15-ամյա Յուրա Հարոյանը այսօր ժամանակավոր ապրում է Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ) երեխաների աջակցության կենտրոնում:
Մինչ այդ Յուրան ապրել է հոր` Էդիկ Հարոյանի հետ, ով Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ է: Մորն ընդհանրապես չի ճանաչում, քանի որ ծնողները բաժանվել են, երբ տղան դեռ 2 ամսական էր: Հայրը հիվանդ է տուբերկուլյոզով եւ այժմ գտնվում է ազատազրկման վայրում: Հորն օգնելու նպատակով Յուրան 7 տարեկանից սկսել է աշխատել` խաչեր վաճառելով Մայր Աթոռ Ս. Էջմիածին եկեղեցու շրջակայքում: «Պապան հիվանդ էր ու աշխատել չէր կարող, իսկ դեղերը շատ թանկ էին: Դեղ կար` մի գրամը արժեր 2500 դրամ, դրա համար էլ աշխատում էի, որ օգնեի հորս բուժվել, բացի այդ` մեզ ուտել էլ էր հարկավոր»,- պատմում է Յուրան:
Նա ասում է, որ երբ նոր էր սկսել աշխատել, որեւէ մեկը չի փորձել խանգարել իրեն փող վաստակել, բայց որոշ ժամանակ անց ոստիկանների հետ խնդիրներ են ծագել. «Ոստիկանները սկզբից ծխախոտ էին ուզում, հետո սկսեցին գումար պահանջել` 500 դրամ, 1000 դրամ, շաբաթ օրը` 1500 դրամ, կիրակի` 2000 դրամ, որ թողնեին եկեղեցու շրջակայքում աշխատենք»:
Գումարը պահանջել են ոչ միայն նրանից, այլեւ մանր առեւտրով զբաղվող մյուս երեխաներից ու մեծահասակներից: «Ըստ իմ հաշվարկների` օրը մի 14.000 դրամ վերցնում էին, իսկ որ ասում էի` հիմա փող չունեմ, թողեք աշխատեմ, հետո գումարը կտամ, ասում էին` թող գնա էստեղից»,- ասում է Յուրան: Հետո ընդհանրապես փորձել են արգելել առեւտուրը եկեղեցու շրջակայքում: Քիչ չեն եղել նաեւ ոստիկանների կողմից բռնության դեպքերը. «Եղել ա, որ փողը չեմ տվել, տարել են պահակատուն, քացով, փետով, դուբինկաներով ծեծել են, խփել են գլխիս, ոտքերիս, երբեմն անգամ ժողովրդի աչքի առաջ են ծեծել»:
4-5 տարի առաջ, երբ հայրը պետք է վիրահատվեր, հենց այդ ժամանակ առաջին անգամ Յուրան հայտնվում է ՀՕՖ-ում (ՀՕՖ-ը ժամանակավոր կացարան է տալիս 3-18 տարեկան երեխաներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են փողոցում, գտնվում են խիստ ծանր սոցիալական պայմաններում, իսկ հետո համապատասխան որոշում է կայացնում, թե ուր պետք է ուղարկել երեխային): Դրանից հետո ոստիկաններն են նրան մի քանի անգամ բերել ՀՕՖ` պատճառաբանելով, թե նա մուրացկանությամբ է զբաղվում, եւ ոչ թե` աշխատում: Բայց հայրը միշտ ետ է վերցրել տղային: Հորն օգնելու եւ խնամելու համար Յուրան 5-րդ դասարանից դպրոց չի գնում: Նա պատմում է, որ գնորդ-զբոսաշրջիկների հետ շփվելով` այժմ մի փոքր տիրապետում է անգլերենին, նաեւ ռուսերեն գիտի, հայրն է սովորեցրել: Այս անգամ տղան չգիտի, թե երբ լրանա ՀՕՖ-ում մնալու ժամկետը, իրեն ո՞ւր են տանելու, քանի որ հայրը այժմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է:
Յուրայի պատմելով` հոր ընկերներից մեկը, ում հայրը ժամանակին գումար է պարտքով տվել, ներքաշել է նրան ինչ-որ անհեթեթ պատմության մեջ, որպեսզի գումարը չվերադարձնի, այդ ամենին խառնվել է Ոստիկանությունը, եւ այժմ հորը դատում են հասարակական կարգը խախտելու եւ ոստիկաններին դիմադրելու համար: Վերջին անգամ հորը տեսել է 15 օր առաջ:
Երեխաների աջակցության կենտրոնի սոցմանկավարժ Նարինե Վարդանյանը մեզ փոխանցեց, որ պետք է նիստ գումարվի, որտեղ կորոշվի, թե ուր պետք է գնա Յուրան: «Չունի մայր, հայրը ազատազրկման վայրում է, ըստ օրենքի` նա պետք է գնա մանկատուն, եթե չլինի ինչ-որ մեկը, ով կհամաձայնի դառնալ նրա խնամակալը»,- ասում է Նարինե Վարդանյանը:
Սա ՀՕՖ-ի կենտրոնում գտնվող երեխաներից ընդամենը մեկի պատմությունն է: Իսկ կենտրոնում տասնյակ երեխաներ կան: Մեծ թիվ են կազմում այն անչափահասները, ովքեր այսօր ստիպված են աշխատել:
«Մանկական աշխատանքը երեխաներից խլում է իրենց մանկությունը: Մանկական աշխատանքի մյուս ցավալի կողմն այն է, որ, չնայած դրա առաջացման պատճառը հիմնականում աղքատությունն է, իրականում այն արմատավորում է աղքատություն»,- կարծում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայկական գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Գիլանին:
Բացի այդ` երեխաները, վաղ տարիքից ստիպված լինելով սեփական քրտինքով գումար վաստակել, զրկվում են անգամ տարրական կրթություն ստանալու իրավունքից: «Ներկայումս ընթացող կրթական բարեփոխումները պետք է ապահովեն, որպեսզի կրթական համակարգը հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում` նաեւ այն երեխաների, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս են մնում կրթական գործընթացից: Նրանք պետք է կարողանան հեշտորեն վերաինտեգրվել կրթական համակարգ»,- շարունակում է Մոշիրի Գիլանին:
Այս խնդիրների լուծման ճանապարհներ առաջարկելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվել են «Անչափահասների աշխատանքը ՀՀ-ում» եւ «Հայաստանում աշակերտների դպրոցից բացակայությամբ պայմանավորված դպրոցական ռեսուրսների կորուստների վերաբերյալ» ուսումնասիրությունները:
Ըստ ուսումնասիրությունների արդյունքների` 2000-2005 թթ. ընթացքում աշակերտների` դպրոցից դուրս մնալու ցուցանիշները կտրուկ աճել են` տարեկան կազմելով 250%: Այսպես` եթե 2002-2003 թթ. ընթացքում դպրոցից դուրս է մնացել 1531 երեխա, ապա 2004-2005թթ. այդ թիվը հասել է 7630-ի:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դպրոցից դուրս մնալու կամ հաճախ բացակայությունների կտրուկ աճը պայմանավորված է կրթության որակով, կրթություն ստանալը չկարեւորելու եւ ցածր տարիքից աշխատանքի անցնելու խնդիրներով: «Անչափահասների աշխատանքը ՀՀ-ում» ուսումնասիրությունը իրականացվել է 1066 տնային տնտեսություններում, որտեղ հայտնաբերվել է 71 վարձու աշխատանք կատարող երեխա: Նրանց 30%-ը կազմում են մինչեւ 14 տարեկանները, չնայած նրան, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքի ընդունման նվազագույն տարիքը 14-ն է: Զարմանալիորեն, մինչեւ 14 տարեկան երեխաները հիմնականում աշխատանք են գտնում սեփական նախաձեռնությամբ ու առանց ծնողի միջամտության:
Աշխատող անչափահասների զգալի մեծամասնությունն աշխատանքի է անցնում սոցիալական պատճառներով: Նրանք աշխատում են, քանի որ ընտանիքում այլ աշխատուժ չկա, կամ ընտանիքը բավարար եկամուտներ չունի իր նվազագույն կարիքների բավարարման համար: Երեխաների մի մասին էլ աշխատանքի են ուղարկում «մարդ դարձնելու» նպատակով: Կան նաեւ երեխաներ, ովքեր աշխատում են, որովհետեւ չեն ցանկանում ուրիշից փող վերցնել, ուզում են իրենց հաճույքների համար սեփական գրպանից վճարել: «Աշխատող երեխաներն ավելի հասուն են, նրանք պատրաստ են ինքնուրույն կյանքի, կարող են կրել ընտանիքի հոգսը, բայց, միեւնույն ժամանակ, նրանց սոցիալական հեռանկարն է շատ աղոտ, քանի որ երեխաները ցածր տարիքից սեւագործ բանվոր լինելով` հնարավորություն չունեն իսկական մասնագիտություն ձեռք բերելու եւ մեծ գումարներ վաստակելու»,- ասում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:
Հետազոտողները պարզել են, որ անչափահաս աշխատողների մեծ մասը տղաներ են: Ընդ որում` երեխաների մեջ եւ՛ աղջիկների, եւ՛ տղաների պարագայում մեծ են տնային տնտեսություններում աշխատողները: Երեխաները հիմնականում աշխատում են այգիներում ու դաշտերում, զբաղվում են շինարարությամբ, փողոցային առեւտրով, կենցաղային գործերով: Աշխատող անչափահասների ընտանիքների մոտ կեսը պետական կամ ոչ պետական որեւէ աջակցություն չի ստանում: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյան ասում է. «Հաճախ մարդիկ թաքցնում են իրենց եկամուտները կամ չեն ուզում իրենց աղքատ ճանաչել, դրա համար էլ սոցիալական նպաստները, որ այսօր նշանակվում են, ավելի լայն կարիքավորների շերտ կարող էր ընդգրկել, եթե ռեալ պատկերով առաջնորդվեինք»:
Միրա Անտոնյանը սոցիալական աջակցության ծրագրերում մարդկանց չընդգրկվելու պատճառը պայմանավորում է նրանց իրազեկության պակասով, համակարգի կոռումպացվածությամբ եւ նրա նկատմամբ անվստահությամբ, ստացած գումարի սիմվոլիկությամբ, փաստաթղթերի հետ կապված խնդիրներով: «Իրականում համակարգը դժվարամատչելի ու անհուսալի է»,- ասում է Մ. Անտոնյանը:
Երեխաների ճնշող մեծամասնությունը աշխատում է գործատուի հետ բանավոր պայմանավորվածությամբ, ընդ որում` մեծաթիվ են առավոտից մինչեւ երեկո աշխատող երեխաները, չնայած աշխատանքային օրենսգիրքը երեխաների համար սահմանել է շաբաթական 24 աշխատաժամ: Գործատուների զգալի հատվածն իր վրա պատասխանատվություն չի վերցնում աշխատող երեխայի մոտ առողջական խնդիրների առաջացման կամ վնասվածքների դեպքում: Ուսումնասիրության հեղինակներն ահազանգում են նաեւ, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ կամավորական աշխատանքը պարտադրանք չի համարվում, բայց ցույց չի տալիս կամավորի եւ հարկադրականի սահմանը` կամայական մեկնաբանությունների հնարավորություն ստեղծելով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանն այլ մոտեցում ունի հարցին. «Հայաստանն իր օրենսդրությամբ բավականին լավ վիճակում է գտնվում, կան օրենքներ, որոնք կարգավորում են երեխաների ներգրավվածությունը աշխատանքների մեջ, բայց վերահսկողության մեխանիզմներ գոյություն չունեն»:
Ըստ երեխաների զբաղվածության բաշխվածության` առավել թվով երեխաներ աշխատում են Շիրակի մարզում: Այնտեղ աշխատող երեխաների թիվը 5 անգամ ավելի է, քան Երեւանում: «Հայաստանում աշակերտների դպրոցից բացակայությամբ պայմանավորված դպրոցական ռեսուրսների կորուստների վերաբերյալ» ուսումնասիրության ղեկավար Հայան Հուայի խոսքերով` մարզերում առավել հաճախ երեխաները աշխատում են, որպեսզի կարողանան դպրոցական պարագաներ ձեռք բերել, հակառակ դեպքում նրանց մոտ սոցիալական ներկայացուցչության բարդույթներ են առաջանում եւ նախընտրում են ընդհանրապես հրաժարվել ուսումից:
Սա կանխելու համար հետազոտական խումբը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն առաջարկել է պետության կողմից աջակցության փաթեթներ տրամադրել ծնողներին, ովքեր ի վիճակի չեն վճարել ուսման ծախսերը, իսկ որպեսզի գումարները անտեղի չշորթվեն, այդ աջակցությունը կարող է ոչ թե դրամական, այլ գրքի կամ հագուստի ձեւով լինել:
Անչափահաս աշխատողների 93%-ի համար աշխատանքը մշտական զբաղմունք է: Այսինքն` կարելի է փաստել, որ նրանց մեծամասնությունը կամ ուղղակիորեն դպրոց չի գնում, կամ հաճախ բացակայություններ է ունենում:
Սակայն ուսումնասիրությունները, որոնք կատարվել են պատահականության սկզբունքով ընտրված 151 դպրոցների 2265 դասարաններում` ըստ 3 տարվա ընթացքում գրանցված ցուցանիշների, փաստում են, որ աշխատանքը եւ սոցիալ-տնտեսական խնդիրները դասերից բացակայելու միակ պատճառները չեն: Դրանց թվում առաջնային տեղ են գրավում նաեւ երեխաների կրթությունը չկարեւորելու, առողջական խնդիրները, իսկ բարձր դասարաններում` աշակերտների մասնավոր պարապմունքները: Բացակայությունների բացասական ազդեցության մասին այսպիսի մոտեցում ունի ԱՄՆ-ի Տնտեսական հետազոտությունների ծառայությունը. «Բացակայությունների բացասական ազդեցությունը տարածվում է թե՛ աշակերտների վրա, որոնց ուսումնառությունը մեկընդմիշտ տուժում է, թե՛ ուսուցիչների վրա, որոնց դասավանդումը հաճախ խզվում է, թե՛ տնօրենների վրա, ովքեր պարտավոր են պատասխան տալ դատարկ նստարանների համար, թե՛ վարչական աշխատողների, ովքեր հաճախումների հիման վրա պետք է պետական ֆինանսավորում նախատեսեն»:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
www.hetq.am