավ ունեցողներից մեկը` դերասան Վարդան Պետրոսյանն անգամ հեռուստատեսությամբ հեգնում էր քահանաներից մեկին, թե ձախ ձեռքով ետեւից այնպե՜ս հարվածեց հակառակորդ հոգեւորականին: Եվ դա կրկնում էր անդադար` վստահ, որ խիստ սրամիտ ու դիպուկ է:

Քրիստոսի Հարության տաճարի մատույցներում տեղի ունեցած միջադեպը, որն, ինչպես հայտնի է, առաջինը չէր, առիթ կամ պատճառ դարձավ` դարձյալ քննելու հայ հոգեւորականների վարքը, այն ակնկալիքները, որոնք նրանցից ունի հասարակությունը, եւ այն պարտականությունները, որոնք Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներն ունեն Աստծո եւ հայ ժողովրդի առաջ: Հիմնավորումն այն է, որ քանի որ պետական ինստիտուտները հեղինակազրկված են, հասարակության հայացքն ուղղված է եկեղեցու սպասավորներին:

Ակնկալել, որ հոգեւորականները պետք է լինեն մեզանից լավը, քանի որ նրանք հոգեւոր կրթություն են ստացել, կրում են խաչ եւ մեկ աստիճան մոտ են Աստծուն, միամիտ է: Հոգեւորականները նույնպիսի մարդիկ են` իրենց թուլություններով, գայթակղություններով, առավելություններով, ինչպես մեզնից յուրաքանչյուրը: Եվ երբ հայտարարվում է, թե հայ հոգեւորականներից ակնկալվում էր չտրվել էմոցիաներին եւ ձեռնամարտի մեջ չմտնել հույն հոգեւորականների հետ, որոնց, տեսեք-տեսեք, բաժանում են հրեա ոստիկանները, ապա դժվար չպետք է լինի պատկերացնել, որ հայ հոգեւորականները եւս միս ու արյունից են, որոնց այս էլ որերորդ անգամ հույն հոգեւորականները խանգարում են կատարել իրենց ծեսը:

Երբ ակնկալում ենք սրբության դրոշմ ունեցող հոգեւորականներ, ապա պետք է ակնկալենք նաեւ լեգիտիմ իշխանություններ, անկաշառ դատավորներ, գրագետ ուսուցիչներ ու լրագրողներ: Ամենահեշտն ակնկալելն է, որ ազնիվ, խոնարհ ու առաքինի լինել պարտավոր են այլք, այս դեպքում` հոգեւորականները: Նույն հոգեւորականներն էլ, պատկերացրեք, առավել գրագիտություն եւ սեփական մասնագիտության հանդեպ հարգանք են ակնկալում բժիշկներից, ուսուցիչներից, լրագրողներից, դատավորներից, որոնց հետ իրենք գործ են ունենում: Եվ շատ հեշտ է արդարանալ, որ կոռումպացված դատավորին կաշառք վերցնելը, անարդար վճիռ կայացնելը եւ նման այլ մանրուքներ ներելի են, քանի որ, օրինակ, Աստվածաշունչը նրա սեղանի գիրքը չէ, կամ նա աթեիստ է: Ինչպես եւ մնացած մասնագիտությունների դեպքում, երբ մեծամտությունը, տգիտությունը, շատ այլ մեղքեր համարվում են ներելի, քանի որ կատարվում են աշխարհիկ հագուստով եւ ոչ հոգեւորականի սքեմով: Եվ ծիծաղել, հեգնել կամ կծու խոսքեր ասել այն հոգեւորականների հասցեին, ովքեր կարող են մարդկային ամենահասկանալի զայրույթն ունենալ, երբ խախտվում է իրենց կոչման կամ կրոնական արարողություն անցկացնելու իրավունքը, ընդ որում, դա արվում է թմրամոլ երիտասարդների մասնակցությամբ, այնքան էլ արդար չէ: Ընդ որում, միջազգային հանրության հանդեպ կեղծ ամոթն այս անգամ թույլ տվեց չնկատել եւ չարձագանքել այն փաստին, որ հայ հոգեւորականներին դաժանորեն հարվածում էին հրեա ոստիկանները:

Իհարկե, ցանկալի կլիներ ունենալ ավելի զուսպ, պակաս արծաթասեր եւ իշխանություններին մոտ կանգնելը Աստծուն մոտ կանգնելուց չգերադասող հոգեւորականներ: Սակայն մարդկային ամեն թուլություն հատուկ է եւ նրանց: Մեր բարձրաստիճան հոգեւորականներից մեկին, երբ տակավին այնքան էլ բարձրաստիճան չէր, հաճախ կարելի էր տեսնել մայրաքաղաքի ամենաթանկ եւ շքեղ ռեստորանում: Հասկանալի է, սնվելուց առաջ նա նախապես Աստծուն փառաբանական խոսքեր էր մրմնջում, որոնք ռեստորանի մյուս այցելուներին չէին հակում ընդգծված հարգանք ցուցաբերել նրա հանդեպ: Իհարկե, նա գիտեր, որ եկեղեցու բակում ամեն օր հավաքվում են բազմաթիվ մուրացկաններ, ում նրա մեկ ճաշի գումարը կբավարարեր մի քանի օր կուշտ սնվելուն, սակայն նրան մեղադրել, թե ժուժկալ, սակավապետ չէ եւ այլն, որ մի կտոր հաց ու պանիրը պիտի որ նրան լիովին բավարարեր քահանայական իր պարտականությունները կատարելու համար, այնքան էլ լուրջ չէ: Նորմալ, բարեկեցիկ կենցաղավարությունը մերժում են ճգնավորները, սրբերը: Մեր հոգեւորականներն ամենեւին սրբեր չեն, եւ ակնկալել նրանցից Աստծուն հատուկ առաքինություններ կամ խոնարհություն, միամիտ է: Հայ եւ հույն հոգեւորականների հրապարակային ձեռնամարտի վրա չարախնդալը կամ դրանով Հայ Առաքելական եկեղեցու ինչ-ինչ բացթողումների մասին եզրակացություններ անելը եւս տեղին չէ: Այո, եկեղեցին այսօր ժողովրդից հեռացել է` մոտենալով իշխանական, օլիգարխիկ վերնախավին: Այո, Աստծո առաջ երկյուղ չունեն նրանցից շատերը, սակայն խնդիրն այն է, թե ով կարող է մեզանից առաջինը քար նետել նրանց վրա: Թերեւս ոչ ոք: