«Նախագահ Սարգսյանն ամեն օր խոսում է մանր ու միջին բիզնեսը զարգացնելու մասին: Հիմա մենք այդ ճյուղի ներկայացուցիչներն ենք, բայց մեզ շպրտում են դուրս, ու այդ հսկայական տարածքը տալիս մեկ մարդու, որ հա՛մ մեջը փող աշխատեն, հա՛մ էլ մենակ էդ օլիգարխը հարստանա: Երեւի մենք էլ հետո նրա մոտ պիտի ճորտի պես աշխատենք: Բայց ինչո՞ւ, ես չեմ ուզում իմ սեփականությունը տամ իրենց»,- ասում է Նիկոլայ Մելիքյանը: Նիկոլայը մեկն է այն 28 գործարարներից, ովքեր Բուսաբանական այգու հարեւանությամբ` Աճառյան պողոտային եւ Ծարավ Աղբյուր փողոցին հարող տարածքում, ունեն սեփականաշնորհված տարածքներ: Այս հատվածում տեղակայված են շինանյութերի եւ ավտոսարքավորումների խանութներ, մեքենաների սպասարկման զանազան կետեր, բայց դրանց գոյությունն այլեւս վտանգի տակ է:
2005թ. ապրիլի 21-ին կառավարությունը որոշել է հիշյալ տարածքը` 9400 քմ ընդհանուր մակերեսով, առանձնացնել պետության կարիքների համար` կառուցապատման նպատակով: Քաղաքապետին հանձնարարվել է կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2005-2009 թթ. ընթացքում: Ի կատարումն սրա` 2006 թ. հուլիսին քաղաքապետ Երվանդ Զախարյանն ընդունել է 1119-Ա որոշումը եւ կառուցապատման ծրագրերի իրականացման ապահովումը հանձնարարել «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակին» (ԾԻԳ):
«Ես ուզում էի պայմանագիր կնքել եւ բիզնեսումս գործընկեր ներգրավել: Գնացի կադաստր համապատասխան թուղթը վերցնելու, չտվեցին: Իմացա, որ տարածքի վրա կալանք է դրված»,- պատմում է Նիկոլայ Մելիքյանը: Իր բախտակից գործարարների հետ նա սկսել է դիմումներ հղել պատկան մարմիններին: Քաղաքապետարանից եւ ԾԻԳ-ից տրվել են նույնաբովանդակ պատասխաններ` «Կառավարության եւ քաղաքապետի որոշումներով տարածքը վերցվել է պետության կարիքների համար: Սակայն քանի դեռ կառավարության կողմից տարածքը չի ճանաչվել բացառիկ գերակա հանրային շահ, հարցին հնարավոր չէ անդրադառնալ»:
Արդեն 2007 թ. մարտի 1-ին կառավարությունը մեկ այլ` 347-Ն որոշմամբ հիշյալ տարածքը ճանաչել է բացառիկ գերակա հանրային շահ: Սեփականության օտարման վերջնաժամկետ է սահմանվել 2009 թ. հունվարի 1-ը, իսկ քաղաքապետին լիազորվել է անցկացնել հասարակության եւ պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություններ` մրցույթներ: «Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ կառավարությունը սկսեց իրագործել այսպես կոչված «պետական կարիքների անհրաժեշտության գաղափարը», օմբուդսմենի բողոքարկմամբ Սահմանադրական դատարանը (ՍԴ) կառավարության համապատասխան որոշումները ճանաչեց հակասահմանադրական: Այսինքն` կառավարության 700 եւ ի հետեւանք քաղաքապետի ընդունած 1119 որոշումներն ուժ չունեն: Ավելին` քաղաքապետի որոշումն ընդունվել է ՍԴ-ի որոշումից հետո»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը եւ շեշտում, թե մեխանիկորեն ուժը կորցրել է նաեւ կառավարության 347-Ն` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը: Աճառյան-Ծարավ Աղբյուր տարածքի գործարարներից Հարություն Վարդանյանն ունի «գերակա շահ» ասվածի իր բանաձեւը` «Ով որ իշխանության մեջ է եւ մի քանի միլիոն դոլար է թալանել, այսօր կարող է այդ գումարներն օրինականացնել նման տեղերում, եւ օրենքն իր կողմն է: Իսկ ով որ ամբողջ կյանքը չարչարվելով աշխատել է, իրենց պես ուրիշի քրտինքը չի կերել, այսօր ինքն իր ստեղծածն էլ ունենալու իրավունք չունի»: «Անընդհատ բողոքներ ենք գրել, նույնիսկ նախագահի նստավայրի մոտ անօգուտ միտինգ ենք արել: Մեր դիմումները բոլոր տեղերից մակագրում են քաղաքապետարան, այստեղից` ԾԻԳ, ու միշտ նույն պատասխանը ամսաթիվը փոխած ուղարկում են մեզ»,- ասում է Ն. Մելիքյանը:
Այս տարվա մարտին ԾԻԳ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ի պատասխան գործարարների հերթական հարցման, տեղեկացրել է, որ «Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցներին հարող տարածքը ձեռք է բերել «Քառանիշ» ՍՊԸ-ն, որն էլ պատվիրելու է այդ հատվածում գտնվող անշարժ գույքերի գնահատման աշխատանքները»: «Հանդիպեցինք քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանին: Ասում է` ինչ-որ թերթում եւ ինտերնետում հայտարարություն է տրվել մրցույթ անցկացնելու մասին, ու «Քառանիշը» հաղթել է: Հարցնում եմ` ի՞նչ է, պետք է ամեն օր մտնեինք ինտերնետ, որ նայեինք` հո մեր սեփականությունը չեք վաճառո՞ւմ: Ասում է` այո, պարտավոր էիք իմանալ,- հիշում է Ն. Մելիքյանը եւ զարմանում,- ախր, ո՞նց, էդ իրենք էին պարտավոր պատշաճ ձեւով մեզ տեղյակ պահել, մեր ունեցվածքն են վաճառում, չէ՞»:
Կոնկրետ որտե՞ղ է հրապարակվել մրցույթի մասին տեղեկությունը, ե՞րբ է անցկացվել այն, ովքե՞ր են մրցակցել, եւ ինչո՞ւ է նախապատվությունը տրվել հատկապես «Քառանիշ» ՍՊԸ-ին: Այս հարցերի պատասխանը ոչ մի կերպ չենք կարողանում ստանալ: ԾԻԳ-ի տնօրենը նշում է, թե լիազոր մարմինը քաղաքապետարանն է, այստեղից էլ մոտ երկու շաբաթ է` մեր գրավոր հարցմանը չեն արձագանքում: «Քաղաքապետի 1119-Ա որոշման մեջ պետք է անպայման նշված լինի, թե ո՞վ է մասնակցել մրցույթին, եւ ինչպե՞ս է հաղթել «Քառանիշը»: Ցավոք, ես չկարողացա ձեռք բերել այդ որոշումը»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը: «Հետքն» իր ձեռքի տակ ունի այդ որոշումը, բայց դրանում վերոհիշյալի մասին ոչ մի բառ չկա, ինչը զարմացնում է անգամ «Քառանիշ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Գեւորգյանին. «Ո՞նց, քաղաքապետի որոշումը կարդացել եք ու գրված չի՞, որ էսինչ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչել սրան` որպես էս հողամասի իրացնող: Ուրեմն, ճիշտ չեք ասում, որ որոշումը կարդացել եք… Եթե որոշումը վերցնեք, մեջը գրված ա, մի հատ լավ, ուշադիր կարդացեք»,- վստահեցնում է նա: Վերջինս նույնպես մեր հարցերի պատասխանը չուներ: «Առանց փաստաթղթերը ձեռքիս տակ ունենալու` չեմ կարող ասել, թե ինչի հիման վրա ենք հաղթել, երբ է եղել մրցույթը, կամ ովքեր են մասնակցել,- ասում է Սուրեն Գեւորգյանը եւ նշում, որ այդ տվյալներին տիրապետում են ՍՊԸ-ի հիմնադիրները:- Չեմ կարող ասել` հիմնադիրներն ովքեր են, որովհետեւ ես էլ չգիտեմ: Ես ընդամենը գործադիր տնօրենն եմ, որը գործառույթներն է իրագործում, որ ՍՊԸ-ն գոյատեւի: Ինձ աշխատավարձ են վճարում, որ ես աշխատեմ»: «Քառանիշի» տնօրենը չգիտի նաեւ, թե երբ է հիմնադրվել ՍՊԸ-ն եւ ինչով է զբաղվում. «Որովհետեւ ես երբ որ եկել եմ գործի, էս ՍՊԸ-ն եղել ա»:
Իրականում, ըստ պետռեգիստրի տվյալների` 2003 թ. հիմնադրված «Քառանիշ» ՍՊԸ-ի միակ հիմնադիրը հենց ինքն է` Սուրեն Գեւորգյանը: Հնարավոր է նաեւ, որ վերջինս իսկապես չգիտի, որ իր անունով ՍՊԸ է գրանցվել: Նա թաքցնում է, որ քաղաքապետարանի աշխատող է. «Ես քաղաքապետարանի հետ ոչ մի կապ չունեմ, միայն այնքանով, որ Երեւանի բնակիչ եմ»,- հավաստիացնում է քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՊՓԲԸ-ի գլխավոր ինժեները:
«Իրացման ժամկետը մինչեւ հունվարի 1-ն է: Եթե «Քառանիշը» դրա մեջ չտեղավորվի, կա՛մ երկարաձգելու խնդրանքով պետք է դիմի կառավարությանը, կա՛մ էլ չեղյալ է համարվում գերակա շահի ճանաչումը»,- ասում է ԾԻԳ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Նրա փոխանցմամբ` «տարածքում կառուցվելու են հասարակական կարգի շինություններ, ըստ երեւույթին` առեւտրի կենտրոն»: «Դա՞ է պետության կարիքը, ուրիշ բան` զինծրագիր լիներ կամ գազի խողովակ անցկացնեին, առանց փոխհատուցման էլ կտայինք: Բայց առեւտրի կենտրոն մենք էլ կարող ենք կառուցել: Թող ցանկացած նախագիծ տան, ժամկետները նշեն, եթե չկառուցեցինք, էն ժամանակ կվերցնեն,- ասում է գործարար Հ. Վարդանյանը: – Էդ տարածքի գինը էս երկու տարում մի քանի անգամ բարձրացել է, ու եթե իրենք, իրոք, ծրագրեր պետք է իրականացնեն, փոխհատուցման հարցը ժամանակին կլուծեին: Բայց դրանք փող տալու մտադրություն չունեն, հարմար պահի են սպասում, որ տրակտորներով բոլորիս քշեն, ոնց որ մեր երկրում ընդունված է: Բայց մեկ է, իրենց նման քանիսն էլ լինեն, էդ տարածքը չեն տեսնելու»:
Գործարարները նշում են, որ քաղաքապետարանում այս հարցի թիկունքում կանգնած է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը: Վերջինս ժամանակին ԾԻԳ-ի տնօրենն էր եւ բարեհաջող իրականացրեց Հյուսիսային պողոտայից բնակիչների վտարումը: Հիմա նրա պաշտոնը բարձրացրել են, եւ «օտարումը» կրկին հանձնարարվել է նրան:
Արարատ ԴԱՎԹՅԱՆ
www.hetq.am