Գաղտնիք չէ, որ որոշակի ժամանակահատվածից սկսած՝ հայաստանյան հասարակության մի հատվածը, եւ առաջին հերթին՝ նրա, այսպես կոչված, «էլիտան», իր համար անսպասելի մի բացահայտում արեց. պարզվեց, որ մեր հավերժ ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Եվ եթե ՌԴ ղեկավարության՝ հայաստանյան անցած նախագահական ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո հայտնի զարգացումների հանդեպ որդեգրած որոշակի չեզոք կեցվածքի վերաբերյալ խոսակցությունները պաշտոնական քարոզչամեքենան հակված էր բացատրել «ցանկալին որպես իրականություն ներկայացնելու» ընդդիմության ձգտմամբ, ապա ԼՂ հարցի կարգավորման շուրջ ՌԴ-ի հնչեցրած պաշտոնական տեսակետներն ու դրա հետեւանքով առաջացած «թյուրըմբռնումներն» արդեն դժվար է բացատրել զուտ որոշ «չուզողների» «հիվանդագին երեւակայությամբ»:
Վերջին շրջանում հայաստանյան վերլուծական միտքը հայ-ռուսական հարաբերություններում առկա նոր միտումների շուրջ բազմաթիվ վարկածներ եւ բացատրություններ է սկսել ներկայացնել` սկսած աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումներով, վերջացրած` տնտեսական շահերով: Բայցեւ այդ նույն շահագրգիռ շրջանակները զարմանալիորեն չնկատելու են տալիս հենց բուն Ռուսաստանում եւ նրա իշխանական վերնախավում նշմարվող լուրջ փոփոխություններն ու միտումները: Մինչդեռ, եթե հայաստանյան քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտների ազդեցիկ շրջանակներն այսօր «գլուխ չհանեն» «ռազմավարական դաշնակցի» մոտ տեղի ունեցող գործընթացների իրական բնույթից եւ ամենակարեւորը` դրանց միտումներից, ապա հետագայում ՌԴ արդյունավետ վարած արտաքին քաղաքականությունն էլ ավելի անկանխատեսելի է լինելու հայաստանյան էլիտաների համար, իսկ տհաճ անակնկալները սովորական երեւույթ են դառնալու: Եվ առաջին հերթին` ՀՀ-ում վերջապես պետք է «նկատեն», որ ՌԴ-ում, այնուամենայնիվ, իսկապես իշխանափոխություն է տեղի ունենումգ
Այն պահից, երբ իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտից հետո Վլադիմիր Պուտինը համաձայնություն տվեց Դմիտրի Մեդվեդեւի նախագահության օրոք ստանձնել ՌԴ վարչապետի պաշտոնը, բոլորին սկսեց հետաքրքրել այն հարցը, թե արդյոք կկարողանա՞ն այս երկու առաջնորդները «խաղաղ» գոյատեւել ու արդյունավետ համագործակցել: Ե՛վ Պուտինը, եւ՛ Մեդվեդեւը բազմիցս ասել ու շարունակում են պնդել, որ որեւիցե խնդիր իրենց միջեւ չի առաջանում, որ նրանց ընկերությունն արդեն մոտ 15 տարի է տեւում, իսկ նրանցից յուրաքանչյուրի գործառույթները հստակ ամրագրված են ՌԴ սահմանադրությամբ: Թերեւս առաջնորդվելով «կեղտոտ սպիտակեղենը տնից դուրս չհանելու» հայտնի սկզբունքով՝ երկուսն էլ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական հարցերի շուրջ ցուցադրաբար առաջին հայացքից միանման տեսակետներ են արտահայտում: Սակայն Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնավարման առաջին ամիսների ընթացքում արդեն ռուսաստանյան էքսպերտային հանրության շրջանակներում սկսեցին խոսել նախագահի եւ վարչապետի միջեւ գոյացող հակասությունների մասին: Ըստ այդ դիտարկումների` ՌԴ նորընտիր նախագահը կարողացավ իր առաջին «ապարատային» հաղթանակները տանել: Նախեւառաջ նրան հաջողվեց գրեթե բացարձակապես իր մարդկանցով ձեւավորել սեփական աշխատակազմը` Վ. Պուտինի աշխատակազմի «ուժային բլոկի» գրեթե բոլոր առանցքային գործիչներին «գործուղելով» կառավարություն: Եվ ամենակարեւորը. ի զարմանս շատերի` Դ. Մեդվեդեւը կարողացավ լուրջ փոփոխություններ անել նաեւ որոշ առանցքային ուժային կառույցներում. մասնավորապես ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի եւ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններում հայտնվեցին նոր մարդիկ: Վերլուծաբանների մի մասը կանխատեսեց, որ պուտինյան ժամանակաշրջանի` հատուկ ծառայությունների գերիշխման փուլն ու աշխատաոճն աստիճանաբար ավարտվելու է, փոխարենը դոմինանտ դեր են կատարելու ռազմաքաղաքական շրջանակները: Այս նոր իրողություններն առավել ակնհայտորեն դրսեւորվեցին հնգօրյա Ռուս-վրացական պատերազմի ընթացքում, երբ ի տարբերություն պուտինյան ժամանակաշրջանի` Ռուսաստանը չսահմանափակվեց զուտ Հատուկ ծառայությունների ուժերով ու մեթոդներով կազմակերպվող եւ իրականացվող օպերացիաներով, այլ լայնածավալ ռազմական գործողությունների դիմեց: Ընդ որում, այդ ռազմական «բլից-կրիգի» արդյունքները նաեւ քաղաքական արտացոլում ստացան` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման տեսքով: Հնգօրյա այս պատերազմի օրերին եւ՛ համաշխարհային հանրությունը, եւ՛ գուցե առաջին հերթին հենց ՌԴ հանրությունը, թերեւս առաջին անգամ, Դ. Մեդվեդեւին ընկալեցին որպես երկրի իրական նախագահ, որը վճռական պահերին ունակ է ոչ միայն կոշտ, ընդհուպ մինչեւ ռազմական գործողություն սկսելու որոշումներ ընդունել, այլեւ Պուտինից ոչ պակաս սուր եւ «կոլորիտային» քաղաքական գնահատականներ հնչեցնել: Այդ պահից ակնհայտ դարձավ, որ ՌԴ-ում այնուամենայնիվ նոր ժամանակաշրջան է սկսվում, եւ Դ. Մեդվեդեւն ամենեւին մտադիր չէ սահմանափակվել Վ. Պուտինի «տեղապահի» դերակատարմամբ: Շատերի վրա մեծ տպավորություն թողեց այն, թե ինչպիսի արագությամբ եւ սահուն կերպով ՌԴ նոր նախագահն ընտելացավ եւ նույնիսկ «ինտեգրվեց» աշխարհի առաջնորդների խայտաբղետ «ընտանիքին»: Դա առավել ցայտուն երեւաց կովկասյան ճգնաժամի ընթացքում Դ. Մեդվեդեւի` տարբեր երկրների ղեկավարների հետ շփումների եւ բանակցությունների ժամանակ: Եթե սկզբում նրանք Դ. Մեդվեդեւին վերաբերվում էին զուտ որպես Վ. Պուտինի «ժամանակավոր հետնորդի», ապա այսօր այդ նույն առաջնորդները նրան ընկալում են որպես ինքնուրույն եւ քաղաքական ուժեղ «ֆիգուր»: Ինչպես ժամանակին չեչենական պատերազմը Պուտինի համար, այնպես էլ «հնգօրյա պատերազմը» Մեդվեդեւի համար դարձան նրանց աստեղային պահերը, որոնք թույլ տվեցին նրանց որպես առաջնորդներ ինքնահաստատվել քաղաքական օլիմպոսում: Ի դեպ, արդեն նկատելի է Դ. Մեդվեդեւի եւ Վ. Պուտինի թիմերի միջեւ սկսված մրցակցությունը նաեւ քարոզչական դաշտում: ՌԴ առաջատար եւ ազդեցիկ լրատվական միջոցները փորձում են երկու առաջնորդների PR-ն առնվազն հավասարաչափ իրականացնել:
Դ. Մեդվեդեւի եւ Վ. Պուտինի միջեւ տարաձայնություններն առավել տեսանելի արտահայտվեցին բիզնեսի հանդեպ մոտեցումներում: Նրանց միջեւ գրեթե բացահայտ բանավեճ ծավալվեց ՌԴ մետալուրգիական հսկաներից մեկի` «Մեչել» ընկերության շուրջ տեղի ունեցած սկանդալի կապակցությամբ: Վարչապետն այդ ընկերության հասցեին սուր քննադատությամբ հանդես եկավ, որից հետո այդ ընկերության բաժնետոմսերի գները, բնականաբար, սրընթաց անկում ապրեցին: Բայց դրան հետեւեց Դ. Մեդվեդեւի ելույթը, որն ուղղակիորեն կոչ արեց պետական պաշտոնյաներին՝ «դադարեցնել բիզնեսին սարսափեցնելու պրակտիկան»: Եվ չնայած Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցներն անմիջապես փորձեցին համոզել, որ Մեդվեդեւի ակնարկը Վ. Պուտինին չէր վերաբերում, այդուհանդերձ շատերը համոզված մնացին, որ տեղի ունեցածը Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ լուրջ հակասությունների առաջին արտահայտումներից մեկն էր:
Բավական նուրբ կեցվածք որդեգրեց Դ. Մեդվեդեւը ՌԴ-ում ֆինանսական համընդհանուր ճգնաժամի հետեւանքներին դիմակայելու գործընթացներում: Սկզբում ՌԴ նախագահն ամեն ինչ արեց, որպեսզի սոցիալ-տնտեսական «աղետի գոտուց» հեռու մնա` կարծես հասկացնելով վարչապետ Պուտինին, որ նաեւ նրա մեղքը կա այս ամենում: Մասնավորապես՝ որ այդպես էլ Պուտինին չէր հաջողվել իր նախագահության տարիներին վերացնել ՌԴ տնտեսության բացարձակ կախվածությունը նավթագազային եւ հանքարդյունաբերական համաշխարհային շուկայի կոնյունկտուրայից, երկրի ֆինանսական համակարգի խոցելիությունն ու բացարձակ կախվածությունը դրսի կապիտալից եւ, իհարկե, աղետալի մասշտաբների հասած կոռուպցիան: ՌԴ նոր նախագահը կարծես հասկացնում էր, որ «ով այս ամենում մեղավոր է, նա էլ թող պատասխան տա»: Եվ միայն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ՌԴ-ն վտանգավոր տեմպերով էլ ավելի է «խրվում» ֆինանսական ճգնաժամի մեջ, Դ. Մեդվեդեւը որոշեց սեփական հակաճգնաժամային նախաձեռնություններով հանդես գալ: Այս առումով հետաքրքիր է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետայի» այն հրապարակումը, թե Վ. Պուտինը մոտ օրերս «Եդինայա Ռոսիայի» ղեկավար դառնալու պատճառաբանությամբ կհեռանա վարչապետի պաշտոնից, քանի որ այսօրվա տնտեսական բարդ իրավիճակը զգալիորեն նվազեցրել է վարչապետի վարկանիշը, ինչը կարող է վտանգել ինչպես անձամբ Վ. Պուտինի, այնպես էլ նրա կուսակցության քաղաքական ապագան:
ՌԴ նախագահի եւ վարչապետի միջեւ առկա հակասությունների մասին խոսակցություններն առավել ակտիվացան օրերս` Դ. Մեդվեդեւի` ՌԴ խորհրդարանին հղած ուղերձը հրապարակելուց հետո: Ուղերձում ՌԴ նախագահը խոսեց երկրի քաղաքական համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին. պարզվեց, որ Մեդվեդեւը ցանկանում է մինչեւ 6 տարի երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետը, հինգ տարի դարձնել Դաշնային ժողովի պատգամավորների լիազորության ժամկետները, փոփոխել ռուսաստանյան խորհրդարանի Վերին պալատի ձեւավորման սկզբունքները (արմատապես բարձրացնելով այս գործում տեղական օրենսդիր մարմինների դերակատարումը), ինչպես նաեւ գործադիր իշխանությունը հաշվետու դարձնել օրենսդիր իշխանությանը: Քաղաքագետների կարծիքով՝ այդ առաջարկը պետք է որ մտահոգի Վ. Պուտինին: ՌԴ Կոմունիստական կուսակցության ֆրակցիայի անդամ Վիկտոր Իլյուխինի կարծիքով` սա առաջին դեպքն է, երբ Դ. Մեդվեդեւի եւ Պուտինի միջեւ բացահայտ հակասություններ են ի հայտ գալիս, եւ նկատելի է, որ Մեդվեդեւին դուր չի գալիս «Եդինայա Ռոսիայի» իշխող դերակատարումը երկրի քաղաքական համակարգում: Մեդվեդեւը, փաստորեն, առանց կուսակցության է մնացել, եւ հասկանալի է, որ նա այժմ իր համար հենարան է փնտրում: Իր այս ուղերձով Մեդվեդեւը հանրությանը հասկացնում է, որ մտադիր չէ 1-2 տարի հետո նախագահի պաշտոնը վերադարձնել Պուտինին: Ըստ Վ. Իլյուխինի` «Դ. Մեդվեդեւի նման կեցվածքը անկասկած «կպչում է» Վ. Պուտինի ինքնասիրությանը: Պետք է տեսնեիք Վ. Պուտինի դեմքի արտահայտությունը, երբ Դ. Մեդվեդեւն իր ելույթում բացահայտում էր իր որոշ մտադրությունները»: Այսպիսով` Դ. Մեդվեդեւն իր համար որոշ չափով սկսեց հենարաններ ստեղծել ինչպես Դաշնային ժողովում, այնպես էլ ռեգիոնալ էլիտաների, գեներալիտետի եւ ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների շրջանակում: Վերջին երկուսին խոստացվեցին միլիարդավոր ներդրումներ եւ պետպատվերներ, ինչպես նաեւ՝ բանակի սպառազինության տեսականու զգալի թարմացում:
Միգուցե ՌԴ քաղաքական վերնախավում տեղի ունեցող այս փոփոխություններով եւ որդեգրվող աշխարհաքաղաքական նոր ռազմավարությամբ է նաեւ պայմանավորվում վերջին ամիսների հայ-ռուսական հարաբերություններում նկատվող որոշ լարվածությունը: Այս իմաստով չպետք է մոռանալ նաեւ Վ. Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի սերտ հարաբերությունների մասին: Մեդվեդեւի` ՀՀ կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած ճաշին մասնակցում էր նաեւ Ռ. Քոչարյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրա մասնակցության պահանջը դրվել է հենց Պուտինի կողմից: Այս նոր իրողությունները կարեւոր է ըմբռնել, քանի որ ՀՀ-ում ներքաղաքական զարգացումներն ավանդաբար կախված են լինում ՌԴ իշխանական վերնախավում ձեւավորված քաղաքական եւ ֆինանսատնտեսական կոնֆիգուրացիաներից եւ կոնկրետ անձերից: