Սողանքները տարեկան մոտ 45 մլն դրամի վնաս են հասցնում մեր պետությանը: Հայաստանի տարածքի 2.4 տոկոսը ակտիվ սողանքային է:
Սողանքները Հայաստանում սկսել են ուսումնասիրել սկսած 1950-ականներից: Տարածված են հիմնականում լեռնային եւ նախալեռնային տեղամասերում: 2008 թ. մասնագետները գրանցել են մոտ 3000 սողանք: 2 հա եւ ավելի մակերեսով գույքագրման եղանակով գրանցվել է 2504 սողանքային տեղամաս: Հայաստանի տարածքի 960 համայնքներից մոտ 250-ում գրանցված են սողանքային ակտիվ զարգացումներ: 100 համայնքում իրավիճակը առավել բարդացված բնույթ է կրում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փորձագետ Հովհաննես Օհանյանն ասում է, որ լինում են նաեւ մարդկային զոհեր: Սակայն, հաստատուն թվեր չկան: Մինչդեռ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարերային աղետների բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի հավաստմամբ` «մարդկային զոհեր, բարեբախտաբար, չեն լինում»:
Սողանքների պատճառած վնասներն ազդում են հատկապես գյուղական տարածքների վրա` վնասելով բնակելի ֆոնդերը, տեղային եւ համայնքային ճանապարհները, կամուրջները`հետագայում վատացնելով ջրամատակարարումը եւ ոռոգման համակարգը: Համաձայն «Հայաստանում սողանքների տեխնիկական տեղեկագրի» առաջին հատորի` ընդհանուր սողանքների 43-52 %-ում առկա են սողանքի վնասներ ջրի, էլեկտրաէներգիայի եւ հաղորդակցության սեկտորի համար: Հայաստանում ընդհանուր բնակելի տարածքների մոտ 30 տոկոսը հենց սողանքային տեղամասերում են տեղավորված: 2005 թ. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղքատության ամենաբարձ մակարդակը Հայաստանում գրանցվել է Գեղարքունիքի` 62.2 %, Տավուշի` 59.7 % եւ Շիրակի` 57.7 % մարզերում, որը նույնպես առաջացել է սողանքների պատճառած կորուստների հետեւանքով: Սողանքների պատճառած վնասների 19 տոկոսը կազմում են կառույցները, իսկ սողանքներից ամենամեծ վնասներ կրում են ավտոմայրուղիները`մոտ 91 %: Ընդհանուր սողանքների վնասների 28 %-ը հասնում է գյուղատնտեսությանը, որի վնասները, 2005թ. գնահատմամբ, հասնում են մոտ 12.2 ԱՄՆ դոլարի:
Ինչ է անում պետությունը սողանքների դեմ
ԽՍՀՄ-ի տարիներին սողանքներին մեծ ուշադրություն էին դարձնում, կառավարությունը գումարներ էր տրամադրում դրանց կանգնեցման համար: Վերջին տարիներին հակասողանքային ծրագրերը հիմնականում կատարվում են արտասահմանյան կազմակերպությունների ֆինանսական ներդրումներով: Կառավարությունը հակասողանքային կամ սողանքների կանխման ծրագրեր չի իրականացնում: Հայաստանի սողանքային առավել ակտիվ գոտիների բնակիչների տեղահանման եւ բնակարանային խնդիրների լուծման համար 2007թ. պետբյուջեից հատկացվել էր 215 մլն դրամ: Գումարները հիմնականում ուղղվել են Կոտայքի մարզի Ողջաբերդ, Վայոց ձորի Մարտիրոս եւ Սյունիքի Քարահունջ բնակավայրերին: Վերջին անգամ այս տարվա հուլիսին ակտիվացել է Գեղարքունիքի մարզի հյուսիսային մասում գտնվող Այգուտ գյուղի սողանքը: Գյուղի տարածքի 90 %-ը գտնվում է ակտիվ սողանքային տեղամասում: Համաձայն գյուղապետարանի տվյալների` սողանքի պարբերաբար ակտիվացման հետեւանքով գյուղի մոտ 120 տուն ստացել են տարբեր աստիճանի ձեւախախտումներ եւ վնասվածքներ: Գյուղը հիմնականում բնակեցված է 1988 թ. Ադրբեջանից գաղթած հայերով: Ներկայումս գյուղն ունի 375 տնտեսություն, բնակչության թվաքանակը կազմում է մոտ 1100 մարդ: «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան` կառավարությունը 2008 թ. իր պահուստային ֆոնդից 216 մլն 925 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզպետարանին, որից 213 մլն 460 հազար դրամը պետք է ուղղվի Այգուտ գյուղի ակտիվ սողանքային գոտում գտնվող 50 բնակելի տների բնակիչներին բնակարանային խնդիրների լուծման եւ 3 մլն 465 հազար դրամ` Այգուտի բնակելի տների տեխնիկական վիճակի հետազոտական աշխատանքներ կատարելու համար:
2007թ. տեղի է ունեցել Արարատի մարզի Աղբուլաղ տեղամասային խոշոր սողանքը, որը ծանր վնասներ է առաջացրել Վեդի գետի վերին հոսանքներում: «Գրեթե բոլոր մարզերում կան բարդացված սողանքային իրավիճակներ: Մինչեւ վերջերս միայն Արարատի մարզում սողանքներ չէր գրանցվել, սակայն վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ մարզի 15 համայնքներում եւս կան սողանքներ»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փորձագետ Հովհաննես Օհանյանը նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Ողջաբերդը նույնպես համարվում է ամենասողանքավտանգ տեղամասը: Այստեղից դեռեւս 1997-ից սկսել են տարհանել բնակիչներին: Ողջաբերդի տարածքում անձամբ աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փորձագետ Հովհաննես Օհանյանը. «Ողջաբերդում հնարավոր չէ կանգնեցնել սողանքները: Ես պատասխանատվությամբ դա ասում եմ: Ես եմ քարտեզագրել այդ տարածքը»: «Մի քանի կմ տարածքում ես քայլել եմ զառիթափ, լանջի տակից անցնող ճեղքի երկայնքով, պատկերացրեք` մի քանի 100 մետր խորությամբ բլոկ է տեղաշարժվում, դա մակերեսային սողանք չէ: Հայաստանի սողանքների բարդությունն այն է, որ նրանք բլոկային են: Մեկը փլուզվում է, սկսում է հոսել, սողանքի տիպը տարածքում փոխվում է: Բլոկային տիպի սողանքը վերածվում է հոսքային սողանքի: Եվ դրան եթե գումարեն, որ Հայաստանում հրաբխային ապարներ են վերին շերտերը, դրանց բեկորները ավելի են բարդացնում իրավիճակը»,- պարզաբանում է փորձագետը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փորձագետների ուսումնասիրություններով` սողանքային տեղամասերից է նաեւ Հաղարծինը, որի սողանքների պատճառով վթարվել է Իջեւան տանող ավտոմայրուղին: Վթարներ են առաջացել բնակելի տներում եւ շենքերում: Ծանր իրավիճակ է գրանցվել նաեւ Դիլիջան քաղաքում, Իջեւանում, Հովքում, Մակարավանքում եւ մի քանի այլ տեղերում: Սողանքային տեսակետից գերվտանգավոր տարածք է Տավուշի մարզի հյուսիսային շրջանը` Նոյեմբերյանի կողմերից, եւ Ղափանի տարածաշրջանը: Վայքում, հատկապես Ջերմուկում, ակտիվ է Սարավանի սողանքային խումբը:
Փրկարար ծառայության մեկ այլ փորձագետի` Արշավիր Ավագյանի հավաստմամբ` ցանկացած լեռնային երկրի սողանքները անհարմարություն եւ անհանգստություն են պատճառում. «Հայաստանը եւս սողանքային երկիր է, բայց եկեք չկարծենք, որ մեր սողանքներից ավելի սողանքային երկիր չկա: Ճապոնիայում կան սարսափելի վտանգավոր սողանքներ, որոնք մեծ վնասներ եւ մարդկային կորուստներ են պատճառում: Մեր երկիրը այնքան փոքր է, մեր հնարավորություններն այնքան սուղ են, որ մեզ համար յուրաքանչյուր վտանգը լինում է ուժերի մեծ լարման սահմաններում»:
Հայաստանում սողանքները գրեթե չեն կարողանում կանգնեցնել: Փորձագետներն ասում են, որ սողանքներ կանգնեցնելը «շատ թանկ հաճույք է»: Դիլիջանի կինեմատոգրաֆիստների տան մոտակայքում եւ կառավարական հանգստավայրում Սովետական Միության տարիներին սողանքները կանգնեցրել են: Հաջողվել է կանգնեցնել նաեւ Ղափանի թաղամասերից մեկին սպառնացող սողանքը: Փորձագետների խոսքերով` սողանքը հնարավոր է կանգնեցնել, եթե սողանքային մարմինը իր մակերեսով փոքր է, այսինքն` եթե մակերեսը փոքր է 2 հեկտարից, իսկ Հայաստանում հիմնականում մեծ մակերեսով սողանքներ են առկա: Փորձեր արվում են, բայց արդյունավետ չեն: Հովհաննես Օհանյանը պնդում է, որ եթե նախագծին համապատասխան բոլոր կետերով միջոցառումներ հնարավոր չէ իրականացնել, ապա պետք է նույնիսկ չսկսել այդ գործընթացը, քանի որ դա ապագայում ավելի աղետալի իրավիճակներ է ստեղծում, ինչպես եղել է Գոշում, Ողջաբերդում, Հաղարծինում:
Այնտեղ, որտեղ սողանքը սպառնում է մի կարեւոր օբյեկտի, կատարվում են պաշտպանական միջոցառումներ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կարեւոր տեղամասերում սողանքները կանգնեցնում են: Օրինակ` Սոչիի ծովափնյա շրջաններում: Ռուսները գտնում են, որ արժե գումարներ ներդնել այդ գործի համար եւ նույնիսկ շահույթ ստանալ: Հաղարծինում, Գոշում եւ մի քանի այլ տեղերում նույնպես փորձում են կատարել գրունտի հողային զանգվածի տեղափոխումներ, մակերեսային ջրերի սահմանափակումներ, որոշ տեղերում` բուսականության աճեցման փորձեր: Սակայն սրանք միայն փորձեր են, վերջնականապես կանգնեցնել առայժմ չի ստացվում:
Մեր սողանքների դեմ պայքարում են նաեւ միջազգային կազմակերպությունները
«Բնական աղետների դեմ պայքարելը սոսկ ֆիզիկական միջոցներ ձեռնարկելը չէ, այսինքն` սողանքի առջեւ պատնեշ դնելը կամ սողանքը չորացնելը: Դա միջոցառումների մի մեծ համալիր է»,- ասում է Արշավիր Ավագյանը եւ շեշտում, որ հակասողանքային միջոցառումները տեղի են ունենում անընդհատ` կառավարության հետեւողականությամբ: Մինչդեռ Հովհաննես Օհանյանը փաստում է, որ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելուց բացի` պետությունն իրականացնում է միայն որոշակի ուսումնասիրություններ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում բնակիչներից ստացված բողոքների հիման վրա փորձագետները գնում են` տեղում ուսումնասիրելու իրավիճակը, քարտեզագրում եւ եզրակացություններ են կազմում: «Սողանք կանգնեցնելը շատ թանկ գործ է, մենք այդ փողը չունենք, պետությունը կարողանում է հոգալ միայն սողանքներից տուժածների մասին»,- հաստատում է փորձագետը: Հակասողանքային ամենամեծ ծրագիրը Հայաստանում ճապոնացիներն են կատարել: Նրանք երկու տարուց ավելի աշխատել են Հայաստանում: Ընտրել են ամենավտանգավոր 10 սողանքները, քարտեզագրել եւ տիեզերական պատկերներով ստուգել են բոլոր տվյալները, այսինքն` սողանքների վերաբերյալ մոնիտորինգ են իրականացրել: Ստացված մանրամասն արդյունքները ներկայացրել են ՀՀ կառավարությանը: «Ճապոնացիների աշխատանքը հիմք է հանդիսանում, որ Հայաստանի կառավարությունը հնարավորության դեպքում բոլոր առաջարկված միջոցառումները իրականացնի»,- վստահեցնում է Արշավիր Ավագյանը:
Այս տարվա ամռանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվել է մեկ այլ ծրագիր` ուղղված Արարատի մարզի բոլոր վթարներին` ջրհեղեղներին, երկրաշարժերին, սելավներին եւ հատկապես սողանքներին:
Ընդամենը մի քանի օր առաջ` նոյեմբերի 1-ից սկսվել են հակասողանքային ծրագրի բուն հետազոտությունները Տավուշի եւ Լոռու մարզերում: Այս տարածքներում գրանցված են սողանքների առավել վտանգավոր իրավիճակները: Ծրագիրը, որը սկսվել է դեռեւս հուլիսից եւ ընթանալու է փուլերով, իրականացվում է Գերմանիայի օժանդակությամբ, նախատեսված է 5 տարվա համար: Առաջին փուլը կտեւի 1.5 տարի, որի համար հատկացված է 1 մլն եվրո: Սակայն այդ գումարը Հայաստանը պետք է կիսի Ադրբեջանի հետ: Եթե առաջին փուլը բարեհաջող ընթանա, գումարը կավելանա: Արշավիր Ավագյանն ասում է, որ այս ծրագիրն առանձնահատուկ է, քանի որ նպատակն է սողանքների հետեւանքով առաջացող վտանգները մեղմելու եւ կանխելու համար ներգրավել հենց բնակչությանը: Ըստ փորձագետի` կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ են լինում, երբ այդ աշխատանքներին մասնակցում են բնակիչները. «Տավուշի եւ Լոռու մարզերում սողանքները ուսումնասիրվում են ոչ թե հետաքրքրությունից ելնելով եւ ոչ այն նպատակով, որ իմանան, թե սողանքները ինչ վիճակում են եւ ինչ վտանգ են ներկայացնում, այլ գիտելիքների հիման վրա կազմակերպվի բնակչության վաղ նախազգուշացման համակարգ: Ուսումնասիրվում են վտանգները, ժամանակին բնակչությանը բացատրվում է, թե ինչ վտանգներ գոյություն ունեն, ինչ հետեւանքներ կարող են լինել»:
Ինչպես պայքարել սողանքների դեմ
Սողանքների առաջացման պատճառները կարող են լինել ինչպես բնածին, այնպես էլ մարդա-տեխնածին: Լանջերի կտրատումը, գյուղատնտեսական նպատակներով ոռոգումները, կառուցապատումներով ծանրաբեռնվածությունը, ճանապարհաշինությունը եւ այլ միջոցառումները կարող են խթանել սողանքների ակտիվացմանը: Սողանքագետներն ասում են, որ եթե սողանքները քարտեզագրված են եւ հայտնաբերված, ապա այնտեղ չի կարելի կառուցապատել: Ավելին` անասուններ արածեցնել նույնպես չի թույլատրվում, որովհետեւ բուսականությունը սողանքային տարածքում պարտադիր պետք է պահպանվի: Սողանքները, որպես կանոն, տեղի են ունենում ակտիվ տեկտոնական սեյսմիկ բեկվածքների գոտում: Ուսումնասիրությունների միջին հաշվարկներով` գրեթե ամեն օր տեղի են ունենում ցնցումներ` 3 եւ ավելի բալերով: Օրինակ` Վեդիի վերին հոսանքների` Աղբուլաղի սողանքը նույնպես փոքր ցնցման արդյունք էր, որից տեղի էր ունեցել փլուզում, եւ սողանք էր առաջացել ավելի քան մեկ քառ. կմ տարածքի վրա: Հայ գիտնականները վերջերս հայտնագործել են «Հույսիտ» կոչվող պոլիմերային-հանքային բաղադրանյութը, որն օժտված է ջուր կլանելու եւ ջրապահպան մեծ հնարավորությամբ: Կան ջրերը չորացնելու էլեկտրական բազմաթիվ միջոցներ եւս, բայց, ըստ Հովհաննես Օհանյանի, մասշտաբները փոքր են: Պոլիմերը ներդնում են հողի մեջ, այն սկսում է ջուր կլանել եւ չորացնել գրունտները: «Հրաշքներ գոյություն չունեն, եւ ոչ մի նյութ չի կարող փոխարինել միջազգային փորձին»,- վստահորեն ասում է Ա. Ավագյանը:
«Էությունը ճիշտ է: Սողանքը կարելի է կանգնեցնել, եթե ապարների զանգվածը չորանա, բայց պոլիմերով հնարավոր չէ չորացնել մի ամբողջ լեռ: Կան դեպքեր, երբ պոլիմերն անզոր է»,- ասում է մյուս փորձագետը` Հ. Օհանյանը` հաստատելով, որ եթե սողանքի սահքի մակերեսը գտնվում է 100-150 մետր խորության վրա, ապա այդ խորությամբ շերտը պոլիմերով հագեցնել հնարավոր չէ: Փորձագետները, չժխտելով պոլիմերի արդյունավետությունը որոշ դեպքերում, փաստեցին, որ պոլիմերն ինքը արժեք ունի, եւ ֆինանսական միջոցներ են հարկավոր այն ստեղծելու համար:
Քանի որ մեր երկիրը չունի միջոցներ հակասողանքային ծրագրեր իրականացնելու կամ սողանքները կանգնեցնելու համար, բնակչությանը խորհուրդ է տրվում զբաղվել «անշառ» գյուղատնտեսությամբ` քիչ ջրել, ճանապարհներ չկառուցել, փորել եւ անասուններին արածացնել անվնաս տեղերում:
Քրիստինե ԱՂԱԼԱՐՅԱՆ
www.hetq.am