Այս լուսանկարներն արված են անցած հանգստյան օրերին «Սեւան» ազգային պարկի «Լիճք-Արգիչի» արգելոցում: Այն պարկի 4 արգելոցային գոտիներից մեկն է: Ամենամեծը չէ, սակայն այստեղ են բնադրվում եւ բնակվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված 5 տեսակի թռչուններ` քաջահավ, գանգրափետուր հավալուսն, շչան բադ, կտցար կաչաղակ եւ ճչան կարապ:
Այն, որ արգելոցում պարբերաբար որսվում են հազվագյուտ թռչուններ, չի մտահոգում ոչ կիրակնօրյա որսի սիրահարներին, ոչ էլ «Սեւան» ազգային պարկի տնօրինությանը, որի տեսուչների աշխատանքը արգելոցային գոտու պահպանումն է:
Փաստ է, որ տարածքը չի հսկվում, քանի որ արգելոցում թռչունների որսի այս ռեժիմը վաղուց է հաստատված: Մեզ մոտ կան որսագողերի լուսանկարներ, որոնք արված են անցած տարի աշնանն ու ձմռանը: Որսագողերից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ չգիտի որսի արգելքի մասին: (Հիմա որսի շրջան է, բայց արգելոցային գոտում այն արգելված է): «Սեւան» ազգային պարկի 2007-2011 թթ. կառավարման պլանի համաձայն` արգելոցի սահմանները ընդլայնվել են: Ինչպես գրված է կառավարման պլանում, դրա նպատակը թռչունների բնադրավայրի պահպանությունն է եւ արժեքավոր ձկնատեսակների՝ Սեւանի իշխանի, կողակի եւ բեղլուի ձվադրման ու զարգացման համար պայմանների ստեղծումը: Այս ամենը միայն թղթի վրա է, քանի որ արգելոցում որսագողերից, արածող կովերից եւ «մի բաժակ օղի խմող եւ մի կտոր հաց ուտողներից» բացի` ոչ մեկի չհանդիպեցինք:
«Սեւան» ազգային պարկի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանն ասում է, որ խախտումների դեպքում կազմվում են արձանագրություններ, իսկ ապօրինի որս անողները հիմնականում մոտակա գյուղերի բնակիչներն են, որոնք սոցիալական խնդիրներ ունենալու պատճառով վառելափայտ, ձուկ կամ թռչուն են հայթայթում: Այս բացատրությունը չի կարող արդարացնել պահպանվող տարածքների տեսուչների անգործությունը, քանի որ Կարմիր գրքում գրանցված թռչունների որսն ավելի շատ նախասիրություն է, քան ապրուստի միջոց:
«Լիճք-Արգիչի» արգելոցը թռչունների բնադրման ամենահարմար տեղն է, քանի որ արգելոցում կան 3 փոքր լճակներ` 9.8, 3.1 եւ 1.3 հա մակերեսներով: Արգելոցի տարածքն ընդգրկում է նաեւ Արգիչի, Լիճք, Բախտակ եւ Ծակքար գետերի գետաբերանային հատվածները: Արգելոցի տարածքը 1175 հա է, որից ցամաքային տարածքը կազմում է 482 հա, իսկ ջրայինը` 693 հա:
Լենա ՆԱԶԱՐՅԱՆ
www.hetq.am